Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 16:42 03-09-2023

Մարդ ինչքա՜ն պիտի անբան-անասուն լինի, որ ձեռք բարձրացնի այս հրաշալիքների վրա․ Թումանյանի այցը Անի

Ավետիք Իսահակյանն իր հուշերում պատմում է, թե ինչպես են Հովհաննես Թումանյանի հետ եղել Անիում։ 1901 թ․ Թումանյանը Աբասթումանից, որտեղ բուժում էր ստանում, ժամանում է Ալեքսանդրապոլ, որտեղ էլ հանդիպում է Իսահակյանին։

-Անիում դեռ չեմ եղել, բայց շատ եմ ուզում տեսնել, անպատճառ գլուխ բեր էդ բանը, շատ եմ խնդրում,- ասել է Թումանյանը։

Իսահակյանը պատմում է․ «Մի երկու օր անց բանաստեղծ Հովհաննես Կոստանյանի հետ, որն իմ մորաքրոջ որդին էր, ճանապարհ ընկանք դեպի Անի։ Կանգ առանք մեր տանը՝ Ղազարապատում՝ հանգստանալու և մորս տեսնելու։

Օհաննեսը մեր ջրաղացի վարպետին ու գյուղացիներին, որոնք հեքիաթներ և ժողովրդական երգեր գիտցողներ էին, հարցնում էր «Հազարան բլբուլի» մասին, գիտեի՞ն արդյոք, և ուրիշ ֆոլկլորի նյութերի մասին։ Ժամով զրույց էր անում նրանց հետ և լսածները գրում տետրակի մեջ։



Մեր գյուղից մինչև Անի հազիվ 25 կիլոմետր լիներ։ Այցելեցինք Հոռոմոսի նշանավոր վանք, որի նախագավիթը սքանչելի էր։ Հովհ․ Կոստանյանը մեզ նկարեց՝ Աշոտ Ողորմած թագավորի դամբարանի աջ և ձախ կողմերում կանգնած։

Մոտենում ենք Անիի հոյակապ պարիսպներին և բուրգերին․ Օհաննեսը հուզված է, ոչինչ չի ասում, միայն արագացնում է քայլերը, հայացքը շարունակ պարիսպներին։

-Ի՞նչ ես շտապում,- ձայնում եմ ես,- Սմբատ թագավորը դեռ քո գալու մասին լուր չունի։

Օհաննեսը դառնում, խոժոռ նայում է ինձ և լայն քայլեր նետում։

Վերջապես ավագ դռան առաջն էինք․․․

Օհաննեսը կանգնեց և ուղղակի բևեռվեց իր տեղում։ Երկար, լռելյայն նայեց և, գլուխը շարժելով, դարձավ դեպի մեզ։



Արդեն մութն էր, որ հասանք վանահայր վարդապետի բնակարանը, որն այցելողների հյուրանոցն էր միաժամանակ։ Մի սարսափելի ճիչի հետ մթության մեջ պայթեց հրացանը, որի գնդակն ուղղակի անցավ մեր երեքիս առաջով, եթե մի քայլ առաջ լինեինք, ով գիտե ինչ պիտի լիներ մեր վիճակը։

Պարզվեց, որ վանահայրը բացակա է, և ծառան վախենալով, թե եկողները ավազակներ են, դիմել է անտեղի ինքնապաշտպանության։

-Տո՛,- ասաց Օհաննեսը ծառային՝ բերդանկա հրացանը տեսնելով,- մի գյուլով երեք բանաստեղծ պիտի սպանեի՞ր։

-Լավ պրծանք, ըսել է՝ ձեր վերջը չէր եկել,- ամենայն անտարբերությամբ պատասխանեց ծառան։

Անին իր վեհասքանչ ճարտարապետությամբ շատ մեծ տպավորություն թողեց Օհաննեսի վրա։ Երբ մեկնում էինք Անիից և պարիսպներից դուրս էինք արդեն, Օհաննեսը վերջին անգամ նայեց Անիին և ասաց․

-Մարդ ինչքա՜ն պիտի անբան-անասուն լինի, որ ձեռք բարձրացնի այս հրաշալիքների վրա․․․»։

Ամենից շատ դիտված

17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը