Երևան +8°
copy image url
Արտաքին Ներքին 7 ամիս առաջ - 16:30 16-10-2023

ՌԴ-ն կարո՞ղ է զորք մտցնել Հայաստան․ մանիպուլյացիա՞, թե՞ իրական սպառնալիք

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում առկա են լարվածության միտումներ, որոնք փորձագետների մի մասը որակում են անգամ որպես թշնամանք, իսկ մյուսները կարծում են, որ դրանք Երևանի և Մոսկվայի միջև համաձայնեցված են ամենաբարձր մակարդակով, իսկ նպատակը՝ հանրության շրջանում լարվածության իմիտացիա ստեղծելն է։ Իսկապես Հայաստանի իշխանությունները երբեմն հանդես են գալիս նախաձեռնություններով՝ օրինակ Հռոմի ստատուտի վավերացումը և այլն, որոնք պաշտոնապես առաջացնում են Մոսկվայի դժգոհությունը, սակայն միևնույն ժամանակ ձեռնարկում են այնպիսի քայլեր, որոնք ոչ մի աղերս չունեն հակառուսական գծի հետ․ ավելին՝ դրանք ամբողջովին սպասարկում են ռուսական շահերը։

Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո Հայաստանում պրոիշխանական քաղաքական գործիչները, վերջիններիս կից փորձագիտական և լրատվական շրջանակները պարբերաբար պնդում էին, որ Ռուսաստանը տարբեր կերպ ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա, որպեսզի վերջինիս պարտադրի անդամակցել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։ Նրանք պնդում են, որ այս նպատակով ՌԴ-ի թույլտվությամբ և հրահրմամբ ադրբեջանական զինված ուժերը 2021-2022 թվականներին ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք, որոշակի տարածքներ օկուպացրեցին, որպեսզի հայ հասարակությունը համոզվի, որ ՀՀ-ն ի զորու չէ սեփական ուժերով ապահովել իր անվտանգությունը, իսկ այդ իրավիճակում միակ ելքը կամավոր կերպով միութենական պետությանն անդամակցելն է։

Չնայած 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում մեկնարկած ռազմական գործողությունների համատեքստում նմանատիպ քննարկումները որոշ չափով երկրորդ պլան մղվեցին, սակայն ժամանակ առ ժամանակ դրանք կրկին օրակարգ են բերվում՝ հանրության տրամադրությունները ստուգելու համար։

Երբեմն նմանատիպ քննարկումները քարոզչական դաշտ են նետվում ամենաբարձր մակարդակով․ նախորդ տարեվերջին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուսաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի շրջափակումն ու սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիան իրականացվել է, որպեսզի Հայաստանին պարտադրեն միջանցք տրամադրի Ադրբեջանին և կամավոր կերպով անդամակցի միութենական պետությանը։ Գրիգորյանի այս հայտարարությունները հերքեց անձամբ Նիկոլ Փաշինյանը, սակայն նման հայտարարությունների հնչեցումը վկայում է այն մասին, որ իշխանության կուլիսներում նման քննարկումներ, այնուամենայնիվ, ընթանում են։

Ներկայումս՝ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայից և Արցախի հայաթափումից հետո իշխանամերձ շրջանակներն իրենց կից լրատվամիջոցներով արդեն անոնսում են, որ Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական լայնամասշտաբ ագրեսիան իրականացնել։ Վերջիններս հայտնում են, որ հնարավոր ագրեսիայի ժամանակ, երբ Ադրբեջանին կհաջողվի որոշակի հաջողություններ արձանագրել, ռուսական կողմն, առանց Հայաստանի դիմումի, 1997 թվականին ստորագրված բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի շրջանակներում երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անվան տակ իր զորքերը կմտցնի Հայաստան, որի իրական նպատակը կլինի Հայաստանին միութենական պետության անդամ դարձնելը։

Նկատենք, որ նման քարոզչական թեզերը վերջին շրջանում բավականին ակտիվորեն են տարածվում՝ ընդ որում բավականին բարձր մակարդակով։ Դեռևս միայն Նիկոլ Փաշինյանն է խուսափում ուղիղ տեքստով այդ մասին հայտարարելուց, սակայն վերջինս էլ անուղղակի կերպով է այդ մասին խոսում. ՀՀ-ում անկախության պահպանման շարժում առաջնորդնելու մասին վերջինիս հայտարարությունը համապատասխանում է այս տրամաբանությանը։

Հատկանշական է, թե այս իրավիճակում ինչ է նախատեսում հայ-ռուսական 1997 թվականի պայմանագիրը, որը ստորագրվել է նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Բորիս Ելցինի միջև և ուժի մեջ մտել հաջորդ տարի՝ 1998 թվականին։ Փաստաթուղթն անդրադառնում էր անվտանգության, տնտեսության, մշակութային և այլ ոլորտներում երկու երկրների համագործակցությանը: Երկրորդ և երրորդ հոդվածներում անդրադարձ է կատարվում միմյանց տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցին: Նշվում է, որ կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի և Ռուսաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում:

Պայմանագիրը սահմանում է, որ կողմերը կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով։ Բացի այդ պայմանագրում նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերեն կողմերը:

Միևնույն ժամանակ պայմանագրի շրջանակներում կողմերը պարտավորվել են նաև համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` նրանց դեմ ցանկացած պետության ձեռնարկած ագրեսիայի գործողություններին հակազդելու համար և կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն՝ ներառյալ ռազմական:

Պայմանագրի 4-րդ հոդվածում արդեն՝ զինված ուժերի փոխգործակցության համատեքստում, նշվում է, որ կողմերից մեկի անվտանգության դեմ սպառնալիք առաջանալու կամ նրանցից որևէ մեկի վրա զինված հարձակման դեպքում կողմերը կառաջնորդվեն ռազմական օբյեկտների և կառույցների փոխադարձ օգտագործման սկզբունքով` ազգային զինված ուժերի համար սահմանված պայմաններով, ինչպես նաև պաշտպանական նշանակության օբյեկտների համատեղ շահագործման սկզբունքով:

Նշենք, որ փաստաթղթի տեքստում կողմերի՝ միմյանց դիմելու ընթացակարգի վերաբերյալ ոչինչ նշված չէ:

Այսպիսով չնայած պայմանագիրը չի սահմանում, որ առանց հայկական կողմի դիմումի Ռուսաստանը կարող է զորք մտցնել Հայաստան, այնուամենայնիվ պրոիշխանական շրջանակները հանրությանը փորձում են հրամցնել այդ թեզը՝ մի կողմից հակառուսական տրամադրություններ գեներացնելու, իսկ մյուս կողմից ընդդիմադիր քաղաքական ուժերի շուրջ համախմբում թույլ չտալու նպատակով։ Այստեղ ցանկանում ենք նաև ուշադրություն հրավիրել այն բանին, որ եթե հայ-ռուսական պայմանագիրը պարունակում է նման դրույթ, որը ՌԴ-ին թույլ է տալիս առանց հայկական կողմի դիմումի զորք մտցնել Հայաստան, ապա այն ուղիղ սպառանալիք է ՀՀ ինքնիշխանությանը, իսկ անկախության շարժումն առաջնորդող իշխանություններն ու վարչապետն առնվազն պարտավոր են այն օր առաջ չեղարկել։

Սակայն նկատենք, որ մեզ չհաջողվեց այդ պայմանագրում նման դրույթ գտնել, ինչը փաստում է, որ պայմանագիրը որևէ վտանգ չի պարունակում ՀՀ ինքնիշխանության տեսանկյունից, իսկ նման հայտարարությունները կրում են բացառապես մանիպուլյատիվ բնույթ։ Բացի այդ հստակ չէ նաև, թե ինչպես է ՌԴ-ն զորք մտցնելու Հայաստան։

Այսպիսով ի տարբերություն ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական 1997 թվականի պայմանագրում չկան մանրամասներ միմյանց օգնության դիմելու ընթացակարգի վերաբերյալ: Սակայն ՀԱՊԿ-ի պայմանագրի դեպքում էլ, երբ ՀՀ-ն օգնության խնդրանքով դիմում է կազմակերպությանը, վերջինս տարբեր պատրվակներով հրարժարվում է իր պարտվորությունների կատարումից․ մի դեպքում հայ-ադրբեջանական սահմանը հստակեցված չէ, մյուս դեպքում Երևանը համապատասխան հոդվածով չի դիմել և այլն։

Հավելենք, որ 1997 թվականի հայ-ռուսական պայմանագիրն իրոք նախատեսում է կողմերից մեկի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում համագործակցության ու օգնության վերաբերյալ դրույթներ, սակայն նմանատիպ պայմանագիր Ռուսաստանն ունի նաև Ադրբեջանի հետ՝ ստորագրված նույն 1997 թվականին: Այս իրողությունն էլ ավելի է բարդացնում գործընթացը և անիրատեսական դարձնում ՌԴ-ի կողմից օգնության տրադրումը։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
09:20 Oragir.News-ի անդրադարձներից հետո արցախցիների գումարների վճարումն սկսված է
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում