Ներքին 2 տարի առաջ - 20:05 30-08-2023

Ասացիք, վերադարձրինք. Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին տեղում է

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և ֆինանսական միջոցներով պատրաստվել և Կոմիտասի անվան պանթեոնում տեղադրվել է բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին: Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող կիսանդրին գողացվել էր: Այս մասին հայտնում են նախարարությունից։

Աշխատանքների իրականացման համար սահմանված կարգով հայտարարվել էր մրցույթ. հաղթող քանդակագործը Սարգիս Բաղդասարյանի որդին է՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհել Շուշանիկ Կուրղինյանի հուշարձանին:

Նախարարի խոսքով՝ երկար ճանապարհ անցնելուց հետո վերջապես հնարավոր եղավ Շուշանիկ Կուրղինյանի արձանը վերադարձնել իր տեղը. «2021 թվականին Կոմիտասի անվան զբոսայգու տարածքից գողացվել էր անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի քանդակած Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին: Նոր տեղադրված կիսանդրու հեղինակ՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ այս քանդակը պատրաստվել է ոչ թե լուսանկարների, այլ նախկին քանդակի հիման վրա: Խորհրդանշական է, որ քանդակն իր տեղն է վերադարձվում ինչպիսին, որ ի սկզբանե կար: Այսօր՝ Շուշանիկ Կուրղինյանի ծննդյանը օրը, վերադարձնում ենք կիսանդրին իր տեղը, իր միջավայր: Ընդհանուր առմամբ՝ փոքրաթիվ են այն վայրերը, որոնք նվիրված են հանրության կյանքում մեծ վաստակ ունեցած և հետք թողած կանանց: Նոր պատրաստված այս կիսանդրին, տարածքի բարեկարգման որոշակի գործընթացները, հուսով եմ, կնպաստեն Շուշանիկ Կուրղինյանի կյանքի և գործունեության հանրային իրազեկմանը, մասնավորապես՝ երեխաների, դպրոցականների շրջանում»,- նշել է նախարարը և հույս հայտնել, որ այս գործընթացը կլինի շարունակական և կնպաստի մեծ ավանդ ու ներդրում ունեցած կանանց նվիրված գործերի ստեղծմանը՝ մայրաքաղաքում և մարզերում:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Աշոտ Բաղդասարյանին կիսանդրու պատրաստման և դրա հետ կապված բոլոր դժվարությունները հաղթահարելու համար: Նախարարի նշմամբ՝ 2023 թ. նշվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակը, ինչի կապակցությամբ սեպտեմբերի 5-ին Հայաստանի նկարիչների միության սրահում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված անվանի արվեստագետին:

Կիսանդրու հեղինակ՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել քանդակի ստեղծման գործում պետական հոգածության համար:

Հիշեցնենք, որ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանը (1923-2001 թթ.) բազմաթիվ հայտնի քանդակների հեղինակ է: Նրա կերտած հուշարձանների թվին են պատկանում Հունան Ավետիսյանի, Ավետիք Իսահակյանի, Հակոբ Պարոնյանի, «Մենք ենք մեր սարերը», «Ղարաբաղցիները», «Մեղեդի», «Հավերժ բարեկամություն», Դավիթ Բեկի, Լոռեցի Սաքոյի հուշարձանները:

Քանդակագործի ստեղծագործություններից պահվում են ՌԴ Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը