Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 18:02 18-06-2023

Միսաք Մանուշյանի աճյունը կվերահուղարկավորվի Փարիզի պանթեոնում


Ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը 2024 թվականին կվերահուղարկավորվի Փարիզի պանթեոնում: Տեղեկությունը հայտնում է «France Inter» ռադիոկայանը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականին։

Մանուշյանը Ֆրանսիայի ազգային հերոս է, նրան հիշում և մեծարում են որպես ֆաշիզմի դեմ ամենաակտիվ և անվախ մարտիկներից մեկը:

Ըստ լրատվամիջոցի` պանթեոնում կհուղարկավորվի նաև նրա կինը՝ Մելինե Մանուշյանը, որը նույնպես Դիմադրության մասնակիցներից է եղել։ Համապատասխան որոշումը նախագահ Մակրոնը պաշտոնապես կհաստատի հունիսի 18-ին: Արարողությունը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 21-ին՝ Մանուշյանի գնդակահարությունից 80 տարի անց։

Նրա ծնողները սպանվել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Տարրական կրթություն է ստացել Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցում 1925 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ 1932-1937 թվականներին առաջադիմական ամսագրեր է խմբագրել։ Այստեղ էլ 1933 թվականին Մանուշյանը միացել է ֆրանսիական Կոմունիստական կուսակցությանը։

Երբ գերմանացիները ներխուժել են Ֆրանսիա, Մանուշյանն իր ընկերների հետ ակտիվ մասնակցություն է ունեցել ֆրանսիական Դիմադրության շարժմանը։ 1943 թվականի մարտին նշանակվել է «Ստալինգրադ» ջոկատի հրամանատար, ավելի ուշ դարձել «Ազատ հրաձիգների» և Փարիզի ու արվարձանների բոլոր միջազգային ջոկատների հրամանատարը։

1943-ի աշնանը ֆաշիստներին հաջողվել է գտնել անվախ ընդհատակյա մարտիկների հետքը, և 1943-ի նոյեմբերի 16-ին Մանուշյանն ու նրա ընկերները ձերբակալվել են և 3 ամիս անց գնդակահարվել։




Միսաք Մանուշյանի նամակն իր կնոջը՝ Մելինեին

Ֆրեն համայնքի բանտ, փետրվար 21, 1944

Թանկագին Մելինե, իմ սիրելի փոքրիկ որբուկ,

Մի քանի ժամից ես կլքեմ այս աշխարհը: Մեզ գնդակահարելու են այսօր ցերեկը՝ ժամը 15-ին: Ինձ թվում է, թե սա պատահականություն է իմ կյանքում, ես սրան չեմ հավատում, բայց, այնուամենայնիվ, գիտեմ, որ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու:

Ի՞նչ կարող եմ գրել քեզ: Ներսումս ամեն ինչ խառնված է, բայց միաժամանակ՝ պարզորոշ:
Որպես կամավոր զինվոր ես միացել էի Ազատության բանակին և հիմա մեռնում եմ հաղթանակի և վերջնանպատակի սահմանագծին: Երջանկությու՛ն նրանց, ովքեր կվերապրեն մեզ և կհամտեսեն վաղվա ազատության և Խաղաղության քաղցրությունը: Ես համոզված եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը և Ազատության բոլոր մարտիկները կհարգեն մեր հիշատակն արժանապատվորեն: Մահվանս շեմին ես հայտարարում եմ, որ բացարձակապես ատելություն չեմ զգում ո՛չ գերմանացի ժողովրդի, ո՛չ որևէ մեկի հանդեպ. յուրաքանչյուրը կստանա այն, ինչին կարժանանա՝ որպես պատիժ և որպես պարգև:

Գերմանացի ժողովուրդը և բոլոր մյուս ժողովուրդները կապրեն խաղաղության և եղբայրության մեջ պատերազմից հետո, որն այլևս երկար չի տևի: Երջանկություն բոլորի՛ն: Ես խորապես ցավում եմ քեզ չերջանկացնելու համար, ես այնքան կուզեի քեզնից երեխա ունենալ, ինչպես ինքդ ես միշտ ուզել: Ուստի քեզ խնդրում եմ պատերազմից հետո անպայմանորեն ամուսնանալ և երեխա ունենալ՝ հանուն իմ երջանկության, և իմ վերջին ցանկությունն իրականացնելու համար ամուսնացի՛ր մեկի հետ, ով կարող է քեզ երջանկացնել: Ողջ ունեցվածքս և բոլոր գործերս թողնում եմ քեզ, քրոջդ և նրա զավակներին: Պատերազմից հետո որպես իմ կին կարող ես պահանջել պատերազմի թոշակի քո իրավունքը, քանի որ ես մեռնում եմ որպես ֆրանսիական Ազատության բանակի շարքային զինվոր:

Խմբագրել տուր իմ արժեքավոր բանաստեղծությունները և գրվածքներն այն ընկերներիս օգնությամբ, ովքեր կցանկանան հարգել իմ հիշատակը: Եթե հնարավոր է, հուշերս տար հարազատներիս՝ Հայաստան: Շուտով ես կմեռնեմ իմ 23 զինակից ընկերների հետ քաջությամբ և մի մարդու խաղաղությամբ, ով շատ հանգիստ խիղճ ունի, քանի որ ինքս որևէ մեկին չեմ վնասել և եթե անգամ արել եմ, ապա արել եմ առանց ատելության: Այսօր արևոտ է: Նայելով արևին և գեղեցիկ բնությանը, որ ես այդքան սիրում էի, հրաժեշտ եմ տալիս կյանքին և բոլորիդ՝ իմ շատ սիրելի կին և իմ շատ սիրելի ընկերներ:

Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր վնասել են ինձ կամ ցանկացել են վնասել՝ բացառությամբ նրանց, ովքեր դավաճանել են մեզ՝ իրենց կաշին փրկելու համար և նրանց, ովքեր ծախել են մեզ:

Ջերմորեն համբուրում եմ քեզ, ինչպես նաև քրոջդ և բոլոր հեռու և մոտ ընկերներին, ովքեր ճանաչում են ինձ. բոլորդ իմ սրտում եք: Մնաս բարով: Քո ընկեր, քո զինակից ընկեր, քո ամուսին:

Մանուշյան Միշել


Մանուշյանը հետմահու պարգևատրվել է ֆրանսիական «Պատվո լեգեոնի» շքանշանով, նրա անունով է կոչվել Փարիզի փողոցներից մեկը՝ ի նշան երախտագիտության և հիացմունքի:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ