Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 13:05 20-06-2023

Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի տեքստը, հետո պարզվեց՝ իմ ստորագրածն այլևս ուժի մեջ չէ. Փաշինյան

Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահն ինձ զեկուցումէին, որ Շուշիիմի մասը ՊԲ վերահսկողության տակ է։ Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հաձակումը կառավարության շենքի վրա և երբ 1-2 օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:։

Փաշինյանն ասաց, որ Շուշիի անկման դրվագի, ինչպես պատերազմի այլ հանգանքների հետ կապված քրեական գործեր են հարուցված և այս հանգամանքները դեռ սպասում են ու պետք է արժանանան մանրամասն պարզաբանման։

Փաշինյանը նշեց, որ եռակողմ հայտարարության ստորագրման բանակցությունները սկսվեցին նոյեմբերի 6-ին․ «Ես համաձայնեցի այդ թեմայով բանակցություններ սկսել, պայմանով, որ դրանում չլինեն Շուշիին և Հայստանի տարածքով միջանցքին վերաբերվող դրույթներ, ինչպես նաև առաջարկելով որ մենք Աղդամի շրջանը վերադարձնենք Հադրութի շրջանի դիմաց, որն Ադրբեջանն իր հսկողության տակ էր առել։ Սա էր եռակողմ հայտարարությունը ստորագրելուն ուղղված գործընթացի մեկնարկը: Ես հասկանում էի, որ հասել ենք շրջադարձային կետի,. Եթե կարողանում ենք պահել Շուշին, դա շրջադարձ է, եթե չենք կարողանում պահել շուշին, դա էլ է շրջադարձ: Բայց նոյեմբերի 8-ի դրությամբ, որքան էլ ինձ ասում էին, որ Շուշիի մի մասը մեր վերահսկողության տակ է, հասկանում էի, որ այն ամբողջությամբ հետ բերել այլևս չենք կարող:

ԼՂ նախագահը ահազանգում էր Ստեփանակերտի խոցելի լինելու մասին և կար հավանականություն, որ ադրբեջանցիները գործնականում լուծելով Շուշիի հարցը, Շոշ գյուղի կողմից կսկսեին գրոհ դեպի Ստեփանակերտ, շարունակելով դեպի Ասկերան և այնտեղից արդեն թիկունքից խփելով բանակի պաշտպանական շրջաններին և թիկունքից մտնելով Հաթերք-Սոթք հատված:

Բանակցությունները վարվում էին ՌԴ նախագահի միջոցով, նոյեմբերի 8-9-ին նրա հետ ունեցել եմ շուրջ 20 հեռախոսային խոսակցություն: 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում շուրջ 60 հեռախոսային խոսակցություն: Եվ շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը և ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը, այսինքն նոյեմբերի 9-ի առավոտյան՝ ոչ թե կեսգիշերին։

Այնուամենայնիվ, պարզվեց, որ Ադրբեջանը այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ: Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում: Այսինքն ստորագրված տեքստը շրջանառությունից դուրս եկավ, օրվա ընթացքում անընդհատ քննարկումներ, տարբեր համաձայնություններ, բայց էլի օրվա վերջում պարզվում էր, որ տեքստին նոր լրացուներ են առաջարկվում: Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստն այլևս ուժի մեջ չէ։

Բայց այն պահին, երբ ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է այդպիսի փաստաթուղթ ստորագրել ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։

Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից։ Զուգահեռ կեսգիշերին մոտ սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան։

Ի վերջո՝ բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որ հայտնի է բոլորին, որն, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ:

Եռակողմ հայտարարության ստորագրվելու մասին տեղեկատվությունը հրպարակվեց ստորագրումից որոշ ժամանակ անց, և հրապարակման պահին ռազմական գործողությունները հիմնականում դադարել էին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ փաստաթղթի ստորագրումից շատ չանցած գրոհի ենթարկվեցին կառավարկան շենքերը Երևանում, մասնավորապես, կառավարության նստավայրը, ԱԺ-ն և կառավարական կեցավայրը: