Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 18:31 07-07-2023

Դպրոցում երկիշխանություն է լինելու, որը կազդի կրթության որակի վրա

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Դպրոցների կառավարման նոր մոդելը սեպտեմբերից կներդրվի բոլոր դպրոցներում։ Ըստ կառավարման նոր մոդելի` դպրոցների կառավարման բովանդակային և վարչական գործառույթները տարանջատվել են։ Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվել է տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այս մասով խոսակցություններ վաղուց են եղել։

«Այն ժամանակ դրանք բավականին մեծ աժիոտաժ ստեղծեցին, որովհետև շատերը մտածում էին, որ սա հնարավորություն է տալիս անգրագետ վարչական ղեկավարներ ունենալ դպրոցում, որովհետև այդ դպրոցը երկու մասի բաժանելիս, այսինքն՝ տնօրենը և մյուս հարցերով կազմակերպիչը, ֆունկցիաները պետք է առանձնացվեին, և ընդ որում, բարձրագույն կրթություն ունենալը և նմանատիվ այլ պահանջները դրվում են միայն տնօրենի վրա։ Իսկ այսպես ասած երկրորդ տնօրենը նման պահանջների բավարարելու որևէ խնդիր չունի, և սա մեծ դժգոհության ալիք բարձրացրեց, դրանից հետո հանդարտվեցին կրքերը, և հիմա դա կիրառվելու է առաջիկա ուսումնական տարվանից սկսած»,- ասաց փորձագետը։

Ըստ փորձագետի՝ սա լուրջ խնդիր է առաջացնելու. «Սա բերելու է նրան, որ երկիշխանություն է առաջացնելու դպրոցում, որովհետև մարդիկ ոչ միայն պատրաստ չեն, այլև հոգեբանորեն էլ չեն կարող այդ դերերի մեջ մտնել։ Դպրոցում երկիշխանություն կստեղծվի, կոլեկտիվները կբաժանվեն երկու մասի, և դա էապես կազդի կրթության որոկի վրա»,- ասաց կրթության փորձագետը։

Ըստ փորձագետի՝ սա ներդնելու համար անհրաժեշտ էր որոշակի ժամանակ, փորձարկում, քանի որ ընթացքում շատ թերություններ են ի հայտ գալու, և դրանք արդեն ուժի մեջ մտած են լինելու։

«Կարելի էր որոշակի ժամանակ տրամադրել։ Եվրոպական շատ երկրներում այս մոդելը գործում է, իսկ այստեղ շատ դպրոցներ տնօրենների անունով գիտեն, ոչ թե համարներով։ Սա կարող է բերել այնպիսի իրավիճակի, որ այդ դպրոցները իրենց հեղինակությունը կորցնեն»։

Ձեզ գուցե հետաքրքրի