Սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական ագրեսիան իրականացրեցին Արցախի նկատմամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ հարյուրավոր զոհեր և վիրավորներ՝ ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում, չնայած այն բանին, որ Բաքուն պնդում է, թե, իբր չի թիրախավորել խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի ագրեսիան հանգեցրեց նաև Արցախի հայաթափմանը, և այս պահի դրությամբ ավելի քան 100 հազար հարկադրաբար հեռացել է իր պատմական հայրենիքից։
Արցախում տեղի ունեցած վերջին ցավալի զարգացումները կարող ենք որակել որպես ցեղասպանություն․ դրանք համապատասխանում են բոլոր այն իրավիճակներին, որոնք միջազգային հանրությունը որակում է որպես ցեղասպանություն։ Չնայած միջազգային դերակատարները խուսափում են Արցախի ժողովրդի հետ տեղի ունեցած աղետը որակել որպես ցեղասպանություն, սակայն, ցավոք սրտի, դա հնարավոր չէ նկարագրել որևէ այլ ձևակերպմամբ։
Գլոբալ առումով հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունների շրջափուլը սկսել դեռևս 1890-ական թվականներին։ 1877-1878 թվականների ռուս թուրքական պատերազմից հետո տեղի ունեցած Սան-Ստեֆանոյի կոնֆերանսից և Բեռլինի վեհաժողովից հետո հայկական հարցը միջազգայնացավ, միջազգային դերակատարները դա սկսեցին օգտագործել Թուրքիայի նկատմամբ ճնշումներ բանեցնելու նպատակով, իսկ վերջինս էլ դրանից ազատվելու համար ընտրեց ամենազազրելի ճանապարհը՝ ցեղասպանության իրագործումը։
Հայոց ցեղասպանության հետևանքով, որը մեկնարկել էր դեռևս 1890-ական թվականներին, շարունակվեց մինչև 1923 թվականը, երբ Թուրքիայում իշխանության եկավ Մուսթաֆա Քեմալը և շարունակեց ցեղասպանության քաղաքականությունը, զոհվեց ավելի քան 2 միլիոն հայեր, իսկ հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան լքել իրենց հայրենիքը և սփռվել աշխարհով։ Սակայն ցեղասպանությունն այս ամենով չավարտվեց և հետագա տարիներին նույնպես ունեցավ տարբեր դրսևորումներ։
Թուրքիայի Հանրապետության գոյության առաջին տարիներին տեղի ունեցան մի քանի կոտորածներ, որոնք նույնպես համապատասխանում են ցեղասպանություն եզրույթին։ Դրանցից ամենախոշորը 1937-1938թթ. տեղի ունեցված Դերսիմի կոտորածն էր, որը տեղի ունեցավ Դերսիմի ապստամբությունից անմիջապես հետո, երբ Թուրքիայի զինված ուժերը ամենադաժան կերպով ճնշել էին ապստամբությունը, կազմակերպելով զանգվածային ջարդեր և էթնիկ մաքրում տեղական բնակչության շրջանում՝ հիմնականում ալևիներ էին, քրդեր և զազաներ, ինչպես նաև կրոնափոխ և ձուլված հայեր։ Արդյունքում տարբեր տվյալներով սպանվել է 13606 մինչև 70000 քաղաքացիական բնակչության։
Ցեղասպանության հաջորդ դրսևորումը 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում և Իզմիրում տեղի ունեցած ջարդերն էին, որոնք հիմնականում ուղղված էր հույն բնակչության դեմ, սակայն անմեղ զոհերի շարքում կային նաև բազմաթիվ հայեր, ովքեր Հայոց ցեղասպանության հիմնական փուլից հետո շարունակում էին ապրել Թուրքիայի տարածքում՝ հիմնականում Ստամբուլում։
Հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության հաջորդ փուլը տեղի ունեցավ Արցախյան շարժման մեկնարկին զուգահեռ, երբ Ադրբեջանի իշխանությունները զանգվածաբար սկսեցին ջարդեր իրականացել երկրի խոշոր քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում և այլն՝ ցանկանալով կանխել Արցախյան շարժումը, որը չհաջողվեց իրականացնել, սակայն Ադրբեջանի տարածքում բնակվող ավելի քան 600 հազար հայ բնակչությունը ստիպված եղավ երկրի տարածքը։ Արցախյան պատերազմի տարիներին նույնպես Ադրբեջանի կողմից իրականացվեցին ցեղասպանական գործողություններ, որոնցից ամենախոշորը 1992 թվականի ապրիլին Մարաղա գյուղում իրականացված կոտորածն էր։
Այսպիսով կարող ենք փաստել, որ ճակատագրի հեգնանքով հայ ժողովուրդը վերջին 130 տարում հայտնվել է մի իրավիճակում, երբ յուրաքանչյուր 30 տարին մեկ անգամ, կամ ավելի կարճ ժամանակահատվածում ենթարկվում է ցեղասպանության, կամ բախվում է ցեղասպանության ենթարկվելու իրական վտանգի։ Պատմության մեջ դժվար է գտնել մեկ այլ ժողովրդի, որը նման պարբերականությամբ ցեղասպանության ենթարկվել։ Սա վկայում է այն մասին, որ հայ ժողովուրդը չի կարողանում դասեր քաղել իր անցյալի սխալներից և պարբերաբար բախվում է ցեղասպանության ենթարկվելու վտանգին։