Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 7 ամիս առաջ - 16:45 10-10-2023

Օպերատիվ արձագա՞նք, թե՞ անհասցե կոչեր․ ինչո՞ւ է միջազգային հանրությունն անտարբեր

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի նկատմամբ իրականացրեց վերջին տարիների ամենախոշոր հարձակումը, որի հետևանքով պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կրկին սրվեց և մարտական գործողությունները շարունակվում են առ այսօր։ Չնայած Իրանը հերքում է իր մասնակցությունը Իսրայելում տեղի ունեցող զարգացումներում, այնուամենայնիվ վերջինիս աջակցությամբ ՀԱՄԱՍ-ի զինյալները զգալի կորուստներ են պատճառել Իսրայելին։

Իսրայելն իր հերթին բավական կոշտ պայքար է մղում Գազայի հատվածում տեղակայված պաղեստինցիների նկատամամբ՝ ձգտելով ամեն գնով ճնշել նրանց գործողությունները։ Իսրայելում արդեն ռազմական դրություն է սահմանվել, իսկ այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նշել էր, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Իսրայելի իշխանությունները մեկ օրում Եվրոպայից հարյուրավոր զինվորականների են վերադարձրել երկիր, որոնք պետք է ներգրավվեն ՀԱՄԱՍ-ի դեմ ընթացող ռազմական գործողություններում։

Արաբա-իսրայելական հակամարտության ներկայիս սրումը պայմանավորված էր նախևառաջ աշխարհաքաղաքական իրավիճակով, քանի որ նոր աշխարհակարգի ստեղծման իրողությամբ պայմանավորված աշխարհը կարծես մոռացության էր մատնել այս հակամարտությունը։ Դիմելով նման գործողությունների՝ պաղեստինցիներն այս կերպ փաստացի աշխարհի ուշադրությունը հրավիրեցին այս խնդրին։ Բացի այդ հակամարտության սրումը պայմանավորված էր նաև տարածաշրջանային զարգացումներով՝ մասնավորապես Վաշինգտոնի միջնորդությամբ ընթացող Սաուդյան Արաբիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման գործընթացով, որը Պաղեստինը ձգտում էր կանխել։

Վերջին օրերին սրված հակամարտության հետևանքով երկու կողմերն էլ ունեն բազաթիվ զոհեր և վիրավորներ։ Այսօր հրապարակված պաշտոնական տվյալներով կողմերը ունեցած զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 1600-ը։

Միևնույն ժամանակ Իսրայելի կողմից իրականացված գործողությունների հետևանքով հարյուր հազարավոր պաղեստինցիներ ստիպված եղան լքել իրենց տները։ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը տեղեկացրել է, որ Գազայի հատվածում կա 180․000 ներքին տեղահանված անձ, որոնցից 137․500-ը պատսպարվել է գործակալության 83 դպրոցներում: Այս համատեքստում Պաղեստինի առողջապահության նախարարությունը կոչ է արել ստեղծել «անվտանգ միջանցք՝ ապահովելու շտապ բժշկական օգնության մուտքը Գազայի հիվանդանոցներ»։

Հատկանշական է, որ միջազգային հանրությունը հերթական անգամ անտարբերություն է ցուցաբերում խաղաղ բնակչության կրած զրկանքների նկատմամբ և սահմանափակվում է միայն անհասցե կոչերով, որոնք գործնականում որևէ ազդեցություն չեն ունենում։ Ստեղծված իրավիճակը բազմաթիվ նմանություններ ունի Արցախում տեղի ունեցած զարգացումների հետ, երբ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայից հետո ավելի քան 100 հազար մարդ ստիպված եղավ լքել իր հայրենիքը և տեղափոխվել Հայաստան, իսկ միջազգային հանրությունը փաստացի որևէ գործնական քայլ չձեռնարկեց այդ առչնությամբ։

Սակայն նկատենք, որ հայ հասարակությունը շատ հաճախ աջակցություն և գործնական քայլեր է ակնկալում արևմուքից, որին նույնացնում է միջազգային հանրության հետ, չնայած պաշտոնապես հանդիսանում է արևմուտքի թշնամու՝ Ռուսաստանի դաշնակիցը, որի հետ ներկայումս հավաքական արևմուտքը պատերազմում է։ Այսպիսով չնայած միջազգային հանրությանն ուղղված դժգոհություններին, հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ կարող է առարկայական աջակցություն ստանալ վերջինիցս այն դեպքում, երբ չի դաշնակցի վերջինիս թշնամու հետ։

Ինչ վերաբերում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին միջազգային հանրության արձագանքին, կամ այդ երկրին ցուցաբերվող աջակցությանը, ապա այստեղ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ սա պայմանավորված է ոչ թե ուկրաինացիների նկատմամբ առկա առանձնահատուկ վերաբերմունքով, այլ քաղաքական շահերով։ Մասնավորապես Ուկրաինայի պարագայում ողջ արևմուտքն այդ երկրի տարածքում պատերազմում է Ռուսաստանի դեմ՝ ձգտելով ամեն կերպ հաղթել վերջինիս և թուլացնել այդ երկրի ազդեցությունը, ուստի Կիևին տրամադրվող աջակցությունն անհրաժեշտ է դիտարկել հենց այս համատեքստում։

Այսպիսով կարող ենք փաստել, որ միջազգային հանրությունը առաջնորդվում է երկակի չափանիշներով․ միևնույն իրավիճակի պարագայում մի դեպքում հնչեցնում է առարկայական գնահատական, տրամադրում է զգալի օգնություն, քանի որ դա բխում է իր շահերից, իսկ մյուս դեպքում սահմանափակվում է միայն կոչերով, աչք է փակում խաղաղ բնակչության կրած զրկանքների վրա, անտեսում է էթնիկ զտման դեպքերը և այլն։ Ասվածի լավագույն վկայությունը ՄԱԿ-ի առաքելության հայաթափված Արցախ կատարած այցելությունն էր, որն արձանագրեց, թե իբր Ադրբեջանը չի թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, անգամ կենդանիների անկման դեպքեր չեն արձանագրվել և այլն։

Ձեզ գուցե հետաքրքրի