copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 18:16 25-06-2023

Իմ երգած ցավը ազգային է, սերը` մարդկային, բողոքն ու ակնկալիքը` համամարդկային. Ալիսա Բաղդասարյան

Արցախի գրողների միության նախաձեռնությամբ՝ հունիսի 22-ին տեղի է ունեցել բանաստեղծուհի Ալիսա Բաղդասարյանի «Տունդարձի ճանապարհին» գրքի շնորհանդեսը՝ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում։

Oragir.News-ի հետ զրույցում բանաստեղծուհին պատմել է իր թվով 6-րդ գրքի մասին։

«Գիրքը պատերազմի պատճառով տունուտեղից հեռու գտնվող, մայր հողի, հոր, եղբոր, ամուսնու համար ամեն պահի աղոթող, հաղթանակած տուն վերադառնալու հույսով սպասող, սակայն, արյամբ ողողված հայրենիքի տարածքի մեծ մասը կորցրած, ահը սրտում, արցունքն աչքերին զավակներին գրկած, տուն դարձող արցախցու հոգեվիճակն է, ապրումները, ցասումը, սպասումը` կորցրածը վերադարձնելու հաստատակամությամբ։

Գիրքն այն մարդու մասին է, ով տարիներ ի վեր ապրելով հաղթանակածի հոգեբանությամբ, պետք է հարմարվի պարտադրված, անհասկանալի, անարդար պարտության հետ։ Ավելին` ազատ ու անկախ երկրի քաղաքացին հայտնվում է գերության մեջ իր սեփական տանը, իսկ տուն հասնելու համար պետք է թշնամուց թույլտվություն վերցնի և ատելությունից ու անտերությունից դողալով` մահն աչքի առաջ հաղթահարի անցակետը։

Գիրքն այն մարդու մասին է, ում զավակներն անհոգ ու պաշտպանված մանկություն չունեն, ում հայրն ու մայրն ապահով ծերություն չեն ունենա։ Այն կնոջ մասին է, ով եղբորն ու ամուսնուն ամեն օր աշխատանքի ճանապարհելիս նրանց այլևս չտեսնելու վախից դողում է։

Գիրքն Արցախի և արցախցու մասին է, նրանց մասին, ովքեր դեռևս կյանքի ծաղկունքի մեջ` հեռացան կյանքից, նրանց մասին, ովքեր ապրում են` կյանքի շունչը չզգալով, կորուստների բեռից շնչահեղձ»,- ասաց բանաստեղծուհին։

Տիկին Բաղդասարյանն ասում է, որ գրքի վերնագիրը ճակատագրական է եղել, քանի որ գիրքը լույս է տեսել Արցախի շրջափակումից մեկ օր առաջ և մնացել է տունդարձի ճանապարհին։

«Ես նման տողեր ունեմ. «Սպասում ես որդուդ վերադարձին, Բայց վերադարձի Ճանապարհները փակ են»։ Գիրքս 6 ամիս շարունակ գտնվում էր տունդարձի ճանապարհին, և միայն վերջերս տուն հասավ։ Թերևս նաև այդ պատճառով իմ այս 6-րդ գիրքն այլ խորհուրդ ունի, այլ ընդգծում ու ընդհանրացում` կյանքին, երևույթներին պետք է նայել այլ հարթության վրա։ Ի վերջո` Հայրենասիրությունը Պաստառվել է Հայրենիքիս փողոցներում»,- ասաց Բաղդասարյանը։

Բանաստեղծուհին նշեց, որ շրջափակման պատճառով գրքի շնորհանդեսին ներկա են եղել միայն արցախաբնակ գրողներ, դասախոսներ, ուսանողներ, որոնց խոսքում հատկանշվել է գիրք-ընթերցող կապը։ Տեսաուղերձով նաև հանդես են եկել մտավորականներ Հայաստանից և Սփյուռքից:

Տիկին Բաղդասարյանը կարծում է, որ գրքի մասին կարծիքները լավն են լինելու, քանի որ այն, ինչ գրված է գրքում, իրական ու տեսանելի է։ «Գուցե նույնիսկ չափազանց ճակատային, այսպիսի բանաստեղծություն ունեմ.

«Պատերազմից հետո երբեմն
Անկողնուց անկողին են տանում
Մինչ այդ հավատարմությամբ աչքի ընկնող կանանց։
Քաղաքը կեղտոտվել է անզգացմունք կրքերից.
Սերը թավալվում է փողոցներում»։

Անկեղծությունը բանաստեղծության համար կարևոր նախապայման է, ես չեմ կարող կեղծել, երբ խոսքը գնում է իմ ժամանակաշրջանի, հայրենիքի, սիրո և նմամատիպ կարևոր թեմաների մասին։ Այո', իմ բանատողերում դառն իրականության ճշմարիտ պատկերն է` լի հիասթափություններով, անհաջողություններով, կորուստներով, բայց միաժամանակ լուսավոր և հաղթական ապագա ունենալու ոգու արթնացումներով.

Բոլոր ճանապարհները
Տուն են տանում,
Երբ բաց են հոգու դռները։

«Տունդարձի ճանապարհին» գրքի հաջողությունը, ըստ իս, մորեմերկության հասնող անկեղծությունն ու անմիջականությունն է, հողի, տողի նկատմամբ մեծ սերը»,- ասաց Բաղդասրյանը։

Ալիսա Բաղդասարյանը ասում է, որ ընթերցողը իր բանաստեղծություններում կգտնի իրեն ծանոթ զգացողություններ, ապրումներ, որովհետև արծարծված խնդիրներն ու լուծումները արդիական են, այնտեղ մեր ներկան է` անցյալի և ապագայի խաչմերուկում։

«Իմ երգած ցավը ազգային է, սերը` մարդկային, բողոքն ու ակնկալիքը` համամարդկային։ Ընթերցողին ցանկանում եմ ուժ, ոգի, հաղթանակներ, որովհետև այն, ինչը վերածվում է բանատողի, նրա զգացածն ու ապրածն է, նրա կենսակերպն ու հոգեվիճակը։ Թող «ծաղկած փշալարերով» շրջապատված երկիրս վերականգնի իր երբեմնի հաղթանակները` պատերազմները տանելով դիվանագիտական դաշտ»։

Բանաստեղծուհին ցանկանում է, որ այսուհետ Արցախում գրված գրքերը լինեն արցախցու անհոգ ու երջանիկ ապրումների մասին, և կապույտը նորից դառնա գտնված գույներից մեկը։

Ամենից շատ դիտված