copy image url
Խոսք Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 19:00 14-07-2023

Փաշինյան-Ալիև հանդիպմանը վերջնական փաստաթուղթ չի ստորագրվի. կհամաձայնեցվի ևս մի քանի հարց

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ հուլիսի 15-ին Բրյուսելում կկյանա իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ «Ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը։ Հույս ունեմ՝ հանդիպման ընթացում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ այս հանդիպումը պետք է կայանար հուլիսի 21-ին։ Միևնույն ժամանակ Հայաստանի վարչապետը չի պարզաբանել, թե ինչու է հանդիպումը նախատեսվածից 6 օր ավելի շուտ տեղի ունենում։

Oragir.News-ի հետ զրույցում «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը նշեց, որ վաղուց հայտնի է, թե այս հանդիումն ինչ արդյունքներ է ունենալու, ինչի մասին իր վերջին հարցազրույցում խոսեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա հիշեցրեց, որ Գրիգորյանն իր խոսքում նշել էր, որ բարձր է գնահատում Միացյալ Նահանգների միջնորդությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում, ինչպես նաև վերահաստատել էր, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Արցախի հետ միասին։ «Այսինքն մենք տեսնում ենք Արցախն Ադրբեջանին նվերելու վաշինգտոնյան պլանի իրագործումը, և վաղն էլ դրա հերթական փուլն է կայանալու»,- ընդգծեց նա։

Հայկ Այվազյանի համոզմամբ՝ միակ անհանգստացնող հանգամանքն այն է, որ հանդիպումը նախատեսված էր հուլիսի 21-ին, սակայն մի քանի օր ավելի շուտ է անցկացվում, որի պատճառներն անհասկանալի են։ Նա կարծում է, որ նման քայլով արևմուտքը փորձում է Ռուսաստանի շուրջ օղակը սեղմելու և Արցախից ռուս խաղաղապահներին դուրս բերելու գործընթացն արագացնել։

Փորձագետն այս համատեքստում ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում հայտարարեց, որ ռուս խաղաղապահները 2025 թվականին դուրս են գալու Արցախից։ Նա ընդգծեց, որ այս հայտարարությամբ Թուրքիայի նախագահը փաստացի ՆԱՏՕ-ին զեկուցեց, որ 2025 թվականից հետո Լեռնային Ղարաբաղ անցնելու է իր տիրապետության տակ։

«Իհարկե դա փաստ չէ, որ այդպես կլինի, սակայն նման զարգացման հավանականությունը մեծ է։ Սակայն ՆԱՏՕ-ին պետք է, որ դա ավելի շուտ լինի, և ռուսներին ավելի շուտ հեռացնեն տարածաշրջանից։ Կարծում եմ, որ այսօր էլ ռուս խաղաղապահների շտաբի մոտ վրանների տեղակայումն այդ գործընթացի մի մասն է կազմում, որովհետև, երբ Ռուսաստանից պահանջում ես գործուն քայլեր, այդ դեպքում հարց է առաջանում՝ 2022 թվականի փետրվարի 24-ին ՌԴ-ի կողմից Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի դեմ սկսված հատուկ օպերացիան գործուն քայլ չէ՞ր։ Այն ուղղված էր Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մասին պահանջների կատարումն ապահովելուն, իսկ դա վերաբերվում է նաև Հարավային Կովկասին։ Հետևաբար Ռուսաստանն Ուկրաինայում արդեն իսկ իր զինվորների կյանքի գնով գործուն քայլերը կատարում է, որից կախված է նաև Հարավային Կովկասի իրավիճակը»,- նշեց նա։

Այվազյանը միևնույն ժամանակ չի կարծում, որ վաղը կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ որևէ վերջնական փաստաթուղթ կստորագրվի, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ հարցերում կողմերը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները, հնարավոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը ևս մի քանի կետ համաձայնեցնեն, որոնք կարիք կա քննարկելու։ «Ըստ էության Վաշինգտոնը կանչում է իր մոտ, ասում է այսպես պետք է անեք, հրահանգները տալիս է, իրենք էլ խելոք կատարում են»,- կարծում է նա։

Հարցին, թե հանդիպման արդյունքներով կարո՞ղ ենք ակնկալել, որ Վաշինգտոնի միջնորդությամբ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարցում էլ որոշ զարգացումներ կլինեն, ինչի մասին վերջերս շատ է խոսվում՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն արդեն իսկ այդ հարցերը քննարկել է, իսկ վաղը հավանաբար կքննարկվի, թե ինչպես են ստիպելու Լեռնային Ղարաբաղին, որպեսզի նա սահուն կերպով համաձայնվի ինտեգրվել Ադրբեջանի կազմում և չդիմադրի։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ դա կարող է լինել ոչ ուժային մեթոդով՝ համոզելով։ Վերջինս չի բացառում, որ անվտանգության երաշխիքների անվան տակ Եվրոպական միությունը և Եվրոպական խորհուրդը կարող են գալ և գրասենյակներ բացել Արցախում, որպեսզի մարդու իրավունքների ապահովմանը հետևեն և այլն, իսկ իրականում արցախցիների գլխի տակ փափուկ բարձ դնեն։

Փորձագետը չի բացառում, որ նման զարգացման դեպքում Արցախում մի քանի տարի միջադեպեր տեղի չեն ունենա՝ հիշեցնելով, որ 2020 թվականի պատերազմից առաջ Ադրբեջանն ամիսներ շարունակ չէր կրակում, որևէ դիվերսիա չէր իրականացնում, իսկ դա մեզ ներկայացվում էր որպես Փաշինյանի ձեռքբերում՝ ասելով, որ «Նիկոլը եկել է ու այլևս պատերազմ չի լինի»։ «Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի։ Հիմա եվրոպական կառույցներին կբերեն այստեղ, երկու-երեք տարի ժողովրդի զգոնությունը կթուլացնեն, ժողովուրդն էլ կմտածի, որ եվրոպացիները եկել են և ապահովում են իրենց անվտանգությունը, սակայն, երբ ռուսների հարցերը լուծեն, արևմուտքը, ինչպես բնորոշ է իրեն և ինչպես արդել է երկրագնդի տարբեր կետերում, Արցախի հայությանը շատ վատ ձևով գցելու է»,- ընդգծեց նա։

Այվազյանը հավելեց, որ եվրոպացի չինովնիկի միակ նպատակն իր կարիերան ապահովելն է, իսկ այդ կարիերան կախված է նրանից, թե ԵՄ-ի համար ստրատեգիական նշանակություն ունեցող Ադրբեջանի հետ որքան լավ կկարողանա հարցերը կարգավորել, նոր նախագծեր իրականացնել և այլն։ Նա կարծում է՝ ԵՄ չինովնիկը շահագրգռված է, որ թոշակի անցնելուց հետո նշի, թե իր գործունեության ընթացքում Ադրբեջանի հետ որքան պրոյեկտներ է իրականացրել, ինչպես է ծառայել ԵՄ-ի շահերի սպասարկմանը, ինչի համար նրան լավ թոշակ կհատկացնեն և կուղարկեն հանգստի։ «Այսինքն իրենք թքած ունեն հայության վրա ու այն հնարավոր զարգացումների, որոնք տեղի կունենան Արցախում։ Վստահ եղեք՝ արևմուտքը վերջում շատ նենգ ձևով գցելու է»,- եզրափակեց նա։