Երևան +14°
copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 15:19 05-07-2023

Մի՛ վնասեք Արցախին, մի՛ տրվեք հուսահատության թշնամական որոգայթին․ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի կարծիքով` այս ծանր պայմաններում Արցախի հայությանը ամենաշատը պակասում է ոչ այնքան սնունդ, վառելիք կամ մեկ այլ նյութական միջոց, այլ՝ գործնական ուշադրություն:

«Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է և իմ ծննդյան տարեդարձը: Շնորհավորելով բոլոր հայերիս Մայր Հայաստանի Մայր օրենքի օրվա առթիվ՝ չեմ սպասում որևէ շնորհավորանքի տարեդարձիս կապակցությամբ: Փոխարենը, կցանկանայի ինձ հարգող յուրաքանչյուր անձի ուշադրությունը հերթական անգամ հրավիրել Արցախի ներկա վիճակի ու յուրաքանչյուրի անելիքների վրա:

Այս ծանր պայմաններում Արցախի հայությանը ամենաշատը պակասում է ոչ այնքան սնունդ, վառելիք կամ մեկ այլ նյութական միջոց, այլ՝ գործնական ուշադրություն: Անշուշտ, այս պայքարում հիմնական խաչը կրում է Արցախի հայությունը՝ ստանձնելով իր բաժին ազգային պատասխանատվությունը, սակայն մենք ակնկալում ենք ուշադրություն առաջնահերթորեն Հայ ժողովրդից ու Հայոց պետականությունից՝ որպես Արցախի տեր ու գլխավոր շահառու:

Շրջափակման ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ են եղել Արցախին աջակցելու համար, որոնց բոլորի հեղինակներին ու մասնակիցներին երախտապարտ ենք:

Այժմ խնդիր ունենք ավելի գործնական ու զանգվածային դարձնելու Արցախին աջակցող նախաձեռնությունները, որոնցից կուզեի այսօր առանձնացնել «Հայաքվեն»: Այն գործնական է, քանի որ նպատակ ունի հստակ մեխանիզմի կիրառման միջոցով ամրապնդել ու երաշխավորել ՀՀ Անկախության հռչակագրով ու Սահմանադրությամբ ամրագրված պետական-ազգային պարտավորությունները Արցախի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Իսկ Հայաքվեի գլխավոր արժեքը Արցախի շուրջ գործնական ու գաղափարական համախմբումն է, որը հստակ ազդակներ է փոխանցում Արցախի հայությանը առ այն, որ միայնակ չենք մնացել մեր արդար ու ազգային պայքարում:

Արցախը բացառիկ նշանակություն ունի Հայ ժողովրդի ու Հայոց պետականության անցյալի, ներկայի ու ապագայի համար, և, հետևաբար, յուրաքանչյուր հայի ազգային ու քաղաքացիական պարտավորությունների մեջ է մտնում հայկական ու անվտանգ Արցախի նպատակին ծառայելը: Դա կարելի է անել թե՛ բարեխիղճ պետական-ազգային ծառայությամբ, թե՛ Հայաքվեին կամ այլ ակցիայի միանալով, թե՛ այլ ծրագրեր իրագործելով, թե՛ Հայաստանում և այլ երկրներում պահանջատիրական ու իրազեկման ակցիաներ իրականացնելով և բազմաթիվ այլ եղանակներով: Սակայն կուզեի ընդգծել, որ Արցախին օգնելու առաջնահերթ ձևը չվնասելն է. ակտիվ վնասարարության ձևերից են՝ ադրբեջանական անդունդի մեջ հրելը՝ նույնիսկ խոսքերով, արցախցիների ու հայության այլ հատվածների միջև պառակտում հրահրելը և այլն, իսկ պասիվ ձևերից՝ անտարբերությունը, հուսահատությունը, հարմարվողականությունը և այլն:

Ուրեմն, սիրելի՛ հայրենակիցներ աշխարհի բոլոր անկյուններում, տոնական ու ծննդյան իմ իրավունքից օգտվելով՝ յուրաքանչյուրիդ եղբայրաբար խնդրում, հորդորում ու պահանջում եմ՝

Մի՛ վնասեք Արցախին՝ դրանով իսկ ողջ Հայ ազգին ու Հայոց պետականությանը,
Մի՛ թույլ տվեք այլոց ևս վնասել,
Մի՛ տրվեք հուսահատության ու անելանելիության թշնամական որոգայթին,
Հնարավորինս գործնական ձևերով սատարե՛ք Արցախին աջակցող ցանկացած նախաձեռնության,
Մի՛ մոռացեք, որ նպատակին հասնում են պայքարով, պայքարն ուղեկցվում է նաև զրկանքներով, իսկ առանց պայքարի՝ ազգերը արևի տակից արագորեն գլորվում են հողի տակ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բեգլարյանը:

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ