Անշուշտ շատերն են լսել «Քեզ համար, Հայաստա՛ն» երգը։ Այս գլուխգործոցի տեքստի հեղինակը աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն է։ Քչերը գիտեն, որ երգն ի սկզբանե գրվել է ֆրանսերեն՝ հումանիզմի գաղափարի շուրջ համախմբելով համաշխարհային մեծության աստղերի։
1988 թվականի դեկտեմբերի 7-ի սարսափելի երկրաշարժի հետևանքով Հայաստանում հարյուրհազարավոր մարդիկ մնացին առանց կացարանի, տասնյակհազարավորները մահացան։ Աղետը ցնցեց ողջ աշխարհը․․․
Շառլ Ազնավուրը, որը մայր հայրենիքում մինչ այդ ընդամենը մեկ անգամ էր եղել, այն էլ՝ համերգային ծրագրով, շտապում է օգնության, թվարկում է աղետի գոտում առաջնային իրերի ցանկն ու մարդկանց փոխանցում իր նորաբաց ասոցիացիայի հասցեն, որ ով ինչ կարողանա, ուղարկի Հայաստան:
Առաջին անհրաժեշտության պարագաներով լի մի ամբողջ օդանավ հասավ Հայաստան: Ազնավուրն էլ շտապեց Գյումրի, կանգնեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ավերակների մոտ ու ինքն իրեն խոստացավ՝ ավելին պիտի անի հայրենիքի համար:
«Այն, ինչ ես տեսա Հայաստանում,- ավելի ուշ կասեր Ազնավուրը,- խորապես ցնցեց ինձ։ Մեր բարի, հեզ ու աշխատասեր ժողովուրդը միշտ ապրել է հավատով ու հույսով։ Այսօր մենք պետք է հուսանք, հավատանք մեր վաղվա օրվան, մեր հավերժությանը»։
1989 թվականին հայազգի ռեժիսոր Անրի Վեռնոյի հետ Ազնավուրը կոչ է անում ֆրանսիացի արտիստներին միասին տեսահոլովակ նկարահանել: Իննսուն երգիչ ու դերասան ձայնագրում են «Pour toi Armenie» երգը` համախմբելով արտիստներին Ֆրանսիայից, Ամերիկայից, Իտալիայից, իսկ հետո` աշխարհի ամբողջ հանրությանը։
«1988 թվականին Հայաստանին պատուհասած զարհուրելի երկրաշարժն իմ կյանքը հիմնովին տակնուվրա արեց այն պարզ պատճառով, որ միշտ եղել եմ ընտանիքիս կողքին, ծնողներիս մեծարել եմ ավելի, քան հնարավոր է պատկերացնել, ու չնայած ես ֆրանսիացի եմ ամենից առաջ, սակայն հայ եմ հոգով, իմ երակներում հոսում է հայի արյուն: Ահա թե ինչու անհնար է պատկերացնել անգամ, որ կարող էի ձեռքերս ծալած նստել եւ ոչինչ չանել այդ ահավոր ողբերգության եւ աղետի պայմաններում: Լեւոն Սայանի եւ մի քանի այլ հավատարիմ ընկերներիս հետ օգտագործեցինք մեր բոլոր հնարավորությունները՝ ամենակարեւոր հարցերում օգնության ձեռք մեկնելու համար: Այսպես ստեղծեցինք «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը՝ մեր առջեւ դնելով մեն-մի նպատակ՝ նեցուկ լինել մեր նախնիների երկրին: Հիմնադրամի ֆինանսավորումը հնարավոր եղավ ապահովել միանգամից հիթ-շքերթների առաջին տեղում հայտնված «Քեզ համար, Հայաստան» երգի շնորհիվ, որն իր շուրջը հավաքեց ավելի քան 80 արտիստի, իսկ երաժշտությունը գրեց իմ փեսա Ժորժ Կառվարենցը՝ անկասկած լավագույն կոմպոզիտորը, որին հանդիպել եմ կարիերայիս ընթացքում: Ցանկանում եմ նաեւ շեշտել, որ ես հօգուտ հիմնադրամի հրաժարվեցի իմ բոլոր հեղինակային եւ հրատարակչական իրավունքներից, իսկ նման բան, վստահ եմ, ոչ ոք չի անի մարդասիրական կամ համերաշխության այսօրինակ նախաձեռնության դեպքում: Եվ եթե դեռ համառորեն շարունակում եմ խոսել այդ մասին, ապա դրա միակ պատճառն այն է, որ որոշ հասարակական գործիչների մեղադրանքները, թե իբր դրամական միջոցներ եմ շորթել, մինչեւ հոգուս խորքը վիրավորել են ինձ: Այդ հարձակումները ճղճիմ էին ու խիստ վիրավորական. ախր, բոլորին է հայտնի, որ «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի ֆինանսական միջոցները հիմնականում կուտակվել են մեր սեփական միջոցների՝ իմ համերգներից, երաժշտական ալբոմների ու DVD-ների վաճառքից գոյացած եկամուտների հաշվին: Չենք օգտվել եւ ոչ մի տեսակի վարկից, չենք անցկացրել ոչ մի հեռուստամարաթոն, սակայն այդ ամբողջ ընթացքում կառուցել ենք դպրոցներ, վիրահատարաններ ու ծերանոցներ»,- իր հուշերում գրում է Ազնավուրը:
«Քեզ համար, Հայաստան» երգի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվեց երկրաշարժից տուժած հազարավոր ընտանիքների: Երգը 10 շաբաթ գրավել է սինգլների SNEP (Ֆրանսիա) աղյուսակի առաջին հորիզոնականը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ գրավել է առաջին տեղը հեռարձակման առաջին շաբաթից։
«Քանի որ ուրիշ ազգանուն չունեմ, հոգուս մի փոքրիկ հատված հայ է մնացել. դրանում համոզվեցի, երբ սրանից քսան տարի առաջ մի աղետալի դեպք պատահեց: 1988-ին, երբ տեսա երկրաշարժից ավերված Գյումրիի ավերակները, հիշում եմ, դժվարությամբ էի քայլում ու խոսում: Ես ինձ վատ էի զգում: Ներսումս ինչ-որ անհասկանալի բան էր կատարվում. ես ցավ էի ապրում, ցավ էի ապրում իմ ժողովրդի համար: Մինչեւ այդ՝ երբեք նման բան չէի զգացել, մինչեւ այդ՝ ես եղել էի պարզապես «ծագումով» հայ: Բայց իրականում ի՞նչ էր նշանակում «լինել հայ»»,- գրել է Ազնավուրը: