Ուղիղ եթեր
Եթե Իրանը ներգրավվի, Իսրայելը կփորձի Ադրբեջանից հարվածել նրան
copy image url

Եթե Իրանը ներգրավվի, Իսրայելը կփորձի Ադրբեջանից հարվածել նրան

Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 22:00 09-10-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին օրերին իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կրկին սրվել է․ հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի նկատմամբ իրականացրել է վերջին տարիների ամենախոշոր հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։

Ստեղծված իրավիճակի հետևանքով Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։

Oragir.News-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ հակամարտության սրումը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրավիճակով՝ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը, ինչպես նաև պաղեստինյան հիմնախնդրի շարունակականությունը։ Նրա խոսքով՝ նման կերպ պաղեստինցնիները փաստացի աշխարհի ուշադրությունն են հրավիրում հիմնախնդրի վրա, որը վերջի շրջանում մոռացության էր մատնվել։ ‎«Սա հին աշխարհակարգի ամենաառաջին, ամենաարյունալի և ամենատևական խնդիրն էր, որն առ այսօր չի լուծվել։ Սա է պատճառը, որ պաղեստինցիները նման գործողությամբ փորձ են անում աշխարհի ուշադրությունը կրկին այս հարցին սևեռել»,- նշեց նա։

Պետրոսյանը շեշտեց, որ հակամարտության սրումը պայմանավորված է նաև տարածաշրջանային զարգացումներով՝ մասնավորապես ԱՄՆ-ի ակտիվ միջնորդությամբ ընթացող Սաուդյան Արաբիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման գործընթացով։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ այս գործընթացի առանցքային բաղադրիչներից մեկն էլ պաղեստինյան հիմնախնդիրն էր․

«Այսինքն, ի սկզբանե Սաուդյան Արաբիան նախապայման էր դրել, որ առանց պաղեստինյան հիմնախնդրի կարգավորման՝ Պաղեստին պետության ստեղծման, Էլ Ռիադի և Թել Ավիվի միջև հարաբերությունները չեն կարող կարգավորվել։ Վերջին շրջանում տարբեր աղբյուրների կողմից տեղեկություններ էին տարածվում, որ Սաուդյան Արաբիան ընկրկել է այդ պահանջից՝ պայմանավորվելով ուրանի հարստացման ծրագրի հարցում կարծես թե որոշակի զիջումներ էր կատարելու պաղեստինյան հարցում։ Չի բացառվում, որ պաղեստինցիների այս գործողությունը, որը շատ լավ նախապատրաստված էր և վերջին 50 տարվա ընթացքում այն Իսրայելի համար աննախադեպ էր, նպատակ ուներ կանխել տարածաշրջանում հերթական ռազմավարական կորուստը, ինչպիսին տեղի ունեցավ 2019 թվականին, երբ Արբահամյան համաձայնագրերի միջոցով կարգավորվեցին հարաբերություններն Իսրայելի և այնպիսի արաբական երկրների միջև, ինչպիսին են ԱՄԷ-ն, Բահրեյնը, Մարոկոն և այլն։ Այսինքն, չի բացառվում, որ գործողությունն իրականացվեց այս գործընթացի վրա ազդելու նպատակով»։

Հարցին, թե այս զարգացումներն ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանի և Հայաստանի վրա, արաբագետը պատասխանեց, որ չի կարծում՝ ուղղակի ազդեցություն կունենան, սակայն ազդեցություն կարող է լինել, եթե լոկալ բնույթի հակամարտությունն ընդլայնվի, Պաղեստին-Իսրայել հակամարտությունից վերածվի, օրինակ, տարածաշրջանային լայնամասշտաբ հակամարտության, որին կմասնակցի նաև Իրանը՝ իր հովանավորյալ կազմավորումներով։ Նա նշեց, որ ի պատասխան Թեհրանի մասնակցության՝ Իսրայելը կօգտագործի Ադրբեջանի տարածքից Իրանին պատասխանելու հնարավորությունները, այսինքն՝ խնդիրը կհասնի մեր տարածաշրջան և կանդրադառնա նաև Հայաստանի վրա։

Պետրոսյանը միևնույն ժամանակ կարծում է, որ այս պահին նման հնարավորություններ չկան․ «‎Գոնե Իրանն ամեն կերպ փորձում է խուսափել նոր պատերազմի հնարավորությունից։ Սակայն ցանկանում եմ նշել, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում նման զարգացումները բացառել չի կարելի, որովհետև փորձ է արվում տարբեր տարածաշրջաններում լարվածության նոր օջախներ ստեղծել, և այս պահին Իսրայելի համար շատ ձեռնտու ժամանակահատված է՝ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական ճանապարհով լուծելու համար, և չի բացառվում, որ այս միջադեպն օգտագործվի Իրանի միջուկային օբյեկտների դեմ թիրախային հարվածներ նախաձեռնելու նպատակով։ Իսկ թե որ ուղղությամբ կլինեն Իրանի պատասխան հարվածները, կդժվարանամ նշել»,- ասաց նա։

Արմեն Պետրոսյանը հավելեց, որ Իսրայելը ձգտելու է ամեն կերպ այս լարվածության մեջ ներքաշել Իրանին, իսկ Իրանն էլ՝ խուսափել դրանից։ Նա ասաց՝ հետագա զարգացումները ցույց կտան, թե ինչպիսի ընթացք կլինի, սակայն միանշանակ է, որ Իրանն այս պահին խուսափում է նոր պատերազմից։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ