Հայաստանում բենզինի գների նվազումն անհամաչափ է, աշնանը գները կրկին կբարձրանան․ Արմեն Մանվելյան
copy image url

Հայաստանում բենզինի գների նվազումն անհամաչափ է, աշնանը գները կրկին կբարձրանան․ Արմեն Մանվելյան

Ներքին 2 տարի առաջ - 18:18 01-08-2022
Վերջին մի քանի օրերին Երևանի բենզալցակայաններում բենզինի գինը նվազել է, 10-20 դրամով։ Եթե մոտավորապես մեկ ամիս ասաջ ռեգուլյարը կարելի էր գնել 520 -530 դրամով, ապա հիմա այն վաճառվում է 500-510 դրամով, իսկ պրեմիումը, որի արժեքը 540 դրամ էր, այժմ կարելի է գնել 520-530 դրամով։

Oragir.news-ի հետ զրույցում էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանն ասաց, որ սա պայմանավորված է Ռուսաստանում բենզինի գների նվազմամբ։

«Քանի որ հիմա Հայաստան հիմնականում Ռուսաստանից է ներկրվում բենզին, հետևաբար, որոշ չափով բենզինի գինը նվազել է։ Բայց Ռուսաստանում բավական շատ է նվազել է բենզինի գինը, ու հիմա Հայաստանում նվազումը պետք է ավելի էական լիներ, քան նկատվում է շուկայում։ Այսինքն՝ այս փոքր ինչ նվազումը ոչ մի բան չի արտացոլում՝ ո՛չ միջազգային շուկայում իրավիճակ, ո՛չ ռուսական շուկայում։ Սա ներքին կորպորատիվ համաձայնություն է։ Հայաստանում բենզին 3 ներկրող կա, շուկան մոնոպոլիզացված է և տրամաբանություն փնտրել այս շուկայում՝ անիմաստ է»։

Նա ընդգծեց, որ Հայաստանում մեր հարևան երկրների համեմատությմաբ բենզինի գները միշտ էլ բավական բարձր են եղել։

«Պետւթյունը պետք է վերահսկեր իրավիճակը, բայց քանի որ պետություն չկա, վերահսկողությունն էլ բացակայում է, հետևաբար այս բարձր գները միշտ պայմանավորված են եղել ներքին համաձայնությամբ։

Ընդ որում, երբ համաշխարհային շուկայում գները բարձրանում են, մեզ մոտ նույնպես գները բարձրանում են, բայց երբ նվազում է, երբեք նվազեցում չի լինում գների, գոնե այն չափով, որ պետք է նվազի։ Հետևաբար, չնայած որոշակի նվազում գների նկատվում է, բայց բենզինի գները շարունակում են բավական բարձր մնալ»։

Նա ընդգծեց, որ աշնանը ակնկալվում է նավթի գների աճ, որն իր հերթին որոշակի ազդեցություն կունենա նաև բենզինի գնի վրա։

«ԱՄՆ-ն կսկսի նորից նավթ գնել, հիմա ԱՄՆ-ը բացել է իր պահուստները և վաճառում է նավթը։ Դրանով փորձ է արվում գները նվազեցվել, բայց դա երկար չի կարող շարունակվել, շուտով ԱՄՆ-ն կսկսի նորից լրացնել այդ պահուստները, արդյունքում, նավթի գները էլի կբարձրանան, չնայած այսօր արդեն բավական բարձր են անցած տարվա համեմատ։ Այս պահին մեկ բարելը վաճառվում է 95-100 դոլարով, որը անցած տարվա համեմատությամբ 30-40 տոկոսով ավելի է։

Թե սա ինչպես կազդի բենզինի շուկայի վրա դժվար է ասել, քանի որ տրամաբանությունը հատկապես, Հայաստանի շուկայի համար բավական քիչ է։ Ես չեմ կարող ասել, թե բենզինի գնի վրա դա ինչպես կազդի, և Հայաստանում ներմուծողները ինչպիսի պայմանավորվածություն ձեռք կբերեն։ Այդ պայմանավորվածությունների արդյունքում գները կարող են անհամաչափ բարձրանալ, շեշտեմ, այստեղ շուկայական տրամաբանություն գոյություն չունի»։

Ամենից շատ դիտված