Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 18:00 29-08-2023

Պատճառը ՌԴ֊ն է. ինչու են կրկին բարձրանում բենզինի ու հեղուկ գազի գները

Հայաստանում վերջին շրջանում կրկին սկսել են բարձրանալ բենզինի ու հեղուկ գազի գները։ Մասնավորապես, բենզինի գինը 320 դրամից կրկին բարձրացել ու հասել է 490 դրամի, իսկ հեղուկ գազինը՝ 90-100 դրամի նկատմամբ վերջին շաբաթների ընթացքում կրկին բարձրացել է 30 տոկոսով։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Արմեն Քթոյանն ասաց, որ Հայաստան բենզինի մատակարարման գլխավոր աղբյուրը Ռուսաստանն է, և մեզ մոտ անմիջապես արտացոլվում են այն պրոցեսները, որ տեղի են ունենում ՌԴ բենզինի շուկայում։

«Երբ անցած տարի ՌԴ ներքին շուկայում գները ցածր էին, իսկ միջազգային գները՝ բարձր, առաջացավ մի իրավիճակ, երբ բենզին արտադրողները մեծ շահագրգռվածություն չունեին ներքին շուկայում վաճառելու բենզինը, նախընտրում էին արտահանել ավելի մեծ շահույթ ունենալու համար։ Սա երկրի ներսում դեֆիցիտ էր առաջացնում և գները բարձրանում էին։

Այս իրավիճաակում ՌԴ-ում ընդունվեց մի պրակտիկա, ըստ որի՝ երբ նավթամշակող ընկերությունները բենզին են վաճառում ՌԴ-ում միջազգային գներից ցածր գնով՝ կառավարությունից ստանում էին փոխհատուցում, իսկ եթե ներսի գներն ավելի բարձր էին՝ ընկերություններն էին հետ վերադարձ կատարում կառավարությանը։

Այս սխեմայով աշխատելու դեպքում՝ ընկերությունները պետությունից 2022 թ-ին զգալի գումար էին որպես փոխհատուցում ստանում, այդ գումարը 2022-ին գերազանցեց 2 տրիլիոն ռուբլին»,- նշեց նա։

Տնտեսագետը նշեց, որ ՌԴ-ի կառավարությունն այս տարի այդ գումարները նվազեցրել է, այս տարի էլ որոշել է, որ պետք է շուրջ 50 տոկոսով կրճատվեն այդ վճարումները․ «Սա նշանակում է, որ անկախ նրանից, թե որտեղ է ընկերությունը բեզինը վաճառում՝ ներսում, թե դրսում՝ պետությունը չի փոխհատուցում։ Երբ այս փոխհատուցումների պրակտիկան աստիճանաբար նվազում է, նավթամշակող ընկերությունները գները թանկացնում են»։

Դրա արդյունքում բենզինի մատակարարման պայմանագրերում վերջին շրջանում գրացվել է վերջին ժամանակների համար ամենաբարձր գինը՝ 75 ռուբլի, մեկ լիտի դիմաց, ինչը բավականին բարձր գին է։

«Մյուս գործոնն էլ լոգիստիկական խնդիրն է։ ՌԴ-ում վառելիքի էներգակիրների արտահանման մեջ զգալի դերակատարում ունի երկաթուղային տրանսպորտը։ Նախկինում հիմնական հոսքերը դեպի Արևմուտք էին։ Հիմա, երբ ՌԴ-ն պատժամիջոցների տակ է, այդ հոսքերը փոխարինվել են դեպի արևելք մատակարարումներով։ Այսինքն, նախկինում զգալի հոսք կար ՌԴ-ից դեպի Եվրոպա, հիմա այդ հոսքը երկաթուղու միջոցով պետք է ուղղորդել դեպի Արևելք, օրինակ Չինասստան։ Դա նշանակում է զգալի ռեսուրսներ պետք է ներգրավվել շարժակազմերի և այլնի համար։ Դրանով պայմանավորված ՌԴ-ում շարժակազմերի անբավարարություն կա, ինչը ներքին շուկայում դեֆիցիտ է ստեղծում ու գների վրա ազդող գործոն է հանդիսանում։

Այս ամենի արդյունքում էլ բենզինի գները թանկանում են նաև մեր շուկայում»,- կարծում է նա։

Անդրադառնալով հեղուկ գազին՝ նա ընդգծեց, որ այստեղ շուկան տատանողական է ու կրկին լոգիստիկական ու այլ բնույթի խնդիրներով է պայմանավորված։ «Մենք թանկացումը դիտարկում ենք մի ֆոնին, երբ գները պատմականորեն ցածր մակարդակի վրա են։ Անգամ հասնում էր 90 դրամի, մինչդեռ մեկ տարի առաջ ունեինք մի իրավիճակ, երբ գները հասել էին 280-300 դրամի, հետո խնդիրները լուծվեցին։ Կարծում եմ, այս մակարդակը շուկայի տատանողականությամբ է պայմանավորված։ Ամեն դեպքում՝ հիմա էլ հեղուկ գազի գինն ավելի ցածր է, քան միջազգային մակարդակը, որն արձանագրվել է վերջին 2 տարվա ընթացքում»,- եզրափակեց նա։