Մեղավոր են բոլորը, բացի իրենցից. իշխանությունները շարունակում են մանիպուլացնել
copy image url

Մեղավոր են բոլորը, բացի իրենցից. իշխանությունները շարունակում են մանիպուլացնել

Ներքին 1 տարի առաջ - 22:00 12-07-2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախորդ շաբաթ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում անհրաժեշտ է ներառել Արցախի ինքնավարության հարցը, քանի որ ԼՂԻՄ-ն ունեցել է այդպիսի ինքնավարություն։

Օսկանյանը պնդում է, որ սա միջազգային հանրության համար ընկալելի կլինի, իսկ Ադրբեջանի կողմից մերժվելու պարագայում կհանգեցնի արտաքին ինքնավարության հարցի բարձրացմանը՝ այն է Հայաստանին միանալու ճանապարհով։

Հայաստանի նախկին արտգործնախարարը միևնույն ժամանակ առաջարկել է անձամբ պատասխանատվություն ստանձնել այս առաջարկի իրականացման համար, իսկ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանից և իր քաղաքական թիմի անդամներից պահանջում է պարզապես երկու-երեք ամիս չխոսել այս թեմայով՝ բանակցային գործընթացին չվնասելու համար։

Ինչպես ենթադրվում էր Հայաստանի իշխանությունները մերժել են Վարդան Օսկանյանի առաջարկը, սակայն դրա համար չեն ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ։ Իշխանությունների կողմից ներկայացված բոլոր փաստարկները տեղավորվում են նախկին-ներկա, սևեր-սպիտակներ, «ամեն ինչում նախկիններն են մեղավոր» տրամաբանության մեջ և պնդում են՝ «եթե Վարդան Օսկանյանը կարող էր նպաստել հակամարտության կարգավորմանը, ապա դա թող աներ այն ժամանակ, երբ զբաղեցնում էր Հայաստանի արտգործնախարի պաշտոնը»։

Մասնավորապես Վարդան Օսկանյանին փորձել է արձագանքել նաև ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որին հայ հանրության մի զգալի հատվաճը ճանաչում է միայն իր այն հայտարարությամբ, որ իր նախկին գործընկերներին, ովքեր 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո լքել էին իշխող խմբակցության շարքերը, համեմատել էր ուսապարկերի հետ՝ նշելով, որ եթե քվեաթերթիկներում նրանց անվան փոխարեն գրված լիներ Նիկոլ Փաշինյանի ուսապարկ, ապա հիշյալ ուսապարկը նույնքան ձայներ կստանար, որքան այդ պատգամավորները։ Ալեքսանյանին հանրությունը հիշում է նաև Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորներին ծեծի ենթարկելու հայտնի միջադեպերից, որոնցում վերջինս նշանակալի մասնակցություն է ունեցել։

Միևնույն ժամանակ Ալեքսանյանը իր արձագանքում ներկայացրել է մի շարք պնդումներ, որոնք կա՛մ չեն համապատասխանում իրականությանը, կա՛մ առնվազն մանիպուլայտիվ են։ Բացի այդ հիշյալ մեղադրանքներն ըստ անհրաժեշտության պարբերաբար իշխանությունների կողմից վերահասցեավորվում են տարբեր գործիչների և հանրությանը ներկայացվում են այն համատեքստում, որը ձեռնտու է քաղաքական իշխանությանը։

Մասնավորապես պատգամավորը պնդել է, որ «Վարդան Օսկանյանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ Մեղրիի շրջանը, սակարկության առարկա է դարձրել»։ Ինչպես բազմիցս հայտարարել են Հայաստանի անունից այդ տարիներին բանակցություններին մասնակցած պաշտոնյաները՝ այդ թվում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Մեղրիի հարցը երբեք չի եղել բանակցությունների օրակարգում։ Քոչարյանը 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ հայտարարեց, որ համանախագահների կողմից երբեք չի ստացել Մեղրին Արցախի հետ փոխանակելու առաջարկ, նման առաջարկ արել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը, սակայն Հայաստանը հրաժարվել է դրանից, քանի որ չէր կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Այստեղ շատ կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանը երբեք փաստաթղթավորված նման առաջարկ չի ստացել, այլ դա եղել է Ադրբեջանի նախագահի ցանկությունը, որը բանակցային գործընթացում չի ներառվել։

Վահագն Ալեքսանյանը պնդում է, որ Վարդան Օսկանյանը 1996 թվականին Լիսաբոնի գագաթաժողովում չէր հասնի նրան, որ միջազգային հանրությունն արձանագրի, որ ինքնորոշման իրավունքը ԼՂ համար նշանակում է ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Մասնավորապես նշենք, որ այդ ժամանակ գագաթաժողովի բոլոր անդամների կողմից ընդունվել էր հայտարարության, որով վերահաստատվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Արցախին Ադրբեջանի կազմում ինքնավարության ամենաբարձր մակարդակն էր շնորհվում, սակայն Հայաստանը միակ երկրն էր, որը դեմ քվեարկեց հիշյալ հայտարարությանը։ Սակայն նկատենք, որ պնդումը, թե Օսկանյանն է հասել նրան, որ միջազգային հանրության կողմից նման արձանագրում կատարվի առնվազն մանիպուլյատիվ է, քանի որ նույն թվականի սեպտեմբերին Հայաստանում կայացած վիճահարույց նախագաական ընտրությունները վնասել երկրի միջազգային հեղինակությունը և թուլացրել բանակցային դիրքերը, իսկ նախագահական ընտրությունների ընթացքի մեջ և հետընտրական զարգացումներում տվյալ ժամանակ փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Վարդան Օսկանյանը որևէ ազդեցություն չէր կարող ունենալ։

Վահագն Ալեքսանյանը նշել է, որ Վարդան Օսկանյանը 1999թ. ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովում կողմ է քվեարկել Եվրոպայում անվտանգության խարտիային, որով բացառվեց ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս: Սակայն ինչպես բազմիցս հայտարարվել է, Ստամբուլյան խարտիայում ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Մասնավորապես բոլոր հակամարտությունների դեպքում հիշատակվում է պետության տարածքային ամբողջականության դեպքում, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի դեպքում նման հիշատակում չկա։

Արցախյան հակամարտության վերաբերյալ Ստամբուլյան խարտիայում ասվում է.

«Մենք ստացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ներկայիս իրավիճակի եւ վերջին զարգացումների մասին եւ գնահատում ենք նրանց ջանքերը։ Մեզ հատկապես ուրախացնում է ակտիվացած երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, որոնց հերթական հանդիպումները պայմաններ ստեղծեցին դրա տեւական ու համապարփակ լուծման որոնման գործընթացին դինամիկա հաղորդելու համար:

Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը եւ կոչ ենք անում շարունակել այն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման հույսով։ Միեւնույն ժամանակ, մենք վերահաստատում ենք, որ ԵԱՀԿ-ն եւ դրա Մինսկի խումբը, որը կարգավորում փնտրելու ամենահարմար ձեւաչափն է մնում, պատրաստ են աջակցել հետագա խաղաղ գործընթացի առաջխաղացմանը եւ դրա հետագա իրականացմանը, այդ թվում՝ կողմերին բոլոր անհրաժեշտ օգնության տրամադրման միջոցով»:


Իշխող խմբակցության պատգամավորը պնդել է, որ Վարդան Օսկանյանը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից։ Հատկանշական է, որ բանակցային գործի բազմաթիվ մասնագետներ միանշանակ պնդում են, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս է թողնվել հենց 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովի հետևանքով, իսկ հետագա բանակցություններում այլևս ներգրավված չի եղել։ Այս թեմայի շուրջ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահների քաղաքական թիմերը մշտապես մեղադրում են միմյանց, սակայն այս հարցի շուրջ վերջնական գնահատական տալ դեռևս հնարավոր չէ, քանի դեռ չեն գաղտնազերծվել բանակցային փաստաթղթերը։ Սակայն միանշանակ է՝ որ նախագահի օրոք էլ դա տեղի ունենար, դրա հիմնական պատասխանատուն Հանրապետության նախագահն է, այլ ոչ թե արտաքին գործերի նախարարը, իսկ 1996-ին Օսկանյանը դեռևս նախարար չէր։


Հայաստանի իշխանությունները՝ այդ թվում նաև վերոհիշյալ պատգամավորը պնդում են, որ Վարդան Օսկանյանը Մադրիդյան սկզբունքներով Արցախի կարգավիճակի որոշման հարցում Ադրբեջանին վետոյի իրավունք է շնորհել, քաղաքականապես չեզոքացրել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն, ինչպես նաև Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Նշենք, որ նույն Մադրիդյան սկզբունքներով թեև Ադրբեջանը ստանում էր վետոյի իրավունք, սակայն Արցախը ստանում էր միջանկյալ կարգավիճակ, հնարավորություն էր ստանում անդամակցել այն միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցելու համար պարտադիր չէր պետության միջազգային ճանաչումը, ճանաչվում էր Արցախի իշխանությունների և վերջիններիս կայացրած որոշումների լեգիտումութունը։

Բացի այդ նույն Մադրիդյան սկզբունքներով երաշխավորվում էր Արցախի և Հայաստանի Հանրապետության միջև անխափան կապը, առաջին փուլում հինգ շրջանները Ադրբեջանին հանձնելուց հետո հայկական վերահսկողության տակ էին մնալու երկու ամենախոշոր շրջանները՝ Քարվաճառը և Բերձորը, որոնց հանձնումը փոխկապակցվում էր Արցախի վերջնական կարգավիճակի հետ։ Այսինքն քանի դեռ Արցախի կարգավիճակը հստակեցված չէր այդ շրջանները մնում էին Ստեփանակերտի վերահսկողության տակ։ Ինչպես բազմիցս խոստովանել է Ադրբեջանի նախագահը, նման տաբերակի դեպքում Քարվաճառը և Բերձորը հավերժ մնալու էին հայկական վերահսկողության տակ։ Այսպիսով թեև Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանը ստանում էր վետոյի իրավունք, սակայն փաստաթղթի իրականացման դեպքում անգնահատելի ձեռքբերումներ կունենար նաև Արցախը և կհայտնվեր անհամեմատ ավելի լավ իրավիճակում, քան այն իրավիճակն է, որում այսօր գտնվում է։

Ինչ վերաբերում է Արցախի անկախության հանաքվեն զրոյացնելու վերաբերյալ մեղադրանքներին, ապա դրանք նույնպես մանիպուլյատիվ են, քանի որ 1991 թվականի հանրաքվեի արդյունքները միջազգայինորեն ճանաչված չեն, իսկ նոր հանրաքվեի արդյունքներն ընդունվելու էին միջազգային հանրության՝ այդ թվում նաև Ադրբեջանի կողմից։ Բացի այդ հանրաքվեն, որին պետք է մասնակցեին նաև ԼՂԻՄ-ի տարածքում բնակվող ադրբեջանցիները, ապա նշենք, որ այն կայանալու էր 1988 թվականի համամասնությամբ, որտեղ բնակչության երեք քառորդը կազմում էին հայերը։

Ալեքսանյանի կողմից հնչեցված միակ պնդումը, որը մասամբ համապատախանում է իրականությանն այն է, որ 2001 թվականին «Ա1+»-ի եթերում Վարդան Օսկանյանն Արցախի յոթ շրջաններն անվանել է օկուպացված տարածք՝ առանց բանակցություններում հստակ արդյունք ստանալու։ Սակայն պնդման մյուս մասը, թե Օսկանյանը Հայաստանին օկուպանտի պիտակ է տվել այդ հայտարարությամբ չի համապատասխաում իրականությանը, քանի որ նույն 1993 թվականի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերով, որոնք իշխանությունները բազմիցս հղում են կատարում, նշված է, որ այդ տարածքները օկուպացվել են ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերի կողմից։ Մինչդեռ Ալեքսանյանի քաղաքական ղեկավարի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Հայաստանին օկուպանտի պիտակ է տրվում, քանի որ հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունն է Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Հայաստանի իշխանությունները, որոնց կառավարման տարիներին Ադրբեջանին հաջողվել է գրավել Արցախի 75%-ը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ, ովքեր պաշտոնապես Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս շարունակում են հայտարարել, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են բոլոր, բացի իրենցից, իսկ ցանկացած առաջարկ, որն Արցախի հարցում թեկուզ տեսական և փոքր, բայց հայանպաստ կարգավորման հնարավորություն է պարունակում, արժանանում է վերջիններիս կոշտ արձանքին և դիմադրությանը։ Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը իր առաջարկի համար չի պահանջում, որ իշխող քաղաքական թիմը հրաժարական տա, նրա միակ պահանջն այն է, որ Փաշինյանը 2-3 ամիս լռի և իր հայտարարություններով չվնասի գործընթացին։




Ձեզ գուցե հետաքրքրի