Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց, որ դերասան, հաղորդավար, իշխանության քարոզիչ Գնել Սարգսյանը առաջիկայում նշանակվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։
Oragir.News-ը զրուցեց Գնել Սարգսյանի հետ։
-Պարոն Սարգսյան ճի՞շտ է, որ Դուք առաջիկայում ստանձնելու եք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը։-Գիտեք,կարծում եմ՝ հիմարները նրա համար են,որ քարեր նետեն փոսը ու իրենց մեջ, ամենամեծ ձեռքբերումներ գրանցածներն այն մարդիկ են, ով ավելի մեծ քար է կարողացել նետել... էստեղ իսկապես կա մրցակցություն... Հարցին ուղիղ պատասխանը՝ ոչ... Այնուամենայնիվ կցանկանայի տեսնել նման լուրեր տարածողներին հավատացող «մարդկանց» դեմքերի զարմանքը, եթե իհարկե դեռ չեն բթացել նրանց զգայարաններն ու դեռ ներքին պահանջարկ ունեն ճիշտը լսել...
-Պարոն Սարգսյան, քանի որ ներկա իշխանականների հետ բավականին ջերմ հարաբերությունների մեջ եք, որևէ պաշտոնի առաջարկ ստացե՞լ եք, թե՞ ոչ։-Ես «ներկա իշխանական» բառակապակցությունը կփոխարինեի «ներկա իշխանությունով» և միայն այդ դեպքում կպատասխանեի... Ներկա իշխանությունը ես եմ ու իմ ժողովուրդը, բնական է, որ ես իմ ժողովրդի հետ պետք է ջերմ հարաբերությունների մեջ լինեմ, նամանավանդ, որ նրա մի մասնիկն եմ, իսկ իմ ժողովուրդը, այո՛, ինձ բազմիցս նման առաջարկներ արել է, թե՛ անձնական հանդիպումներում , թե՛ ընդհանուր...
Ասեմ ավելին՝ ես ավագանու թեկնածու եմ ու կոնկրետ Երևանի ընտրություններում ինձ (իմ քաղաքական թիմին այդ իսկ պատճառով) նույնպես քվե են տվել, և ես, այս առիթից օգտվելով, շնորհակալությունս եմ հայտնում իրենց...
-Եթե Ձեզ պաշտոն չեն առաջարկում, ապա ինչո՞ւ, մի՞թե Դուք միայն որպես պրոպոգանդիստ եք պետք իշխանությանը։ -Հիմա ինչ վերաբերում է «պրոպագանդիստ» լինել-չլինելուն. էստեղ մի քանի ենթակետերով պետք է պատասխանեմ։ Նախ ես չեմ կարծում, որ ժողովրդավար երկրներին հատուկ պրոպագանդիստներ են պետք լինում, նման երկրներում ամեն բան հնարավորինս թափանցիկ է, ու հանրությունն ինքն է գնահատական տվողը,երկրորդ՝ ցանկացած այլ կուսակցությունում չեք գտնի որևիցէ մեկին, ով, լինելով թիմի անդամ, նույնքան քննարկման ու քննադատության առարկա կդարձնի այս կամ հարցը, կբարձրաձայնի բացթողումներն ու խնդիրները, որոնք կարող է նկատել, երրորդ՝ ես գործում եմ բացարձակ իմ խղճի սահմաններում, իսկ ձեր ասած պրոպագանդիստները խիղճ չունեն, չորրորդ՝ ես ազատ մարդ եմ և իմ ազատությունը չի վաճառվում։ Իսկ նույն անձինք, ում դուք մեջբերում եք, երբեք ազատ չեն լինում... Այս ամենից ելնելով, թե ում, ինչով ու ինչի համար կարող եմ պետք լինել, խնդիր չեմ տեսնում, թող օգտվեն իմ այն ծառայությունից, որը որպես քաղաքացի ներկայացնում եմ, թե՛ եթերով, թե՛ անձնական հարթակներում։ Չեմ կարծում, թե իմ մեղավորությունն է,որ քաղաքացու արտահայտած մտահոգություններն ու պատկերացումները հաշվի է առնում միայն իշխանությունը, իսկ ընդդիմություն կոչվածը միայն փորձում է արդարանալ ու սեփական սխալների ուղղում անելու փոխարեն էլ ավելի խորացնել հանրության արհամարհանքն իր հանդեպ։
Անի Ներկարարյան