Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 19:46 14-06-2023

Արսեն Թորոսյանն ու Բաբկեն Թունյանը անգրագե՞տ են. ծխախոտը հնարավոր չէ ըստ ցանկության թանկացնել

Օրեր առաջ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ասում էր, որ եթե 1000-դրամանոց ծխախոտը դառնա 5000 դրամ, այդ ժամանակ մարդը կարող է մտածել՝ ծխի, թե ոչ, և հավելել էր, որ միայն ինքը չի այդ կարծիքին, այլ այդ կարծիքն ունեն նաև հանձնաժողովի այլ անդամներ։ Ծխելու դեմ պայքարի նման կոչին միշտ կողմ է արտահայտվել նաև առողջակահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ով առաջարկում էր ծխախոտի արժեքը դարձնել 20.000։

Օragir.News-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ասաց, որ այդ հարցին նման ձևակերպմամբ պատասխանելը տեղին չի համարում։ «Եթե ես այդ հարցին նման ձևակերպմամբ պատասխանեմ, որակապես կդառնամ ԱԺ-ի մակարդակի, ինչը ինձ համար ցավալի է»,- ասաց Պիպոյանը։

Խոսելով ծխախոտի գնի վրա ազդող գործաններից՝ Պիպոյանը նշեց. «Իրականում աշխարհի տարբեր երկրներում ծխախոտի գները տարբեր են, ավելին, էական տարբեր են, որովհետև այդ գնի մեջ էական դեր և տեղ ունի այն հարկը, որը դրված է ակցիզի տեսքով սիգարետի մեջ։ Ակցիզային հարկը հանդիսանում է այն միակ հարկը, որը վճարում է քաղաքացին՝ սպառողը։ Ակցիզային հարկը, երբ սահմանվում է, անկախ ամեն ինչից, թե ինչ նպատակով է սահմանվում, անպայման հաշվի է առնվում հասարակության վճարունակության չափը, այսինքն՝ այնպես չէ, որ ինքնագլուխ կարող են ինչ թիվ ուզել, սահմանել»,- ասաց Պիպոյանը։

Պիպոյանը նկատեց, որ գոյություն ունի կարգավորում, որով մենք պարտավորություն ենք ստանձնել. «Գոյություն ունի ԵԱՏՄ կարգավորում, այդ կարգավորումներով և համաձայնագրերով մենք պարտավորություն ենք ստանձնել մինչև 2023 թ․ ամեն տարի որոշակի չափով ավելացնել ակցիզային հարկի դրույքաչափը, բայց այդ նույն համաձայնագրով հաշվի առնելով, որ մեր վճարողական ինդեքսն ավելի ցածր է, քան Ռուսաստանինը, մեզ մոտ որքան էլ թանկանար, ծխախոտը չէր լինելու ավելի բարձր, քան Ռուսաստանինն է։ Հիմա, երբ որ այս հարթությունից դուրս հարցը այլ հարթության մեջ ենք քննարկում, շատ ուրիշ բաներ կասենք՝ իսկ ինչ չափորոշիչներ պետք է սահմանենք, ինտելեկտի ինչ նվազագույն շեմ պետք է դնենք, որ եթե դա չեն բավարարում, պատգամավոր չլինեն, կամ որքան լինի ջրի գինը, որ մարդ երկու լիտրից ավելի ջուր չօգտագործի, եթե մարդը խմում է կոմպոտ, կխմի նաև գինի, եթե խմում է գինի, կխմի նաև օղի, եթե մարդը շատ է սիրում ալյուր, կարող է հանգիստ սիրել նաև կոկային»,- ասաց Պիպոյանը և հավելեց, որ չի ուզում հարցը այդ հարթությունում քննարկել։

Խոսելով գնի բարձրացման ֆոնին ծխողների թվի նվազումից՝ Պիպոյանը նկատեց. «Դա էլ է ինդեքսավորվող բան, այսինքն՝ ինչ-որ չափ կա, որ դու ավելացնում ես, չի նվազում, դրանից ավելը կա, բայց դա ոչ թե պարզապես թվեր են վերցնում և հանրային բարձրաձայնում են այստեղից-այնտեղից վերցված մտքերը, այլ խոսում են ըստ դրույքաչափերի, չափերի և ասում են, թե, օրինակ, Հայաստանը այդ որ ինդեքսով է այնքան վճարունակ դարձել, որ ակցիզային հարկը այստեղ պետք է Գերմանիայից շատ լինի։ Այսինքն՝ եթե մենք պայմանական թվեր ենք ասում, դա լավ չի, չի կարելի հասարակության հետ խաղալ և մոտավորապես թվեր կրակելով՝ գնալ, հասնել ինչ-որ բանի»,- ասաց Պիպոյանը և ավելացրեց, որ պետությունը իրավունք չի տվել ծխախոտի գինը նման ձևով բարձրացնել, նման գործիքակազմ չկա։

Փաստորեն նրանք, ովքեր ծխելու դեմ նման պայքար են առաջարկում, լիարժեք չեն տիրապետում օրենքներին ու կարգավորումներին։