copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 21:08 17-10-2023

Չեմ կարող ինչ-որ մեկի անունը տալ, ես իրենց պես չեմ․ ով է «պլան գցել» Բրյուսովի պրոռեկտորի գրպանը

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցները թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով Երևանի Մինսկի փողոցից բերման են ենթարկել Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Սահակ Մանուկյանին ու բուհի դասախոս Հակոբ Մադոյանին։

Ըստ shamshyan.com-ի՝ նշված անձինք թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից ձերբակալվել եւ տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշված անձինք ոստիկանության Նոր Նորքի բաժնից ներկայացվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, բայց մի քանի ժամ հետո ազատ են արձակվել։

Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Սահակ Մանուկյանից Oragir.News-ը փորձեց պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

«Ընկերոջս հետ միասին մեքենայով «Ա» կետից գնում էինք «Բ» կետը, երբ իմ զգացողությունը մի փոքր վատացավ, խնդրեցի՝ կայանի, որ դուրս գամ, մաքուր օդ շնչեմ։ Այդ պահին մոտեցան պարեկները։ Ոչ էլ ուզեցի խառնվել․ ընկերս վարորդ էր, ամեն ինչ նորմալ էր։ Ինձ համար կանգնած սպասում էի, որ հիմա կնստենք, կգնանք։ Էն էլ սկսեցին, թե սա բացի, նա փակի։ Մեկ էլ, թե բա՝ էս ի՞նչ թմրանյութ եք օգտագործում։

Տեսա, որ ընկերոջս ձերբակալեցին, ես էլ իրավաբան եմ՝ ասի, թե այս ինչ եք անում։ Թե բա դու էլ արի, քեզ էլ ենք ձերբակալում։ Տարան, հարցին՝ ովքեր ենք, պատասխանեցի, որ կրթության, գիտության մարդիկ ենք, ինքը դասախոս է, ես էլ պրոռեկտոր եմ։

Ձերբակալեցին, ասացին, թե եկեք, ձեզ տանում ենք դեպքի վայր, հարցնում եմ՝ ինչի համար, թե բա եկեք, կիմանաք։ Խուզարկություն արեցին և ո՛չ իմ, ո՛չ ընկերոջ մոտ ոչինչ չգտան։ Իրեղեն ապացույցը, որը պետք է հիմնավորի իմ արարքի մեղսակցությունը, պետք է ինձ հետ տանեն, եթե չեն տարել, կներեք, ես չգիտեմ, թե դա ումն է։ Գիտեմ, որ իմը չէ, բայց, թե ումն է՝ չգիտեմ»,-մանրամասնեց Սահակ Մանուկյանը։

Ճշտող հարցին՝ գործ հարուցվե՞լ է, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Չգիտեմ՝ գործ հարուցվե՞լ է, թե՝ ոչ։ Իմ կարծիքով՝ հարուցել են, որ հաղորդագրություններ տարածեցին, բայց այդ ամբողջը ոտքից գլուխ սուտ է»։

Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է սա կապ ունի իր քաղաքացիական դիրքորոշման հետ, Սահակ Մանուկյանը պատասխանեց․ «Ես Ձեզ պատմեցի եղելությունը, եզրակացությունը թողնում եմ Ձեզ։ Ամեն անգամ, երբ նկատում եմ ինչ-որ խախտում, առաջինն ասում եմ իմ անմիջական ղեկավարին։ Խոսքը իրավական առումով կոպիտ սխալների մասին է։ Առաջարկել եմ ուղղել, բայց ամեն անգամ մերժում եմ ստացել, դիմել եմ ավելի բարձր պաշտոնատար անձանց, որպեսզի կանխեմ հետագա ապօրինությունները»։

Հարցին, խնդիրները, որ նկատել է բուհում, ինչի հետ են կապված, պրոռեկտորը նշեց․ «Բուհի կառավարման հետ են կապված, որոնք բարձրաձայնում եմ, չեմ լռում»։

Սահակ Մանուկյանը հույս հայտնեց, որ չկա քաղաքական դրդապատճառ։

Նշենք, որ Սահակ Մանուկյանը պրոռեկտոր է նշանակվել Բրյուսովի համալսարանի նախկին ռեկտորի կողմից, և ոստիկանական ուժերի օգնությամբ բուհի ռեկտորի ժ․պ․ նշանակված Դավիթ Գյուրջինյանն արդեն ազատվել է մի պրոռեկտորից՝ Ցոլակ Ակոպյանից, և Oragir.News-ի տեղեկություններով՝ Ս․Մանուկյանին ասել է, որ չի պատրաստվում նրա հետ աշխատել։

Այս պատմության մյուս զավեշտալի դրվագն այն է, որ ըստ Oragir.News-ի տեղեկությունների՝ Դավիթ Գյուրջինյանը պատրաստվում է պրոռեկտոր նշանակել «պլանով» բռնված մյուս զոհի՝ Հակոբ Մադոյանի նախկին ընկերոջը։