Օսմանյան կայսրությունը Գերմանիայի գլխավորած Քառյակ դաշինքի կազմում մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին, և այդ մասնակցությունը նախևառաջ պայմանավորված էր այդ ժամանակ իշխող երիտթուրքական վարչախմբի պանթյուրքիստական ծրագրերն իրակագործելու ցանկությամբ։ Թուրքական իշխանությունները ցանկանում էին հարձակում գործել Ռուսաստանի և Իրանի վրա և նվաճել այս երկրների թյուրքախոս բնակչություն ունեցող շրջանները՝ ստեղծելով իրենց երազանքի տերությունը՝ Մեծ Թուրանը։
Այս ճանապարհին հայերը և վերջիններիս անկախ պետականություն ստեղծելու ձգտումը դիտարկվում էր որպես սեպ, որը դեռևս գործող Օսմանյան կայսրությանը բաժանում էր մյուս թյուքալեզու պետություններից։ Օգտվելով պատերազմական հարմար իրավիճակից օսմյանյան իշխանությունները իրականացրեցին Հայոց ցեղասպանությունը և հայթափեցին Արևմտյան Հայաստանը։ Սակայն թուրքական կողմը չսահմանափակվեց միայն Արևմտյան Հայաստանով և 1918 թվականին արդեն ներխուժեց Հարավային Կովկաս՝ նպատակ ունենալով շարունակել այս հրեշավոր քաղաքականությունը, որը որոշ չափով հնարավոր եղավ կանխել բացառապես հայ ժողովրդի ինքնապաշտպանական պայքարի արդյունքում։
1918 թվականի սեպտեմբերի կեսերին բալկանյան ճակատում Անտանտի անդամ երկրները որոշիչ առավելություն ձեռք բերեցին, որի արդյունքում թուրքական ուժերը ծանր պարտություն կրեցին Սիրիայում, Պաղեստինում և Միջագետքում, ինչից հետո կայսրության վիճակը կտրուկ վատացավ։ Երիտթուրքական իշխանությունը ստիպված եղավ ընդունել իր պարտությունը, իսկ արդեն հոկտեմբերի 8-ին Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Թալեթ փաշայի գլխավորած կառավարությունը հրաժարական տվեց, իսկ նոր կառավարությունը դիմեց Անտանտին՝ հաշտության խնդրանքով։
Հոկտեմբերի 30-ին Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստի մատույցներում խարիսխ գցեց անգլիական Ագամեմնոն ռազմանավը, որն ազդարարեց Առաջին աշխարահամարտում Օսմանյան կայսրության պարտությունը։ Մուդրոսի զինադադարի տեքստը բաղկացած էր 25 կետից, որոնք նախատեսում էին Բոսֆորի և Դարդանելի նեղուցների, Տավրոսի թունելների համակարգի, ինչպես նաև մի շարք խոշոր նավահանգիստների անցումը Անտանտի դաշնակից երկրների վերահսկողության տակ։ Վտանգի դեպքում դաշնակիցները իրավունք էին ստանում Օսմանյան կայսրության տարածքում գտնվող բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող շրջանները։
Մուդրոսի զինադադարի մի շարք կետեր ուղղակիորեն առնչվում էին Հայաստանին և չափազանց բարենպաստ էին։ Համաձայնագրով նախտեսվում էր, որ թուրքերի կողմից գերեվարված և գաղթի տարված բոլոր հայերը պետք է տեղափոխվեին կայսրության մայրաքաղաք Ստամբուլ և հանձնվեին դաշնակիցներին, թուրքական զորքերը դուրս էին բերվելու Անդրկովկասի որոշ շրջաններից և Կիլիկիայից, հայկական նախանգներում անկարգությունների դեպքում դաշնակիցները կարող էին անհապաղ գրավել այն և այլն։
Սակայն Անտանտի դաշնակիցները՝ Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ թույլ տվեցին մի սխալ, որը հետագայում ճակատագրական նշանակություն ունեցավ ինչպես իրենց, այնպես էլ հայերի համար։ Մասնավորապես բրիտանացիները չպահանջեցին, որ օսմանյան բանակի զինված ստորաբաժանումներն ամբողջովին կազմալուծվեն, համաձայնագիրը թույլ էր տալիս, որ պահպանվեն այն ստորաբաժանումները, որոնք անհրաժեշտ էին սահմանների անվտանգության և կարգուկանոնի ապահովման համար։ Բրիտանական կողմի այս բարի կամքի դրսևորումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ վերջինս նպատակ ուներ թուրքական ուժերին հետագայում օգտագործել ռուսների դեմ, սակայն դա թուրք ազգայնականներին հնարավորություն տվեց այդ կազմավորումների հիման վրա զինված պայքար ծավալել և կայսրության փլատակների վրա նոր պետություն ձևավորել։ Նման ստորաբաժանումների գոյությունը փաստացի վտանգում էր հայկական անկախ պետականության գոյությունը, քանի որ դրանք հենց այն ուժերն էին, որոնք իրագործել էին Հայոց ցեղասպանությունը։ Փաստացի զինադադարով Անտանտի երկրները հերթական անգամ անտեսեցին հայ ժողովրդի շահերը՝ հանուն սեփական նպատակների իրականացման։
Մուդրոսի զինադադարի արդյունքում չեղարկվեցին Օսմանյան կայսության կողմից ստորագրված բոլոր պայմանագրերը՝ այդ թվում նաև Բաթումի պայմանագիրը, որի արդյունքում թուրքական զորքերը դուրս բերվեցին Արևելյան Հայաստանի հիմնական մասից, իսկ Հայաստանը կարողացավ վերականգնել վերահսկողությունը իր տարածքների մի մասի նկատմամբ, որոնք նույն թվականի հունիսի 4-ին ստորագրված պայմանագրով անցել էին Օսմանյան կայսրությանը։ Հետագայում Հայաստանը կարողացավ վերականգնել նաև Կարսի մարզի և Նախիջևանի նկատմամբ վերահսկողույունը, սակայն ստեղծված անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակի հետևանքով կրկին կորցրեց դրանք։
Զինադադարն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 31-ին, ինչից հետո իրադարձությունները չափազանց արագ զարգացան։ Նոյեմբերի 1-ին երիտթուրքական Միություն և նորարություն կուսակցությունը պաշտոնապես դադարեցրեց իր գոյությունը, իսկ նրա պարագլուխները փախուստի դիմեցին երկրից։ Արդեն նոյեմբերի 6-ին զինաթափվեցին օսմանյան բանակի այն ստորաբաժանումները, որոնք հսկում էին Ստամբուլի նեղուցները, իսկ հաջորդ օրը դաշնակիցների նավերը խարիսխ գցեցին կայսրության մայրաքաղաքում։ Նոյեմբերի 13-ին Անտանտի նավերից ափ իջեցվեց շուրջ 3500 զինվորական, որոնք հսկողություն սահմանեցին քաղաքի կարևոր մասերի վրա։
Այսպիսով սկիզբ առավ Օսմանյան կայսրության պատմության վերջին շրջանը, որն ընդունված է անվանել զինադադարի շրջան։ Այս շրջանի կարևոր զարգացումներից էին երիտթուրք պաշտոնյաների դատավարությունները, որոնք մեղադրվում էին ամենտարբեր հանցանքների իրականացման համար։