Ուղիղ եթեր
Նադիր շահը և հայերը․ պարսկական Նապոլեոնի պատմությունը
copy image url

Նադիր շահը և հայերը․ պարսկական Նապոլեոնի պատմությունը

Ներքին 1 տարի առաջ - 19:50 06-08-2023
Նադիր շահը Պարսկաստանի պատմության մեջ ամենաինքնատիպ ու ականավոր գործիչներից է։ Պատմության մեջ այս օրը համարվում է Նադիր շահի ծննդյան օրը, գործիչ, ում անունը հայտնի է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» ստեղծագործությունը գեթ մեկ անգամ կարդացած յուրաքանչյուր հայի։

Հայտնի է, սակայն, որ Նադիր շահը խորագետ քաղաքական գործիչ էր և հայ ժողովրդի հետ իր հարաբերություններում շատ հաշվենկատ, այնպես որ թումանյանական կերպարն այդքան էլ չի համապատասխանում պատմական իրականությանը։

Պատմաբանները նրան Նադիր շահ են կոչում, բայց Իրանի ահեղ տիրակալը երբեք շահի տիտղոս չկրեց` բավարարվելով իր համար համեստ խանի տիտղոսով: Եվ սա ամենևին պատահական չէ, քանի որ նա շահի աստիճանի չի հասել ժառանգական իրավունքով, այլ նվաճել է այն իր խորագիտության շնորհիվ։

Նադիրը հոր վաղաժամ մահից հետո ընտանիքի հոգսը հոգում էր` ուղտով փայտ վաճառելով: Բայց ճակատագիրն այլ բան էր նախապատրաստել պատանու համար: Նադիրին ու մորը գերեվարում են ուզբեկներն ու ստրկության վաճառում: Սակաjն շատ չանցած՝ պատանին փախուստի է դիմում և ավազակությամբ զբաղվում: Շուտով նա դառնում է անվանի ավազակապետ, որի գործունեության վայրը Խորասան նահանգն էր:



Նադիրը կարողացավ մեծ ավազակախումբ հավաքել և ահ ու սարսափ տարածել շրջապատում: Նա դարձավ ազդեցիկ ու հզոր իշխանավոր: Նադիրի կյանքի համար շրջադարձային էր Գելաթ քաղաքում հանդիպումը ծերունի հորեղբոր հետ, որը կոչ արեց թողնել ավազակությունն ու կյանքը նվիրել աֆղան հրոսակախմբերից Իրանն ազատագրելու սրբազան գործին: Երիտասարդն անմիջապես գործի անցավ: Ազատագրեց Գելաթը, ապա՝ Մազանդարանը, որից հետո շահ Թահմասպ Երկրորդն իր մոտ հրավիրեց Նադիրին:

Ծառայության անցնելով Իրանի շահի մոտ՝ Նադիրն իր անունը փոխեց, դարձավ Թահմազ ղուլի, որ նշանակում է Թահմազի ծառա: Նադիրը զորահրամանատար դարձավ, ստացավ խանի տիտղոս:

Իրանում իսկական քաոս էր տիրում: Շահի իշխանությունն անվանական էր, երկիրը պառակտված էր: Օգտվելով առիթից՝ Ռուսաստանը հյուսիսից, Օսմանյան Թուրքիան` արևմուտքից մասնատում էին երկիրը: Նադիրը կարողացավ ճնշել աֆղանների ապստամբությունը, աֆղաններից մաքրել Խորասանը։ Մեծ դժվարությամբ, բայց նա կարողացավ հասնել շահի աստիճանի՝ միավորելով պառակտված երկիրը։



Նադիրը, որ խորունկ ու ճկուն քաղաքագետ էր, վեր էր կանգնած կրոնական սահմանափակումներից։ Թուրքիայի դեմ պայքարի հենց սկզբում նա հասկացավ, որ ողջ Ադրկովկասում հայերը միակ իրական ու կարող ուժն են, որ դիմագրավում են իր հակառակորդին՝ Օսմանյան Թուրքիային։ Հակաթուրքական ուժ լինելով՝ հայերը փաստորեն հանդես եկան որպես Նադիրի դաշնակիցներ։ Նա ամեն կերպ փորձում էր սիրաշահել հայ ժողովրդին։ Հենց նրա խորհրդով էր շահ Թահմազը ճանաչել Սյունիքի՝ Դավիթ Բեկի գլխավորած անկախ հայկական իշխանությունը, Արցախի ազատագրական շարժման գործիչներից մի քանիսին՝ Ավան հարյուրապետին և այլոց, շնորհել խանի տիտղոսներ։

Հատկապես մտերիմ էին Նադիր շահի հարաբերությունները կաթողիկոս Աբրահամ Գ Կրետացու հետ։ Երբ Իրանում թագադրման արարողության ժամանակ գահ էր բարձրանում շահը, նրա մեջքին սուր էին կապում: Նադիրը պահպանեց այդ արարողակարգը, բայց այդ պատիվը նա վերապահեց հայոց Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսին։ Այսպիսով, հայոց կաթղիկոսը դարձավ Նադիր շահի թագադրողը։

Լավ իմանալով հայ իրականության մեջ եկեղեցու անբեկանելի հեղինակության մասին՝ Նադիր շահը փորձում էր հարաբերությունները հարթել նաև Հայ առաքելական եկեղեցու հետ։ Դիզակի մելիք Եգանի խորհրդով, որի հետ ուներ ջերմ կապեր և մեծ վստահություն, նա այցելում է Էջմիածին, մասնակցում պատարագին, եկեղեցուն ազատում հարկերից և դեռ ինքն էլ Մայր տաճարին 15-կիլոգրամանոց ոսկե ջահ է նվիրում, իսկ եկեղեցու վերանորոգման համար՝ 1000 թուման։



Իր ռազմական տաղանդի պատճառով շատ ժամանակակից պատմաբաններ Նադիր շահին պարսկական Նապոլեոն էին կոչում:

Ցավոք, կարճ տևեց նադիր շահի կյանքը։ Իր կասկածամտության պատճառով նա արդեն հոգեկան հիվանդության ու մոլագարության էր հասել: 1747 թ. հունիսի 19-ին 59 տարեկան հասակում նա սպանվեց իր երեք մերձավոր սպաների ձեռքով:

Իսկ ի՞նչ ենթատեքստ ունի Թումանյանի գործը, ի՞նչ հանձնառություն ունի այստեղ շահի կերպարը։ Կա տեսակետ, որ իր նշանավոր «Թմկաբերդի առումը» ստեղծագործության մեջ Թումանյանը քաղաքական ենթատեքստ է դրել։ Թմկա տիրուհու կերպարում մարմնավորվում է հայ ժողովուրդը, որը անասելի հանցանք է գործել՝ դավաճանություն, և թեև զղջում է դրա համար, բայց շահի հրամանով՝ մահվան է դատապարտված։ Պատիժն անխուսափելի է, որովհետև Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընտրություն կատարելիս պիտի հայ ժողովուրդը դավաճանություն չգործեր, որպեսզի չպատժվեր։