Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:59 11-07-2022

Անհաղթ հերոս քաջ պարեկ, որ մին զարկի, բռնի դատախազ․ մեր երկիրն այնքան «լավն է», որ անգամ դատախազն է բռնության ենթարկվում

Մի քանի օր է՝ քննարկումների տիրույթում «քաջ» պարեկների հերթական սխրագործություններն են։ Նրանց քաղաքական կնքահայր, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը փորձում է ամեն կերպ ի ցույց դնել, թե ինչ լավն են որեւէ մասնագիտական կրթություն, փորձ չունեցող պարեկները, որոնց ընտրության համար լուրջ չափանիշներ չեն եղել, պարզապես մի խումբ երիտասարդ, անգործ մարդկանց հավաքել են բարձր աշխատավարձի շուրջ եւ նրանց տվել օրենքով ուժ կիրառելու լիազորություն։

Հիմա այս պարեկները հերթական մարտաֆիլմն էին ուզում ցուցադրել, որ գիշերվա ժամին ոչ սթափ վարորդ են հայտնաբերել իրավախախտում անելիս եւ քանի որ իրենք դեմք են, «խ-ծ-բ» չեն ընդունում, միանգամից, առանց աջուձախ նայելու արցունքաբեր գազ, ձեռնաշղթա են կիրառել եւ ձերբակալել։

Քիչ էր մնում մենք էլ հայտնվեինք Դանիել Իոաննիսյանի ստեղծած երազում, որտեղ պարեկները դեմք են, օրենքի պաշտպան, բայց կտրուկ արթնացանք դատախազության մեկնաբանությունից եւ ավելի ուշ տարածված տեսանյութից։

Իսկ դատախազությունը հայտարարել էր, թե «Դանիել Իոաննիսյանը ո՛չ այդ դեպքի ականատեսն ու վկան է, ո՛չ տիրապետում կամ կարող էր տիրապետել վարույթի նյութերին, ոչ էլ առհասարակ որևէ առնչություն կարող է ունենալ տեղի ունեցածի հետ՝ նման անպատասխանատու «փաստագրումներ» անելու, ամբողջ համակարգի հեղինակության հետ խաղալու համար։ Քննությանը չխոչընդոտող որոշակի փուլում Դատախազությունը կհրապարակի դեպքի տեսանյութը և շատ հնարավոր է՝ պարոն Իոանիսյանը զղջա իր ներկայիս մերկապարանոց հայտարարությունների համար»։

Իհարկե, դատախազությունը մի պահ մոռացել էր, որ Դանիել Իոաննիսյանը մեր երկրի ամեն ինչն է՝ իրավապաշտպան, սահմանադրագետ, պարեկագետ, ու կարող է ցանկացած հարցից խոսել, բայց ինչեւէ։

Իսկ տեսանյութը, որը այս պահին առկա միակ ապացույցն է, իսկապես, ցնցող էր, դրանում երեւում էր, թե ինչպես է միայնակ պարեկն Էդգար Պետրոսյանի սեփականություն հանդիսացող տարածքից, առանձնատան բակից տառացիորեն առևանգում վերջինիս:

Այսինքն՝ օրենքի պաշտպանը գոնե պետք է իմանար, որ անձի սեփական տարածք ներխուժելու, նրան բերման ենթարկելու, ձերբակալելու համար դատարանի որոշում է պետք։ Երկրորդ՝ արդյոք դատախազը հրաժարվել է ենթարկվել պարեկի պահանջներին, մամուլում հրապարակումներ կային, որ Էդգար Պետրոսյանը ոչ թե հրաժարվել է կանգնել, այլ ասել է՝ վատ է զգում, թող գա իր հետևից, մինչև տեղ հասնի, ու կարող են կազմել արձանագրությունը։

Հիմա պարեկը պետք է բացատրի՝ որքանով էր համաչափ ուժի կիրառումը, ինչ նպատակ էր այն հետապնդում։ Առանձին քննության առարկա պետք է լինեն ոստիկանությունում դատախազի բռնության ենթարկվելու մասին լուրերը։

Այս պատմության ամենատխուր արձանագրումը թերեւս այն է, որ մեր երկրում այնպիսի ամենաթողություն է, որ նույնիսկ դատախազն է ոստիկանությունում բռնության ենթարկվում, որ օրենքի պաշտպանը օրենքին չի տիրապետում, պաշտպանելու փոխարեն՝ խախտում է, որ պարտականությունների կատարման համար տրված հնարավորությունները կարող են մանկապատանեկան ոգեւորվածությամբ ցուցադրել եւ կիրառել՝ առանց հետեւանքները հաշվի առնելու, ինչպես ծառայողական մեքենաներն են «ճռիկներ» անելով վարում։ Եւ մյուս արձանագրումը՝ միթե դատախազը պարեկներ կյանքում հանդիպած միակ բարձրաստիճան պաշտոնյան է եղել, ով խախտում է կատարել, ով դիմադրել է, իսկ ինչու մյուսների դեպքում նման հանրային շոուներ չեն կազմակերպվում, գուցե պատճառն այն է, որ դատախազը ընդդիմադիր գործիչ Գեւորգ Պետրոսյանի եղբայրն է։ Մի խոսքով՝ դեռ հեռու է իրավական պետություն կառուցելու մեր ճամփան։ Իսկ առայժմ պետք է արձանագրել, որ մեր երկիրն այնքան վատ/լավն է, որ անգամ դատախազն է ոստիկանությունում բռնության ենթարկվում/ենթարկում․ ճաշակի հարց է։