Գյումրեցի զբոսավար Նաիրա Գրիգորյանը
Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է Գյումրիի տուրիզմի զարգացման խոչընդոտներին, ՏԻՄ-ի անգործությանը և մի շարք այլ կարևոր և խնդրահարույց հարցերի։
«Առհասարակ աշխարհի տարբեր քաղաքներում գոյություն ունեն կոլորիտային շուկաներ, որտեղ ես եւ մյուս շոփինգի սիրահարները գնում ենք։ Կան դրանց համար նախատեսված վայրեր եւ վաճառվող իրեր. օրինակ՝ հուշանվերներ, ծովային երկրներում՝ գլխարկներ, արեւային ակնոցներ եւ այլն։ Շատ տեղերում կտեսնեք նմանատիպ տաղավարներ նույնիսկ ամենապատմական կոթողների մոտ։ Բայց ի՞նչ ենք անում մենք. խանութի՝ մարդկանց ոչ անհրաժեշտ ժանգոտված ու փնթի ապրանքը հանում, նույն կերպ փնթի դնում փողոցում, փակում անցորդի ճանապարհը, զրկում գեղագիտական հաճույք ստանալու իր իրավունքից (որը Գյումրու առավելություններից մեկն է)։ Կամ, որ ավելի տգեղ է, լցնում փողոցը տարատեսակ մուլտհերոսներով, փուչիկներով ու գունավոր անհասկանալի խաղալիքներով։ Տանը ով ինչ ունի, հանել-դրել է փողոցները։ Ինձ կասե՞ք քաղաք այցելած տուրիստի կամ այցելուի ինչի՞ն են պետք էդ գույնզգույն խաղալիքները, ոչ մի արժեք չներկայացնող ժանգոտված ծաղկամաններն ու թավաները։ Դրանց համար կան շուկաներ, խանութներ, այգիներ, որտեղ մեծամասամբ երեխաներն են։ Կամ մենք էլ քաղաքում փողոց չունե՞նք։ Մի քանի տարի առաջ նույն վիճակը Ռիժկովի փողոցում էր, ու մեր անտարբերության պատճառով կորցրինք այդ ճեմափողոցով քայլելու հաճույքը։ Հիմա հերթը Աբովյանինն է»,-ասում է զբոսավար Նաիրա Գրիգորյանը։
Նաիրա Գրիգորյանն ասում է, որ տուռերի ժամանակ իրեն հաճախ են զբոսաշրջիկները հարցնում են, թե սա ձեր Վերնիսա՞ժն է։
«Փողոցում գտնվող խանութներին բավարար չէ՝ իրենց անգույն ու անդեմ գովազդները ( իրենք չեն մեղավոր, նրանց պետք է պարտադրվի միանման գովազդային վահանակներ ունենալ) մի հատ էլ երկաթե աթոռ, սեղան ու նման բաներ են դնում դրսում։ Կամ այս ինչ տենդենց է՝ հանել, շենքերի վրա հայելիներ փակցնել։ Ձեր տկար երեւակայությունն ինչո՞ւ եք փաթաթում մեր պարանոցին, հարգելի՛ վաճառականներ։ ՏԻՄ կառույցների անուշադրության, անհետեւողականության արդյունքում այսօր ունենք ոչ էսթետիկ փողոցներ. ամեն անկյունում մի կվասի ու պաղպաղակի տաղավար կա՝ ծածկված հազարավոր երանգների կտորներով։ Քաղաքային իշխանության անելիքը մեծ է՝ իսկ ի՞նչ է անում որ։ ՏԻՄ-երի անաշխատունակության պատճառով ունեցանք խայտառակ ներկայացվածություն մարզային զբոսաշրջային էքսպոյի»,-նշեց Գրիգորյանը։
Զբոսավարը շեշտում է, որ զբոսաշրջային տարին ինչ սկսվել է, հազարավոր հոդվածներ ու ռեպորտաժներ են արվել իր զբոսավար ընկերների մասնակցությամբ, ովքեր հստակ խոսել են քաղաքում տուրիզմի ցուցանիշների պասիվությունից, բայց արձագանք չկա։
«Ինչո՞ւ արձագանք չկա, չե՞ն լսում։ Թող հրապարակում միացրած ամենօրյա «կանցեռտի» ձայնը մի քիչ կամացացնեն։ Իրենց կարճ խելքով դրա՞նք է տուրիզմի զարգացմանն ուղղված քայլերը, հա՞։ Խոսում են տուրիզմից, գործարարներ ենք ուղարկում՝ քաղաքում ներդրումներ անելու, հասկանալու տուրիզմում ի՞նչ կարելի է անել, մարդկանց առաջարկվում է ծրագիր գրել։ (Այստեղ կամաց ծիծաղեք, չխանգարեք իրենց հանգիստը)»,-ասում է Նաիրա Գրիգորյանը։
Գյումրեցի զբոսավարի խոսքով՝ ո՛չ Շիրակի մարզպետարանում, ո՛չ Գյումրիի քաղաքապետարանում տուրիզմի մասնագետ չունեն, ղեկավարող ու վերահսկող աշխատակիցներ չունեն։
«Շուրջ երեք տարի է՝ միայն խոսում ենք սանհանգույցների բացակայությունից, ամեն տարի ասում են՝ գումար կա հատկացված։ Թե ո՞ւր են գնում այդ գումարները, կարծում եմ, ճիշտ կլինի իրենցից ճշտեք։ Գյումրու համայնքապետարանի շատ բաժիններ, բացի իրենց բուն ծառայողական պարտականությունից, որ ոլորտ ասես չեն մտնում՝ մասնավորապես տուրիզմ, այդ բառի սահմանումնն էլ չգիտեն։ Առեւտրի բաժնի աշխատակիցները պարտավոր են գոնե շաբաթը մեկ անգամ շրջել փողոցներով ու անօրինական առեւտրով զբաղվողներին հանել։ (Կրկնում եմ, եթե չեն կարող, ուրեմն դա իրենց տեղը չէ) կամ խնդիրը լուծել տուգանքներով՝ անթույլատրելի վայրերում փողոցային առեւտրով զբաղվելու համար։ Այս եւ մնացած բոլոր խնդիրներով Գյումրին ու առհասարակ Շիրակի մարզը զբոսաշրջային ոլորտը կտանի 2015 թվական։ Երբ դեռ քաղաքում եւ այդ նույն կառույցներում ոչ ոք ոչինչ չգիտեր տուրիզմի մասին։ Հիմա գոնե տեսել են՝ դա ինչ է, բայց այս տեմպերով արդեն ուշ է կլինի վերականգնել այն, ինչ 2016 թվականներից սկսվել է։ Հորդորս, որ իրենց լուսաթափանցիկ, բայց ձայնամեկուսիչ պատուհաններից դուրս գան ու հստակ քայլեր ձեռնարկեն քաղաքի զբոսաշրջային տեմպը պահելու, քաղաքը առեւտրի կենտրոն չդարձնելու համար։ Այն, ինչ արվել է եւ դեռ փորձ է արվում պահել մինչ օրս, ոչ թե ՏԻՄ-երի, այլ մի քանի անհատների ու մասնավոր կառույցների շնորհիվ է»,-ընդգծեց զբոսավար Նաիրա Գրիգորյանը։