Երևան +10°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:24 01-07-2021

Դպրոցների կրթական գործընթացի որակի գնահատման արդյունքների համեմատական վերլուծություն է ներկայացրել Կրթության տեսչական մարմինը

Դպրոցների կրթական գործընթացի որակի գնահատման արդյունքների համեմատական վերլուծություն է ներկայացրել Կրթության տեսչական մարմինը։

2020 թվականին հանրակրթության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում ԿՏՄ-ն սկսել է կիրառել նախապես մշակված կրթության որակի գնահատման գործիքակազմը։

Համաձայն 2020 թվականի գործունեության ծրագրի՝ նախատեսված էր ձևաթղթերը կիրառել ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներում, սակայն, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումների պատճառով այն կիրառվել է միայն 2020 թվականի I եռամսյակում ԿՏՄ ղեկավարի համապատասխան հրամաններով ստուգված ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի միջնակարգ, Գյումրու հ. 37 ավագ, Սառնաղբյուրի միջնակարգ, ՀՀ Արմավիրի մարզի Արևիկի միջնակարգ, Մուսալեռի Ֆ. Վերֆելի անվան միջնակարգ, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի հիմնական, Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական, հ.22 հիմնական և ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցներում (այսուհետ՝ նաև ուսումնական հաստատություն):

Կրթական գործընթացի գնահատման ընթացքում գնահատվել են կառավարման խորհրդի (այսուհետ՝ նաև խորհուրդ), տնօրենի գործունեությունը, «Հայոց լեզու», «Մաթեմատիկա» առարկաների ուսուցիչները, ուսումնական միջավայրը:

Գնահատման համար կիրառվել է «Գերազանց», «Շատ լավ», «Լավ», «Բավարար», «Անբավարար» սանդղակը:

Հիերարխիկ վերլուծության մեթոդի կիրառմամբ ստուգված դպրոցները համեմատվել են ըստ կրթության որակի նախապես ընտրված չափանիշների՝ միաժամանակ հաշվի առնելով ըստ բոլոր չափանիշների գնահատման արդյունքները և դրանց կարևորությունը:

Կրթության որակի բոլոր չափանիշներով գնահատման արդյունքների համեմատման և նորմավորման արդյունքում ստացել ենք հետևյալ պատկերը (տե՛ս գծապատկեր 24):

Գծապատկերը ցույց է տալիս, թե մեկ ամբողջության մեջ հաստատություններից յուրաքանչյուրը կրթական գործընթացի արդյունավետության տեսանկյունից ինչ ազդեցություն ունի:

Ինչպես կարելի է նկատել գծապատկերից, ուսումնական հաստատությունների կրթության որակի գնահատման (նախանշված չափանիշներով) և դրանց արդյունքների համեմատության արդյունքում առաջին տեղում է Բյուրեղավանի հիմնական դպրոցը, իսկ վերջին տեղում՝ Մուսալեռի միջնակարգ դպրոցը: Կրթության որակի վերջնական գնահատման վրա ազդել են բոլոր չափանիշներով գնահատման արդյունքները: Դպրոցների կրթության որակի գնահատման արդյունքներն ըստ յուրաքանչյուր չափանիշի՝ ներկայացված են գծապատկեր 25-ում:

Գծապատկերում ակնառու ներկայացված է, թե համեմատման արդյունքում դպրոցներից յուրաքանչյուրն ըստ յուրաքանչյուր չափանիշի ո՞ր տեղն է զբաղեցնում 9-յակում, և այդ չափանիշներից յուրաքանչյուրը որքանո՞վ է ազդել դպրոցի կրթության որակի ընդհանուր գնահատականի վրա: Այսպիսով, ամփոփենք արդյունքներն ըստ խնդիրների՝

Գրավոր աշխատանքների արդյունքներ

«Հայոց լեզու» առարկայի թելադրության և «Մաթեմատիկա» առարկայի գրավոր աշխատանքի միջոցով վերոնշյալ 9 դպրոցներում սովորողների մնացորդային գիտելիքների ստուգման արդյունքում միջին գնահատականները կազմել են համապատասխանաբար 5 և 4 միավոր:

Սակայն, «Հայոց լեզու» առարկայի թելադրության դեպքում դպրոցներից 2-ում, «Մաթեմատիկա» առարկայի գրավոր աշխատանքի դեպքում՝ 4 դպրոցներում այդ ցուցանիշը կազմել է 4 միավորից՝ պարտադիր նվազագույնից ցածր:

ԿՏՄ կողմից տրված գրավոր աշխատանքների և նույն սովորողների նախորդ տարվա ամփոփ գրավոր աշխատանքների գնահատականների համադրման արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը՝ «Հայոց լեզու» առարկայի թելադրության դեպքում

«Գերազանց» են գնահատվել գրավոր աշխատանքին մասնակցած սովորողների 11%-ը, «Անբավարար»՝ 35%-ը, մինչդեռ նախորդ տարվա ամփոփ գրավոր աշխատանքից «Գերազանց» են գնահատվել նույն սովորողների 14%-ը, «Անբավարար»՝ 5%:

«Մաթեմատիկա» առարկայի գրավոր աշխատանքից «Գերազանց» են գնահատվել գրավոր աշխատանքին մասնակցած սովորողների 5%-ը, «Անբավարար»՝ 47%-ը, մինչդեռ նախորդ տարվա ամփոփ գրավոր աշխատանքից «Գերազանց» են գնահատվել նույն սովորողների 12%-ը, «Անբավարար»՝ 6%:

Սովորողների տարեկան գնահատականները հիմնականում համընկնում են նախորդ տարվա ամփոփ գրավոր աշխատանքների գնահատականների հետ: Համադրման պատկերը հակասական է հատկապես «Անբավարար» գնահատված սովորողների պարագայում: Ինչը
հիմք է տալիս եզրակացնելու, որ ուսուցիչների կողմից սովորողների գիտելիքների գնահատումը չի իրականացվում հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան:

Ուսուցիչներ

Գնահատված ուսուցիչների դասավանդած դասարանների ցածր (4-6) առաջադիմությամբ սովորողների տոկոսային թիվը նախորդ երկու կիսամյակներից առաջինի նկատմամբ «Հայոց լեզու» առարկայի դեպքում աճել է 9 դպրոցներից 6-ում, «Մաթեմատիկա» առարկայի դեպքում՝ 5 դպրոցներում:

Ստուգման ընթացքում տրված գրավոր աշխատանքներից գնահատված ուսուցիչների դասավանդած դասարաններում «Անբավարար» ստացած սովորողների տոկոսային թիվը «Հայոց լեզու» առարկայի դեպքում կազմել է 41%-ից ավելի 2, «Մաթեմատիկա» առարկայի դեպքում՝ 6 դպրոցներում:

Ստուգման ընթացքում տրված բոլոր գրավոր աշխատանքներից «Լավ» և «Գերազանց» գնահատականը պահպանած սովորողների միջին տոկոսային թիվը նախորդ կիսամյակում «Լավ» և «Գերազանց» գնահատված այն դասարանների սովորողների միջին տոկոսային թվի նկատմամբ (որտեղ տրվել են գրավոր աշխատանքներ և դասավանդել են նշված մասնագետները) «Հայոց լեզու» առարկայի դեպքում նվազել է՝ 5, «Մաթեմատիկա» առարկայի դեպքում՝ բոլոր 9 դպրոցներում:

«Հայոց լեզու» առարկայի գնահատված ուսուցիչների դասավանդած դասարանների սովորողները օլիմպիադաների տարածքային փուլում մասնակիցներ չեն ունեցել 3 դպրոցներում, մարզային փուլ են անցել, սակայն հաջողություն չեն ունեցել 4 դպրոցում:

«Մաթեմատիկա» առարկայի գնահատված ուսուցիչների դասավանդած դասարանների սովորողները օլիմպիադայի տարածքային փուլում մասնակիցներ չեն ունեցել 3 դպրոցներում:

Տարածքային փուլին մասնակցել են, սակայն մարզային փուլ չեն անցել՝ 3 դպրոցներում:

«Հայոց լեզու» առարկայի գնահատված ուսուցիչները գիտամանկավարժական հոդվածներ չունեն՝ 3 դպրոցներում, չեն մասնակցել կրթական ծրագրերի, կոնֆերանսների, համաժողովների՝ 6 դպրոցներում: «Մաթեմատիկա» առարկայի գնահատված ուսուցիչները գիտամանկավարժական հոդվածներ չունեն դպրոցներից 5-ում, չեն մասնակցել կրթական ծրագրերի, կոնֆերանսների, համաժողովների՝ 6 դպրոցներում:

Հայոց լեզվի ուսուցիչների գնահատման միջին արդյունքները հիմնականում «Շատ լավ», և «Լավ» են: Մաթեմատիկայի ուսուցիչների գնահատման արդյունքում 50 %-ից ավելի դպրոցներում գրանցվել է «Բավարար», 1 դպրոցի դեպքում նաև «Անբավարար» արդյունք:

Ինչպես նկատելի է՝ արդյունքները ավելի խնդրահարույց են «Մաթեմատիկա» առարկայի դեպքում: