Ուղիղ եթեր
Նիկոլ Փաշինյանի նշաձողը ուղերձներում. անկախության պահանջից մինչև ապրելու իրավունք
copy image url

Նիկոլ Փաշինյանի նշաձողը ուղերձներում. անկախության պահանջից մինչև ապրելու իրավունք

Ներքին 1 տարի առաջ - 23:00 03-09-2023
Երեկ՝ օգոստոսի 2-ին, շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետությունը նշում էր անկախության 32-ամյակը։

Արցախի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ էին հղել բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից։ Շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վերջին շրջանում իր ելույթներով ու քայլերով ամեն ինչ արեց՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու համար։

Oragir.News-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականից սկսած Արցախի անկախության տոնին ուղղված շնորհավորական ուղերձներն առանձնացրել ու համեմատել է․ ուղերձների բովանդակութունները կամ շատ նման էին իրար, կամ խիստ տարբեր՝ կախված ժամանակահատվածից և տիրող իրավիճակից։

2018 թվականին Փաշինյանը Թավշյա հեղափոխությամբ լիցքավորված էր կազմում իր բոլոր խոսքերը։ «Արցախի անվտանգությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Արցախի ճակատագիրը համայն հայության գուրգուրանքի առարկան է։ Այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հանգել խնդրի խաղաղ և արդարացի լուծման»,- իր ուղերձում նշել էր վարչապետը։

2019 թվականին Փաշինյանն իր ուղերձում նշել էր, որ անելու են ամեն ինչ՝ Արցախի ինքնորոշման իրավունքի համար մղված պայքարի արդյունքները պահելու համար․ «Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր բոլորիս առաջնահերթությունն է: Արցախի ճակատագիրը գտնվում է ողջ հայության ուշադրության կենտրոնում, և մենք շարունակելու ենք ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծման հասնելու ուղղությամբ»։

2020 թվականին վարչապետի շնորհավորական ուղերձը շատ կարճ էր և ի տարբերություն նախորդ ուղերձների, որոնք հրապարակվել էին կառավարության կայքում, այդ անգամ վարչապետը ֆեյսբուքյան գրառմամբ էր շնորհավորել արցախցիներին․ «1991 թվականի այս օրը Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Շնորհավորում ենք պատմական այս օրվա առիթով՝ Ազատ Արցախ»։

2021 թվականին Փաշինյանն իր ուղերձում դեռևս օգտագործում էր Արցախի Հանրապետություն եզրույթը, բայց ի տարբերություն նախորդ տարիների ուղերձների՝ Փաշինյանը որոշեց դաշտ նետել նաև «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը․ «Այդպիսին էր Արցախի ժողովրդի դեմ անկախության հռչակումից անմիջապես հետո գործադրած բռնությունը՝ պատերազմը, որի հետևանքով «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը մտավ միջազգային հարաբերությունների օրակարգ․․․
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով։ Այդ իսկ պատճառով միջազգային բոլոր հարթակներում մենք այսօր պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ։ Դա են փաստում նաև համանախագահ պետությունների հայտարարությունները։ Հակամարտությունն սպասում է իր համապարփակ կարգավորմանը՝ խաղաղ գործընթացի միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված և պաշտպանվող հանրահայտ սկզբունքների հիման վրա։
Գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա»։

2022 և 2023 թվականներին վարչապետի ուղերձը գրեթե նույնն էր․ երկու ուղերձներում էլ վարչապետն այլևս չի ասում Արցախի Հանրապետություն։ Փաշինյանի համար Լեռնային Ղարաբաղն այլևս տարածքային միավոր էր, իսկ Արցախի կարգավիճակի հարցն էլ Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիր․ «Անտեղի են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները, և ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, ինչի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային հանրության կողմից հաստատված և չչեղարկված մանդատ»,- 2022-ի ուղերձում նշել էր Փաշինյանը։

2023թվականի ուղերձում ևս մեկ անգամ ընդգծել է, որ հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները․ «Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և միջազգային հանրությունը հստակ արձանագրում են. հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով․․․

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։ Այսօր մենք մեր գնահատանքի խոսքն ենք ասում Լեռնային Ղարաբաղի մեր բոլոր հայրենակիցներին, և մեր խնդիրն է՝ խաղաղ, քաղաքակիրթ միջոցներով, բանակցային եղանակով ապահովել խաղաղ ապրելու և արարելու նրա անօտարելի իրավունքը»,- գրեթե նույնությամբ կրկնել է վարչապետը 2022թ ուղերձը:


Ամենից շատ դիտված

22:22 Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ Մարմարիկում չեն դադարում փնտրել 2-ամյա Տիգրանին
16:00 Հնարավոր է՝ տանիքից ընկել է ծառի վրա, ծառից էլ՝ ցած․ բնակիչները՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին
13:03 Ստուգվել է շուրջ 20 մեքենա․ 2-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են
09:32 Տղան հորը հիվանդանոց է տարել մատի կտրվածքով, բժիշկը դիմել է ChatGPT-ին. Reddit
21:14 Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել
13:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին․ տեսանյութ
23:33 Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Սումի քաղաքին. կան զոհեր
22:07 Եթե 7 տարի նույն դասարանում ես մնացել, ախպեր, գնա՛, թող տասնավարտը գա․ քաղաքացի
22:30 Գնաճն այնքանով է ազդել, որ ականջներս տնգված է մնացել․ հարցում
14:25 Տիկին Գալյան, ձեզ հարգալից պահեք. լեզվակռիվ՝ նախարարի և լրագրողի միջև