copy image url
Մշակույթ 8 ամիս առաջ - 21:46 25-08-2023

Ամբողջովին ծնված մեր հողից, սնված մեր արմատներից․ Սիլվա Կապուտիկյանի հիշատակի օրն է

«Մեր մեծ հանճարեղ ժողովրդի զավակն ես դու` ամբողջովին ծնված մեր հողից, սնված մեր արմատներից, մեր տանջանքներից ու ուրախություններից, այն ժողովրդի, որը երբեք չի տիրել, չի տրորել, այլ միշտ տրորված լինելով` շարունակել է շտկել իրանը, բարձրացնել գլուխը և նորից նայել արևին, նորից ստեղծել, ստեղծել, ստեղծել․․․»,- բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի մասին ասել է Մարտիրոս Սարյանը։

Այսօր գրող, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի հիշատակի օրն է։

Հեշտ չի անցել ապագա բանաստեղծուհու մանկությունը։ Իր ծննդից քիչ առաջ էր մահացել հայրը՝ հայտնի դաշնակցական Բարունակ Կապուտիկյանը։ Հետաքրքիր է, որ մայրը՝ Լիան, նորածնին անվանակոչել է ամուսնու սիրած կնոջ անունով՝ Սիրվարդ։ Ինքը՝ Սիլվան, իր անունը կոպիտ է համարել՝ այն նրբացնելով և դարձնելով Սիլվա։



Կապուտիկյանի երիտասարդության տարիներին նրան անընդհատ մեղադրել են դաշնակցականի աղջիկ լինելու մեջ, ստիպել են ուրանալ հորը։ Նա էլ, չդիմանալով մշտական ճշնմանը, այրել է հոր իրերը, փաստաթղթերը։ Բայց տարիներ անց խոր զղջում է ապրել իր այդ արարքի համար՝ գրելով «Հորս» հուզիչ բանաստեղծությունը։

Քեզ անվերջ խլել խլել ե՛ն ինձնից,
Ես անվերջ զիջել, ա՛խ, զիջե՜լ եմ քեզ,
Ուշ արցունքներով թախանձում եմ ես՝
Հա՛յր իմ, ների՜ր ինձ…



Սիլվա Կապուտիկյանն ամուսնացել է Հովհաննես Շիրազի հետ։ Շիրազի և Կապուտիկյանի համատեղ կյանքը հարթ չէր ընթանում: Փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, չհասկացված և չսիրված լինելու երկուստեք զգացողություններ: Եվ այս ամենի տրամաբանական հետևանքը այն է լինում, որ զույգը բաժանվում է 4 տարի տևած ամուսնությունից հետո: Որդին, որը բանաստեղծուհու խոսքով օրհնություն էր, մեծ նվեր, մնաց մոր հետ: Իհարկե, հետագայում նրան մեծացնելու հետ էլ բանաստեղծուհին բախվում է տարբեր դժվարությունների, որոնք իրենց արտացոլանքն են գտնում բանաստեղծուհու տողերում:



Սիլվա Կապուտիկյանը կանգնած է Արցախյան շարժման հիմքերում։ Նա այն մտավորականներից էր, որ առաջին իսկ օրերից իր շուրջն էր համախմբում քաղաքացիներին։

1988թ. փետրվարի 15-ին Գրողների միությունում կազմվել էր հանձնաժողով`միության նախագահ Հրաչյա Հովհաննիսյանի, Սերո Խանզադյանի, Զորի Բալայանի, Վարդգես Պետրոսյանի և Սիլվա Կապուտիկյանի անդամակցությամբ, և որոշվել հեռագիր ուղարկել Գորբաչովին:

«Հարկավոր էր 2-3 էջում շարադրել ԼՂԻՄ-ի առաջացման ողջ պատմությունը, նրա անտրամաբանական վիճակը, յոթանասունամյա թնջուկի լուծման անհրաժեշտությունը: Կազմեցինք, ուղարկեցինք»,- գրում է բանաստեղծուհին:

Փետրվարի 26-ին Գորբաչովը Կրեմլում ընդունում է Բալայանին և Կապուտիկյանին:



Կապուտիկյանը գրում է, որ Գորբաչովի հետ մեկ ժամից ավել տեւած խոսակցությունն ընթացել է «ոչ պաշտոնական, կարելի է ասել՝ մտերմիկ մթնոլորտում»:

Հայ բանաստեղծուհին հետագայում հրապարակած իր գրքում ամենայն մանրամասնությամբ է ներկայացնում ինչպես 88-ի փետրվարյան այդ հանդիպումը, այնպես էլ դրան հաջորդած իրադարձությունները:

«-Մեզ` հայաստանցիներիս համար,- շարունակեցի ես,- արտասահման գնալն ավելի հեշտ է, քան Ղարաբաղ: Ես այնտեղ եղել եմ միայն 1959 թ.: Ինչպես հետագայում իմացա, վերադարձիցս հետո նեղել էին ինձ հետ հանդիպողներին: Վախից չենք գնում այնտեղ, որովհետև Ադրբեջանի ղեկավարներն ասում են, թե Հայաստանի մտավորականներն են, հատկապես գրողները, ջուրը պղտորում, հրահրում Ղարաբաղում անջատողական տրամադրություններ…

-Ասում են` Դեմիրճյանը,- նկատեց Գորբաչովը,- իր ղեկավարության 15 տարիների ընթացքում չի եղել Ղարաբաղում…

-Ճիշտ է, չի եղել, և ոչ միայն Դեմիրճյանը: Մեր բոլոր ղեկավարներն էլ անթույլատրելի անտարբերություն են ցուցաբերել դեպի ԼՂԻՄ-ը: Վախեցել են միջամտել հարևան հանրապետության գործերին: Մյուս կողմից` նրանք մեղավոր չեն: Ղարաբաղում այնպիսի մթնոլորտ է, Հայաստանից եկողների նկատմամբ այնպիսի հետապնդումներ են կազմակերպում, որ այնտեղ գնալն անհնար է…

-Ղարաբաղ-Հայաստան կապերի միջև եղած արգելքներն ուղղակի խայտառակություն են,- ասաց Գորբաչովը: -Հարկավոր է, որ հայաստանցիներն ազատ գնան-գան, մշակութային փոխադարձ միջոցառումներ կազմակերպվեն, Հայաստանը մասնակցի մարզի կյանքին:

-Մինչև որ մարզը չմիանա Հայաստանին, այդ ամենը համարյա անհնար է, Ադրբեջանը չի թողնի…

-Պետք է Ադրբեջանն ինքը հասկանա: Իսկ ինչ վերաբերում է մարզը Հայաստանին միացնելուն, հիմա դա շատ դժվար է: Այդ տիպի մոտ 19 հարց ունենք, որոնք բոլորն էլ լուծման կարիք ունեն․․․»։



Սիլվա Կապուտիկյանը քաղաքացիական բարձր գիտակցությամբ մտավորական էր։ Ցանկացած պարագայում նա իր ձայնն էր բարձրացնում՝ պաշտպանելու իր ժողովրդի շահերը։ Հայտնի է, որ նա որոշ դժգոհություններ ուներ նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությունից և բազմիցս խոսել է նաև այդ մասին»։