Երևան +19°
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 23:00 13-07-2023

Ռուս-թուրքական հնարավոր լարվածության ազդեցությունն Արցախի հարցի և «Զանգեզուրի միջանցք»-ի վրա

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերություններում նկատվում է որոշակի լարվածության միտում։ Մի շարք փորձագետներ չեն բացառում, որ առաջիկայում այդ լարվածությունն էլ ավելի կմեծանա՝ հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վերջին քայլերը։

Առհասարակ ընդունված է կարծել, որ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը տրամագծորեն հակասում են իրար, ինչից ելնելով այս երկրների միջև սերտ համագործակցությունը գործնականում անհնար է։ Սակայն վերջին տարիներին մենք ականտես ենք լինում, որ երկու երկրները խորացնում են իրենց փոխգործակացությունը, պարբերաբար խոշոր նախագծեր են իրականացնում և այլն։

Այս համատեքստում չափազանց կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ ներկայումս ռուս-թուրքական հարաբերությունների մակարդակը և վերջին տարիներին նկատված մերձեցումը տեղի է ունեցել ոչ այնքան երկու պետությունների շահերը սպասարկելու ցանկության արդյունքում, չնայած դրա արդյունքնում սպասարկվել են նաև երկու երկրների պետական շահերը, այլ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական հարաբերությունների և մտերմության հետևանքով։ Այս երկու քաղաքական գործիչները բավականին նման են իրար, մի շարք հարցերում ունեն նույնանման մոտեցումներ, ինչն էլ դրդում է միմիյանց հետ համագործակցության խորացմանը։

Ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր սրման համատեքստում հայ հասարակությանն առավել հետաքրքրում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը, ինչպես նաև այն հնարավոր հետևանքները, որոնք կարող են առաջանալ Արցախում, եթե Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերություններն իսկապես սրվեն։

Նախևառաջ կրկին ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն բանին, որ ռուս-թուրաքական լարվածության մասին խոսելը դեռևս վաղ է, պարզապես երկկողմ հարաբերություններում առկա են լարվածության միտումներ, որոնք հետագայում կարող են խորանալ և այլ դրսևորումներ ունենալ։ Բացի այդ հնարավոր լարվածությունը կարող է լինել գուցե ավելի երկարաժամկետ հեռանկարում, կամ առհասարակ չլինել։

Ռուս-թուրքական հարաբերությունների հետագան պայմանավորված է հիմնականում ուկրաինական ռազմաճակատում ընթացող զարգացումներով։ Ներկայիս իրավիճակում, քանի դեռ չի ավարտվել ուկրաինական համակամարտությունը, Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ, որ Թուրքիայի հետ լարի իր հարաբերությունները, իսկ Թուրքիան էլ իր հերթին չի գնա կտրուկ քայլերի, քանի որ վերջինս բավականին օգուտներ է ստանում ՌԴ-ի հետ փոխգործակցությունից և ամեն գնով կձգտի պահպանել դրանք։

Մեր տարածաշրջանի վրա ռուս-թուրաքական հարաբերություների սառեցման, կամ հնարավոր սրման ազդեցությունը դիտարկելիս պետք է հաշվի առնել հատկապես ուկրինական ռազմաճակատում ընթացող զարգացումները։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացումը հնարավոր է, եթե ռուսական կողմն անշրջելիորեն պարտվի Ուկրաինայում, ինչից կփորձի օգտվել Թուրքիան և իր շահերը հետապնդել։ Մասնավորապես Թուրքիայի նախագահը այսօր հայտարարել էր, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները 2025 թվականին կլքեն տարածշրջանը։ Այս հայտարարությունը նույնպես վկայում է այն մասին, որ թուրքական կողմը ձգտում է ամեն գնով հասնել տարածաշրջանից ռուս խաղաղապահների դուրսբերմանը՝ նախ որպեսզի Արցախի ամբողջ տարածքում հաստատվի Ադրբեջանի իշխանությունը, ինչպես նաև այս հանգամանքն օգտագործի արևմտյան երկրների հետ իր հարաբերություններում։

Արցախի հարցում որևէ հանգուցալուծման հնարավոր է հասնել, եթե աշխարհաքաղաքական դերակատարների միջև կոնսենսուս ձեռք բերվի, քանի որ առանց դրա ցանկացած պայմանավորվածություն կմնա թղթի վրա։ Ռուսական կողմը, ինչպես հայտարարել է այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, կողմ է, որ Արցախի կարգավիճակի հստակեցումը տեղի ունենա հետագա բանակցություններում, երկարաձգվի Արցախի տարածքում խաղաղապահների գործունեության ժամկետը՝ փաստացի պահպանվի գործող ստատուս քվոն։

Ռուսական կողմը շատ լավ գիտակում է, որ այս նպատակին հնարավոր է հասնել միայն այն դեպքում, եթե հաջողության հասնի Ուկրաինայում։ Ադրբեջանում նույնպես գիտակցում են այս իրողությունը և ամեն գնով փորձում են հնարավորինս արագ հասնել այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որով Արցախը պաշտոնպես կճանաչվի Ադրբեջանի մաս և ռուս խաղաղապահները կհեռանան այնտեղից։

Ինչ վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկմանը, ապա այս հարցում իրենց շահերն ունեն բազմաթիվ տարածշրջանային և աշխարհաքաղաքական դերակատարներ, և այս հարցի հանգուցալուծումը պայմնավորված չէ բացառապես ռուս-թուրքական հարաբերություններով։ Հայտնի է, որ Ադրբեջանը ձգտում է ամեն գնով Հայաստանից արտատարածքային միջանցք ստանալ, որին դեմ է հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը ամեն գնով խոչընդոտում է այդ միջանցքի տրամադրմանը։

Կարծում ենք, որ ինչ-որ փուլում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների շրջափակումն այնուամենայնիվ տեղի կունենա, սակայն հիմնական խնդիրն այն կլինի, թե որ կողմն է վերահսկելու այդ հաղորդակցությունները։ Ստեղծված իրավիճակում լավագույն տարբերակը կլինի, որ Հայաստանի Հանրապետությունը անձամբ վերահսկի իր տարածքում ապաշրջափակվող բոլոր հաղորդակցությունները։

Ամենից շատ դիտված