Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին վավերացրել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը, որը բազաթիվ իրարամերժ քննարկումների պատճառ է դարձել։ ՀՀ ԱԺ-ն Հռոմի ստատուտը վավերացրեց միայն ՔՊ-ական պատգամավորների ձայներով, որոնցից էլ ոչ բոլորն էին մասնակցեցին քվեարկությանը, իսկ նիստին մասնակցող ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեցին որոշմանը՝ պնդելով, որ այն որևէ օգուտ չի կարող բերել Հայաստանին։
Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացման գործընթացն առաջացրել է ռուսական կողմի խիստ դժգոհությունը։ Մասնավորապես Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն, իրար հերթ չտալով, խստորեն դատապարտում էին այս նախաձեռնությունը, իսկ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ստատուտի վավերացման նախօրեին դա թշնամական քայլ որակեց, որը չի կարող անհետևանք մնալ։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել: Սա ենթադրում է, որ ցանկացած երկիր, ուր կայցելի Ռուսաստանի նախագահը պարտավոր է ձերբակալել վերջինիս, եթե տվյալ երկիրը վավերացրել է Հռոմի ստատուտը։
Հայաստանի իշխանություններն իրենց հերթին պնդում են, որ Ռուսաստանի նախագահին ձերբակալություն չի սպառնում, եթե նա Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո ժամանի Հայաստան։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի պնդմամբ՝ նախ՝ պետությունների գործող ղեկավարներն իմունիտետ ունեն, երկրորդ՝ այդ մտահոգությունները ցրելու համար Երևանը նաև Մոսկվային ամիսներ առաջ առաջարկներ է ուղարկել, սակայն դատելով վերջին օրերին ՌԴ-ից հնչող հայտարարություններից կարող ենք փաստել, որ Երևանին չի հաջողվել խնդրին լուծում տալ։
Ստեղծված իրավիճակում բազմաթիվ փորձագետներ վստահություն են հայտնում, որ Ռուսաստանն անպատասխան չի թողնի Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի բարձրացումը։ Նրանց համոզմամբ՝ Ռուսաստանը Հայաստանին պատասխանելու բազմաթիվ տարբերակներ ունի, որոնք մեր երկրի համար կարող են աղետալի հետևանքներ ունենալ․
Մասնավորապես հիմնականում նշվում է, որ ՌԴ-ն ի պատասխան այս նախաձեռնության կարող է կտրուկ բարձրացնել Հայաստանին վաճառվող բնական գազի գինը, փակել Վերին Լարսի անցակետը, կամ խոչընդոտներ ստեղծել բեռնափոխադրումներ իրականացնողների համար, ինչի դրսևորումներն արդեն իսկ առկա են, արգելել դրամական փոխանցումները դեպի Հայաստան, ինչպես նաև երկրի տարածքից արտաքսել ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ՌԴ-ում բնակվելու համապատասխան թույլտվություն չունեն և այլն։ Բացի այդ որոշ գործիչներ չեն բացառում, որ Ադրբեջանը կարող է Ռուսաստանի դրդմամբ արդեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ հերթական ագրեսիան իրականացնել, ինչի հետևանքները չափազանց ծանր կլինեն։
Ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ Ռուսաստանը կիրականացնի նշված քայլերը, որպեսզի պատժի Հայաստանի իշխանություններին և այնպիսի իրավիճակ ստեղծի, որ հայ բնակչությունն իր մաշկի վրա զգա երկրի իշխանությունների քայլերի հետևանքները։ Սակայն ցանկանում ենք նաև ուշադրություն հրավիրել այն իրողության վրա, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի և այս համատեքստում իր նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանը չափազանց թուլացել է և վերջինիս համար չափազանց բարդ կլինի ՀՀ-ի նկատմամբ պատժիչ գործողություններն այնպես իրականացնել, որ դրանք իր համար նույնպես հետևանքներ չառաջացնեն։
Նկատենք, որ Վերին Լարսի անցակետի ամբողջական փակումը չի բխում նախևառաջ Ռուսաստանի Դաշնության շահերից, չնայած այն Հայաստանի համար նունպես չափազանց ծանր հետևանքների՝ ընդհուպ մինչև տնտեսական կոլապսի կհանգեցնի։ Ներկայումս եվրապական երկրներն արգելել են մի շարք ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան, որոնք անհրաժեշտ են վերջինիս, իսկ ՌԴ-ն զուգահեռ ներմուծման միջոցով դրանք կարողանում է ՀՀ տարածքով ներկրել։ Եթե Ռուսաստանը նման որոշում կայացնի, ապա կզրկվի այդ հնարավորությունից և լրացուցիչ խնդիրների կբախվի, որն այս իրավիճակում չի կարող իրեն թույլ տալ։
Ստեղծված իրավիճակում առավել հավանական է, որ ՌԴ-ն խոչընդոտներ կստեղծի Լարսի անցկետով երթևեկող հայ վարորդների համար, տեղում որոշակի հերթեր կգոյանան, ինչն էլ ՀՀ-ում տնտեսական խնդիրներ կառաջացնի, սակայն անցակետն ամբողջովին չի փակի։ Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները որպես այլընտրանք դիտարկում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և հայ-թուրքական սահմանի բացումը, ինչից հետո ՌԴ-ն այլևս հնարավորություն չի ունենա Լարսի անցակետի փակումը որպես ճնշման գործիք բանեցնել։
Հայաստանին վաճառվող բնական գազի սակագնի բարձրացումը նույնպես ձեռնտու չէ Ռուսաստանին։ Մասնավորապես ներկայիս իրողությունների պայմաններում բազմաթիվ երկրներ դադարեցրել են Ռուսաստանից նավթի և գազի գնումները, որը խորացրել է ՌԴ-ում առկա տնտեսական ճգնաժամը, արժեզրկվել է ռուսական ռուբլին և այլն։ Այս իրավիճակում, երբ Ռուսաստանն այլընտրանքային շուկաներ է փնտրում, կամ իր գազը վաճառում է երրորդ երկրների միջոցով, իրատեսական չենք համարում, որ Հայաստանի համար այնպիսի սակագին կսահմանի, որը վերջինս չի կարողանա վճարել։ Բացի այդ Մոսկվայում տեղյակ են նաև հայ-իրանական համագործակցության աճող տեմպերի մասին, որը Հայաստանին թույլ կտա նաև փոքրացնել ներկրվող ռուսական գազի չափաբաժինը՝ ի հաշիվ իրանականի։
Ինչ վերաբերում է Ռուսաստանում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիներին արտաքսելու հնարավությանը, ապա դրա տեսական հնարավորությունը նույնպես առկա է, բայց քիչ հավանական է, որ Մոսկվան կգնա այդ քայլին, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան են ժամանել տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներ, ովքեր այստեղ մշտական, կամ ժամանակավոր բնակություն են հաստատել։ Եթե ՌԴ-ն արտաքսի իր տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիներին, ապա նույնը կարող է անել նաև Հայաստանը, ինչն այս պահին չի բխում ՌԴ-ի շահերից, քանի որ Հայաստանից արտաքսված ռուսները կարող են դժգոհությունների ալիք բարձրացնել, ինչպես նաև տարբեր այլ խնդիրներ առաջացնել։
Այսպիսով չնայած Ռուսաստանը հայտնում է, որ անպատասխան չի թողնի ՀՀ-ում Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացը, սակայն ներկայիս իրավիճակում վերջինս չունի այնպիսի գործիքակազմ, որով կկարողանա պատժել Հայաստանին և միևնույն ժամանակ դա հետևանքներ չի առաջացնի սեփական շահերի համար։ Առավել հավանական է, որ ՌԴ-ն Հռոմի ստատուտի վավերցամանը կպատասխանի ավելի ուշ, որը կլինի ոչ թե բարի կամքի դրսևորում, այլ սահմանափակ ռեսուրսների հետևանք։