Երևան +21°
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 23:30 18-07-2023

Արայիկ Ա Ծայրահեղ թագավորը

Դարեր ի վեր հայ ժողովուրդը բնորոշվել է որպես տաքարյուն․ բազմաթիվ պատմություններ կան հայկական տաքարյունության վերաբերյալ: Օրինակ՝ հայտնի է, որ հռոմեացի զորավար Լուկուլլոսը Տիգրանակերտը պաշարելիս (Ալեն Սիմոնյանի ու Սուրեն Պապիկյանի հայրենիքը չէ, այն մյուս՝ մայրաքաղաք Տիգրանակերտը) իր հաշվարկը կառուցել էր նրա վրա, որ Տիգրան Մեծը հայ է, ուրեմն տաքարյուն է, ուրեմն չի դիմանա և կգրոհի քաղաքը պաշարած զորքի վրա։ Այդպես էլ լինում է․ ցավոք, Տիգրան Մեծն այնքան իմաստնություն չուներ, որ այդ ճակատամարտից հետո հայտարարեր Խաղաղության դարաշրջանի մասին, հանձնվեր զորավարին և աներ այն ամենը, ինչ ցանկանում էր թշնամին։ Տիգրանը էշ-էշ շարունակեց պատերազմը, Արտաշատը փրկելու համար չհանձնեց Դվինը, ոչ մի միջանցք ոչ ոքի չհանձնեց, չհամարեց, որ հայերով բնակեցված տարածքները սխալմամբ են բնակեցված հայերով, և պատերազմն ավարտվեց խայտառակ պարտությամբ։ Չէ, մեր չէ, հռոմեացիների։

Դարերը փոխվել են, աշխարհը առաջ է գնացել, փողային փոխանցումները շատ արագ են կատարվում, հետևաբար, զանազան հիմնադրամներ շատ ավելի արդյունավետ են աշխատում, մենք արդեն ունենք առաջնորդներ, ում արժանի չենք, բայց հայկական տաքարյունությունը մնացել է։

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այդպիսի մի քայլ կատարեց․ հայտարարեց, որ գնում է ծայրահեղության ու նստեց նստացույցի։ Իհարկե, պետք է նշել, որ հսկաներին գնահատելու համար պետք է ժամանակ անցնի, ինչպես հնարավոր չէ շատ բարձր լեռը, ասենք՝ Արագածը (թեև նա սար է) գնահատել նրա ստորոտից․ Արագածը գնահատելու լավագույն վայրը, բոլորս էլ գիտենք, Ենոքավան գյուղն է, որտեղից կարելի է տեսնել նրա ողջ գեղեցկությունը, ճիշտ այդպես էլ հնարավոր չէ ժամանակի մտքի հանճարներին անմիջապես գնահատել ու հասկանալ նրանց քայլերը։ Ասենք՝ Նիկոլ Փաշինյանը․ նրան հասկանալու համար մի քանի հազար տարի պետք է անցնի, Արայիկ Հարությունյանը, որ անկասկած ավելի համեստ հանճար է, մի քանի հարյուր տարվա կարիք ունի, բայց ամեն դեպքում նրա արած ծայրահեղ քայլը, մեր մեջ ասած, չափազանց ծայրահեղ էր, հայկականությանը ոչ բնորոշ էքստրեմիզմ։ Ինչպես ասում են Նիկոլ Փաշինյանի մերձավորները, սրանով նա արդեն ոչ թե պատերազմ, այլ մարդկության վերջն է հրահրում։

Ես՝ որպես միջակից ցածր հայ էքստրեմիստ, որի փորձառությունը սահմանափակվել է դպրոցական տարիներին մատյան վառելու տխուր փորձերից հետո տոնածառ վառելու շատ ավելի տխուր ու սրտմաշուկ կոչով, ցայտնոտի մեջ եմ․ ինչ պատասխան եմ տալու ես իմ զավակներին ու թոռներին, երբ ինձ հարցնեն, թե ինչ էիր անում դու, երբ Արայիկ Հարությունյանի նման քաղաքական, քաղաքակրթական, գյուղատնտեսական և ֆինանսաբանկային համաշխարհային մեծությունը հայտարարեց, որ գնում է նստացույցի։ Ես պիտի գլուխս կախեմ, որովհետև այդ օրը մի քիչ հոգնած էի ու այդ պատմական պահին եղել եմ քնած։ Հայի բախտ, 40 տարի անիմաստ ապրես ու կյանքի ամենաբախտորոշ պահին լինես քնած։

Ինչպիսի քայլ․ նստացույց վրանում։ Մեջքից հարված մեր բոլոր ոսոխների տասնամյակներ տևած պատրաստություններին, ո՞վ կարող է հաշվել, թե քանի տոննա սև խավիար թափվեց լիճը այդ տաքարյուն, բայց հանճարեղ քայլով, ինչքան զրահամեքենա ու տանկ խոցվեց, «զգետնվեց», ինչպես ասում էր ռազմի չստացված սուրհանդակը։

Իհարկե, կլինեն իրենց ռացիոնալ համարող անհատներ, որոնք կպնդեն, թե արդյոք արժե՞ր մի կտոր հողի ու ինչ-որ 120 հազար մարդու կամ 30 հազար երեխայի համար նման ծայրահեղ քայլի գնալ։ Իհարկե, արժեր,- կպատասխանի նրանց հայոց պատմությունը, որը գրվելու է ԿԳՄՍ նոր հաստատված չափորոշիչներով։

Եկեք պատկերացնենք, թե ինչ է գրելու վաղվա քպական պատմաբանը․ Փոքր Հայաստանի արքան մտնում է մի վրան, որտեղ ոչինչ չկա, մի սեղան և երկու էժանագին աթոռ։ Արքան նստում է աթոռներից մեկին, և այնպիսի դրամատիկ տեսարան է, որ երկրորդ՝ նույնպես էժանագին, բայց դատարկ աթոռը կարծես կանչում է նայողին իր մոտ, ասում է՝ արի այստեղ, ինչ ես նստել քո փափուկ բազկաթոռին։ Կարո՞ղ էր Արցախի նախագահը նստել թախտին ու սպասել հետագա զարգացումներին, կարող էր, ավելի ճիշտ՝ նա հենց թախտին էլ նստած էր, բայց վեր կացավ ու նստեց նստացույցի աթոռակին։

Ուրիշ ժողովուրդներ, եթե ունենային Արայիկ Հարությունյանի պես ծայրահեղ քայլերի գնացող առաջնորդներ, միանգամից օրինակ կվերցնեին նրանցից, նրանց անմիջապես կներառեին իրենց պատմության դասագրքերում, այդ քայլը կդնեին արքայի անվան մեջ, օրինակ՝ Արայիկ Ա Ծայրահեղ թագավորը։

Իսկ մեզ մո՞տ։ Մեզ մոտ կան սինլքորներ, որոնք պնդում են, թե նստացույց անելու հայտարարությունը պետք է հասկանալ ոչ թե նստելով ցույց անելու, այլ նստուկը ցույց տալու իմաստով․ նրանք, ինչ խոսք, անհայրենիք մարդիկ են։

Նստել․ սա հայերենի ամենակարևոր ու բազմաշերտ բառերից մեկն է։ Նայեք՝ ինչպիսի իմաստներ նա ունի․ բանտում նրանք երկար նստեցին, նստել են մեր գլխին, ինչ նստեց մեզ վրա ձեր իշխանությունը, մի նստելով ամբողջը վարի տվեցիր, ջինսը տիկնոջ վրա շատ լավ է նստում, մեր շնչի վրա մի նստեք, մեզ վրա շատ ծանր է նստում․ սրանք բոլորն առկա են նստացույցի նստ-ում։

Ի վերջո, եկեք չմոռանանք մեծ Թումանյանին, ով Գիքորի համար ասում էր․ «Իմ դարդն էլ էն ա, աղա ջան, որ մարդ դառնա․․․ նստել-վեր կենալ սովորի»։

Գևորգ Էմին-Տերյան
Նստացույցի ականատես

Ամենից շատ դիտված

21:09 7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է. shamshyan.com
12:00 Փաշինյանի հայտարարությունից հետո Իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանել. մոր բացահայտումը
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
13:00 էլ ինչ ասեմ, այ «դուխով» գլխարկ կրող․ համացանցը՝ Հովհաննես Դավթյանի մասին
14:00 Ով է շունը. «հեղափոխությանը» մասնակցած Հովհաննես Դավթյանը ստում է
18:00 Ադրբեջանին տարածքներ կհանձնվեն նաև Խորհրդային Հայաստանից․ Փաշինյանը կրկին ստում է
20:44 Հրեք՝ հանեք․ կարմիրբերետավորները ուժ են գործադրում լրագրողների նկատմամբ
12:48 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել. shamshyan.com
12:32 Չհաջողված «էքսպերիմենտ»․ Փաշինյանը ջուրը լցրեց սեղանին և սկսեց լղոզել այն
20:28 Ոստիկանությունը փակել է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը