Երևան +17°
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 15:05 04-09-2023

Wildberries-ը ոչնչացնում է Հայաստանի տնտեսությունը․ բունտ է հասունանում

Հայաստանում ռուսական Wildberries-ի գործունեությունը ոչնչացնում է Հայաստանի տնտեսությունը, արդյունքում այսօր տնտեսական բունտ է հասունանում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց գործարար Արման Թումասյանն, ընդգծելով, որ Wildberries-ի պատճառով Հայաստանի 120 հազար տնտեսվարող լուրջ խնդրի առաջ է կանգնած, քանի որ այդ մարդկանց ընտանիքները կործանվում են։

«Մենք 3 տարի առաջ հիմնել էինք օնլայն խանութ, մեկ տարի առաջ Wildberries-ի ներթափանցումը Հայաստան առաջին հերթին սկսեց ոչնչացնել օնլայն հայկական ռեսուրսները։ Անցած տարվանից ինչ Wildberries-ը մտել է Հայաստան՝ սկսել է ոչնչացնել մեզ։ Ես անգամ մտածում եմ, որ եթե այսպես շարունակվի՝ մինչև հոկտեմբեր Հայաստանում կարող է էլ խանութ առհասարակ չլինել, բացի բենզինի խանութներից, ծաղկի ու մթերային խանութներից, այն էլ որովհետև Wildberries-ը չի կարող Հայաստան հաց բերել, թե չէ անպայման կբերեր»։
Նա նշեց, որ խնդիրը նրանում էր, որ երբ Չինաստանից Հայաստան ապրանք է ներմուծվում, դրա մաքսազերծման համար տնտեսվարողը 13 դոլար մաքսատուրք է վճարում։

«Wildberries-ը Յանդեքսի նման կորպորացիա է։ Երևի կհիշեք, թե ինչպես Յանդեքսը վերացրեց հայկական տաքսիինդուստրիան։ Այն ժամանակ մինիմալը կազմում էր 500-600 դրամ, գումարած 1 կմ արժեքը 100 դրամ ու, արդյունքում Չարբախից էրեբունի գնալու արժեքը կազմում էր 700-800 դրամ, երբ Յանդեքսը եկավ՝ գները նվազեցին ու մեր ամբողջ տաքսի ծառայությունները մեկը մյուսի հետևից փակվեցին։

Եթե հիմա փորձեք մի տաքսի ծառայություն բացել՝ նվազագույնը 10 000 դոլար փող պետք է ներդնեք, հիմա նախկին տաքսի սերվիսների տերերին հարցրեք՝ էլի այդ գումարը կդնեն տաքսի ծառայություն բացելու համար։ Արդյունքում, տաքսի ծառայությունների փակցվելուց հետո Յանդեքսը գները բարձրացրեց։ Հիմա փորձեք Չարբախից Էրեբունի գնալ, ամենաքիչը 1500-2000 դրամ եք վճարելու, պիկ ժամերին՝ 2000-2500 դրամ կարժենա, եթե խցանման մեջ էլ հայտնվեք՝ հաշվիչն էլի պտտվելու է։ Նախկինում խցանման մեջ կանգնելու համար գումար չէր գանձվում։

Նույնը հիմա է տեղի ունենում։ Wildberries-ի մուտքով Հայաստան մեր տնտեսությունը քայքայվում է։ Հայաստանում 120 հազար տնտեսվարող սուբյեկտ կա, հիմա եթե դրանք փակվեն՝ պետությունն այդ մարդկանց որտե՞ղ է տեղավորելու գործի»։

Նա ընդգծեց, որ սովորական տնտեսվարողները պետության համար արժեք են ստեղծում, ու դա է պատճառը, որ իրենց ապրանքն ավելի թանկ է։

«Ես ապրանք ներմուծելու համար պիտի ինքնաթիռի գումար վճարեմ, որից հարկ է վճարվում, լոգիստիկայով ապրանք բերեցի՝ քաշի համար պիտի վճարեմ, մաքսազերժման համար վճարում եմ, մեծածախ շուկայում տեղի հարկ եմ վճարում, վաճառելու դեպքում՝ ՀԴՄ եմ խփում, որից էլի հարկ է գոյանում, այսինքն ես արժեք եմ ստեղծում պետության համար։ Գումարած դրան՝ մանրածախի վերցրեց, տարավ խանութ վաճառելու, այստեղ էլ է արժեք ստեղծվում։ այսինքն ես 7-8 օղակում արժեք եմ ստեղծում։ Իսկ Wildberries ի՞նչ է անում։ Չինաստանից բերած ապրանքի համար վճարում են 2 դոլար քաշի գումար, մինչդեռ Հայաստանում ուզում են 2 դոլար քաշի փող, գումարած 13 դոլար մաքսազերծման գումար։

Ես պնդում եմ, Wildberrie-ն արդեն ոչնչացրել է մեր տնտեսության 80 տոկոսը, եթե մենք կարողանանք մինչև հոկտեմբեր փակել Wildberries-ը ոչ ոք մինչև հունվար-փետրվար միևնույն է գնում չի անելու, որովհետև արդեն ինչ պետք է՝ առել են»։

Դիտարկմանը, թե թեև տնտեսվարողները դժգոհում են, բայց գնորդները գոհ են՝ նա ընդգծեց, որ երբ Wildberries-ը մեր տնտեսությունը ոչնչացնի՝ այն կոշիկը, որ հիմա վաճառում է 4000 դրամով, հետո վաճառելու է 12 000 ով , սա կորպորացիա է, որ կարող է 3 տարվա մեջ 1 մլրդ դոլար փող ծախսել Հայաստանի տնտեսությունը ոչնչացնելու համար, իսկ հետո լիովին ծախսերը կփոխհատուցվեն։

«Երբ չլինեն, կոշիկի, հագուստի պահեստամասերի խանութներ ու առհասարակ մնան միայն կիսամթերային մի քանի խանութ՝ Wildberries-ն իր ծախսերը կփոխհատուցի։
«Ինձ հետաքրքիր է, երբ 120 հազար տնտեսվարող սուբյեկտ փակվի դրանց տերերին ու աշխատակիցներին որտե՞ղ է Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում գործի տեղավորել։ Այդ 120 000-ը ունեն վարկեր, ով է նրանց վարկերը սպասարկելու։ Դուք ի՞նչ է՝ պատրաստվում եք այդ տնտեսվարողների ձեռքից իրենց ունեցվածքները խլե՞լ»։

Նա ընդգծեց, որ պետությունը պարտավոր է հավասար մրցակցային պայմաններ ստեղծել։
«Թող մաքսավճարները իջենցնեն, ինչպես է ստացվում, որ ՌԴ-ի համար մաքսազերծման գինը մաքսային միությունում 2 դոլար է, իսկ մեր համար՝ ոչ։ էս պայմաներում ինչպես մրցակցենք, երբ 1 կգ ապրանքին տալիս ենք 5200-5500 դրամ, գրան գումարած քաշի արժեքը։ Նման պայմաններում ինչպե՞ս կարող ենք մրցակցել, ինչու է ՌԴ-ն 1 դոլորով է մաքսազերծում իսկ Հայաստանը՝ 13»։

Թումասյանն ասաց, որ հինգշաբթի օրվանից տնտեսվարողները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել կառավարության մոտ ՝ պահանջելով լուծում տալ այս խնդրին։ «Տնտեսվարողները կմնան կառավարության մոտ այնքան ժամանակ, մինչև պետությունը մեր հարցը կլուծի, որովհետև մենք աղքատանում ենք , իսկ աղքատ մարդն ամենավտանգավորն է։ Մենք ենք հարկ տվել, որ պետությունը կարողացել է քիչ թե շատ կայանալ, էդ նախարարներին էլ մենք ենք այսօր վճարում, հետևաբար, մեր խնդիրներին կառավարությունը պետք է լուծում տա»։