Երևան +12°
copy image url
Մշակույթ 8 ամիս առաջ - 17:07 31-08-2023

Պզտիկ պատմություն մը ընեմ, լսեք․ Վիլյամ Սարոյանի կյանքից

-Արմենակ Սարոյան ամուսնացավ Թագուհի Սարոյանի հետ։ Արմենակ ծնավ Վիլյամ։ Վիլյամ ծնավ Արամ։ Արամ պիտի ծնե Արմենակ։

- Աստվածաշնչի ոճով ստացվեց,- ասացի։

-Այո՛, կսիրեմ այդ ոճ, կսիրեմ Աստվածաշունչ կարդալ։ Ամերիկյան օթելներ ամեն սենյակի մեջ Աստվածաշունչ կա։ Երբ օթելներ կիջնամ, այդ Աստվածաշունչեր կգողնամ, հետս կտանիմ։ Տունիս մեջ ահագին Աստվածաշունչ ունիմ․․․

Լրջացավ։

- Վահագն, գիտե՞ս ինչու Քրիստոս դժբախտ էր։ Չե՞ս խորհած այդ մասին․․․ Ես խորհած եմ։ Դժբախտ էր, որովհետև ընտանիք չունեցավ։

Եվ դա ասում է Ամերիկայում ծնված ու մեծացած Սարոյանը․․․

Իր ու Վիլյամ Սարոյանի զրույցի մի պատառիկ է հիշում Վահանգն Դավթյանը․․․



Այսօր բարի հսկայի՝ Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։

Արմենակ և Թագուհի Սարոյանների որդին՝ Վիլյամը, թեև ծնվել էր Ֆրեզնոյում, սակայն իր ողջ էությամբ հայն ու հայկականն էր։ Թեև նրան համարում էին ամերիկացի գրող, Սարոյանն ինքը լավագույնս տալիս էր իր ստեղծած գրականության բնորոշումը․ «Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»:

Թեև ընտանիքը փախել էր Բիթլիսից՝ խույս տալով թուրքական կոտորածներից, սակայն հեռավոր Ամերիկայում էլ կյանքը դժվար ընթացք ունեցավ։ Վեց տարեկան էր ընդամենը, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Ամուսնու մահից հետո Թագուհի Սարոյանը ստիպված էր մանկատուն հանձնել երեխաներին: Հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը մեծ փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար: Բայց դա ճակատագրական այն հարվածն էր, որը միանգամից հասուն դարձրեց նրան․ «Մանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել: Մայրս նախատեց ինձ` ասելով․ «Դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս»: Ես դադարեցի լաց լինել»:



Սարոյանի ողջ կյանքն արտացոլվել է նրա գրքերում: Նրա բոլոր ստեղծագործությունները մի անվերջանալի պատմություն են իր մասին: Սարոյանը իր ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնը` բոլորի համար աշխարհում»: Իր ամենահուզիչ վիպակի՝ «Մարդկային կատակերգության» հերոս Հոմերը հենց ինքն է, իր մանկությունը։ Նա էլ մոր հոգսը կիսելու համար ստիպված էր հեռագրատանն աշխատել, և այն բոլոր զգացմունքները, որ նկարագրում է Սարոյանը, թերևս ապրված են, ուստի և այդքան անկեղծ են ու հոգեցունց։

Հայաստանը Սարոյանի մեծ սերն էր․․․ Այցելել էր հեռավոր հայրենիք ու դեռ չմեկնած՝ երազում էր վերադարձի մասին։



Լևոն Մկրտչյանը պատմում է, որ Սարոյանին դուր էին եկել երևանյան կոշիկները, որոնք հաստ տակացու ունեին։
«Երբ նրան տվեցին հարյուր ռուբլի գումար՝ ամենօրյա ծախսերը հոգալու համար, նա ասաց.

- Շատ լավ: Կհասնենք Երևան, կառնեմ ինձ երևանյան կոշիկներ: Լևոնի կոշիկներից:
Երևանում նրան փոխանցեցին պարգևավճարը:
- Սա Ձեզ «Սովետական գրող» հրատարակչությունից:
- Շատ լավ: Ինձ կոշիկ կառնեմ: Լևոնի կոշիկներից:
- Սա Ձեզ հեռուստատեսությունից:
- Շատ լավ: Ինձ կոշիկ կառնեմ:



Եվ նա իսկապես գնեց հինգ զույգ երևանյան կոշիկ: Սակայն մեկնելիս, երբ նա հավաքում էր ճամպրուկները, ասաց.
- Ես կուզեի երկար ապրել Հայաստանում, այնքան երկար, որ մաշեի բոլոր առած կոշիկները, բայց հիմա ես գնում եմ, իսկ ճամպրուկներումս տեղ չկա: Թող այս կոշիկները մնան Երևանում: Ես կիմանամ, որ Երևանում շատ կոշիկներ ունեմ, որ Հայաստանում ես ոտաբոբիկ չեմ:

Երբ նա նստում էր մեքենան՝ օդանավակայան գնալու համար, մի աղջին մոտեցավ ու ծրար փոխանցեց նրան.
- Սա Ձեր պարգևավճարը՝ «Գրական թերթից»:
- Շատ լավ,- ժպտաց Սարոյանը,- ինձ կոշիկ կառնեմ: Լևոնի կոշիկներից: Եվ կքայլեմ ու կքայլեմ այս հողի վրա այնպես, ինչպես դեռ ոչ ոք չի քայլել»։



Մահից առաջ Սարոյանը կտակում գրել էր, որ իր մարմինը հողին չհանձնեն, այլ այրեն ու մոխրի մի մասը հայրենիք հասցնեն։

Վահագն Դավթյանը գրում է․ «Եվ ահա Սարոյանի մահվան տարելիցին մի հարգարժան պատվիրակություն նրա աճյունասափորը բերել էր Հայաստան: Դարձյալ մայիս էր, դարձյալ արևոտ, պայծառ օր: Հայոց մեծերի պանթեոնում այդ սափորի թաղման արարողությունն էր: Բազմահոծ էր արարողությունը: Նայում էի փոքրիկ աճյունասափորին, և, թվում էր, թե սափորի մեջ մոխիր չէ, այլ ոգի: Թվում էր , թե եթե հանկարծ բացվի այդ սափորը, ապա ճիշտ այնպես, ինչպես հեքիաթներում է լինում այնտեղից նախ կբարձրանա մի թեթև ամպ, ու ամպի միջից կերևա ինքը՝ բարի հսկան ու մեզ, հավաքվածներիս կասի.

- Պզտիկ պատմություն մը ընեմ, լսեք...»։