Ներքին Խոսք 2 տարի առաջ - 16:18 20-06-2023

Նոր գաղափարները կրթական տարածք բերելու նպատակով է, որ առաջադրվել եմ և ընտրվել. ԵՊՀ նորընտիր դեկան

Օրեր առաջ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան է ընտրվել տնտեսագիտության դոցենտ Կառլեն Խաչատրյանը։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում նախատեսվող փոփոխությունների, նախկին դեկանի ձեռքբերումների, եղած քաղաքական հայացքների և դրանց փոփոխությունների մասին այսօր Oragir.News-ը զրուցեց նորընտիր դեկան Կառլեն Խաչատրյանի հետ։

-Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում իրականացնել ֆակուլտետում, ո՞րն է Ձեր ծրագիրը։

-Ես համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետի զարգացման հայեցակարգային դրույթները բավականին հանգամանորեն ներկայացրել եմ։ Դրանք վերաբերում են ֆակուլտետի գործունեության բոլոր ուղղություններին, սկսած ռազմավարական պլանավորումից ու կառավարումից, աշխատանքները ֆակուլտետում ավելի արդյունավետ կազմակերպելու և որոշակի ռազմավարական թիրախներին համահունչ դարձնելու իմաստով։

Բնականաբար, ուսումնական գործընթացը ևս պետք է բարելավվի, բիզնեսի և գործատուների աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ծրագրերի մշակում պետք է իրականացնենք, այստեղ պարտադիր պետք է որոշակիորեն թարմացվեն կրթական ծրագրերը՝ հաշվի առնելով միջազգային տարբեր բուհերի փորձերը, թե նաև այն խնդիրները, որոնք այսօր աշխատաշուկան դնում է շրջանավարտի առջև, որպեսզի մեր ֆակուլտետի շրջանավարտը ի զորու լինի աշխատաշուկայում լուծել իր առջև դրված խնդիրները և դրանով դառնա մրցունակ։

Մյուս ուղղությունը գիտական աշխատանքների կազմակերպումն է ֆակուլտետում, գիտահետազոտական բաղադրիչը շատ ենք կարևորում, որովհետև կարծում ենք, որ առանց գիտական հենքի, ուսումնական գործընթացը բավարար արդյունավետություն ունենալ չի կարող։

Այս իմաստով կարևոր ենք համարում, որպեսզի դասախոսները իրենց ուսումնական գործընթացում ներգրավվածությունից զատ, նաև գիտական որոշակի հետազոտություններ իրականացնեն, ընդ որում՝ այս տեսանկյունից շատ էական ենք համարում պետական տնտեսական քաղաքականությանը առնչվող գիտական հետազոտությունների իրականացումը, որպեսզի ԵՊՀ ի դեմս Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, կարողանա վարվող տնտեսական քաղաքականությանը առնչվող գիտական հետազոտահենք առաջարկներ ներկայացնել ու դրանք նպաստեն մեր տնտեսական միջավայրի բարելավմանը։

-Պարո՛ն Խաչատրյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում ֆակուլտետի նախկին դեկանի պաշտոնավարման ընթացքը, ի՞նչ հաջողություններ է գրանցել ֆակուլտետը նրա կառավարման օրոք, ինչո՞ւ կալանավորվեց Սարգսյանը։

-Մամուլում հրապարակումներ եղել են, ես ուզում եմ հատուկ շեշտել, որ մենք պետք է հարգենք անմեղության կանխավարկածը, և քանի դեռ օրինական ուժի մեջ մտած վճիռ չկա, զերծ մնանք որոշակի որակումներից։

Այս պահին իրավական գործընթաց է տեղի ունենում, քննությունը կպարզի գործի հանգամանքները, և ես վստահ եմ, որ մամուլով այս ամենը կլուսաբանվի։

Ինչ վերաբերում է պարոն Սարգսյանի որպես դեկան աշխատած տարիների ձեռքբերումներին, պետք է նշեմ, որ Սարգսյանը բավականին երկար ղեկավարել է ֆակուլտետը՝ 2000թ-ից մինչև 2023թ-ի հունիս, և այս 23 տարիների ընթացքում ֆակուլտետը բավականին ձեռքբերումներ է ունեցել և միանշանակ է, որ թե՛ ֆակուլտետի դեկանը, թե՛ այդ տարիներին ֆակուլտետի տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձիք թիմային աշխատանքի միջոցով կարողացել են այս տարիների ընթացքում բարելավել կրթական միջավայրը։

Նոր ծրագրեր, նոր բաժիններ են հիմնվել, տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ բացվել է Կառավարում մասնագիտությունը, այնուհետև Ֆինանսներ մասնագիտությունը, պարբերաբար նոր մագիստրոսական ծրագրեր են հիմնվել ֆակուլտետում, և այս իմաստով բավական աշխատանք տարվել է։

Անշուշտ, անելիքներ կան, ու հենց այդ անելիքների և որոշակի իմաստով նոր գաղափարներ կրթական տարածք բերելու նպատակով է, որ առաջադրվել եմ և ընտրվել ֆակուլտետի դեկան։

-Պարո՛ն Խաչատրյան, նախկինում աչքի էիք ընկնում ընդդիմադիր հայացքներով, անընդհատ քննադատություններ էիք հնչեցնում ներկա կառավարության վարած քաղաքականության հասցեին, ցանկություն ունեիք նաև դառնալ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, հիմա Ձեր քաղաքական հայացքները փոխվե՞լ են։

- Բնականաբար, որևէ բան չի փոխվել, իմ մոտեցումները երկրի վարվող տնտեսական քաղաքականության իմաստով որևէ կերպ չեն վերանայվել, որովհետև փաստացի փոփոխություն էլ չկա թե՛ վարվող տնտեսական քաղաքականության, թե՛ առհասարակ երկրում տիրող իրավիճակի մասով, հետևաբար հարցի ենթատեքստը հասկանալով՝ միանշանակ պնդում եմ, որ որևէ փոփոխություն այս իմաստով չկա։

Ես ֆակուլտետի ղեկավարի պաշտոնը ինչ-որ տեղ հնարավորություն եմ դիտարկում այն գաղափարների, մոտեցումների կյանքի կոչման համար, որոնց մասին պարբերաբար խոսել եմ։

-Պարո՛ն Խաչատրյան, այսինքն կարո՞ղ ենք ասել, որ այսօր էլ եք դեմ ներկա իշխանությոուններին և քննադատում եք նրանց։

-Եթե դուք լսեք իմ վերջին հրապարակումները, ապա կտեսնեք, որ դա այդպես է։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից