Oragir.News-ին էր ահազանգել փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով նշեց, որ Ֆիրդուսի թաղամասի 15 սեփականատերերի գույքը հարկադրաբար օտարելուն վերաբերող դատական նիստի ընթացքում դատավոր Մուրադ Հովակիմյանի կողմից հանցագործություն է կատարվում։
«Աննախադեպ բան է տեղի ունենում, 9․30-ից դատական նիստ է նշանակել, մինչև այս պահը դատական նիստը շարունակվում է, դատավորը բոլոր նիստերը հետաձգել է, պարտադրում է, որ գործով փաստաբանները իրենց մյուս դատական նիստերը հետաձգեն, քանի որ ինքը, ամենայն հավանականությամբ, հրահանգ է ստացել, որ այսօր ինքը պետք է դատական նիստը ավարտի ու վճիռ կայացնի։
Դատավորը խախտում է բոլոր դատավարական նորմերը, օրինակ՝ գործի 15 շահառուներից 5-ը ծանուցված չեն եղել, որ այսօր դատական նիստը շարունակվելու է, մեկն էլ բժշկական տեղեկանք էր բերել, որ վատ զգալու պատճառով չի կարող մասնակցել նիստին։
Մուրադ Հովակիմյանը արդեն 2-րդ դատական նիստն է, թեև օրենքով նման բան նախատեսված չէ, բայց ամեն հարց որոշելու համար գնում է առանձին սենյակ ու ինչ-որ մեկի հետ խորհրդակցում է, ինչ-որ մեկը իրեն հրահանգներ է տալիս։
Նա մոտ կես ժամով նիստը պարբերաբար ընդմիջում է, գնում է հրահանգներ ստանալու։
Այս դատավորը դատավարական բոլոր ենթադրյալ նորմերը պարբերաբար խախտում է, սա հանցագործություն է, դատավորը պատվերով դատական նիստ է անցկացնում, գնում է, ինչ-որ մեկից հրահանգ է ստանում ու հետ գալիս։
Ես հայտարարում եմ, որ դատավորը նման կոպիտ կերպով չի խախտի դատավարական ընթացակարգերը, եթե ԲԴԽ-ից հովանավոր չունենա։ Կամ նա ԲԴԽ-ից հովանավոր ունի, կամ ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունից ինչ-որ մեկը կարողանում է ազդել դատական համակարգի վրա։ Այս պահին դատական համակարգը դարձել է ձեռքի գործիք՝ դատավոր Հովակիմյանի գլխավորությամբ»։
Նա ընդգծեց, որ ի սկզբանե այս գործից կոռուպցիայի հոտ է գալիս, քանի որ դատարանի ջանքերով նշանակված փորձաքննության արդյունքում Հանրապետության հրապարակում գտնվող 2 հարկանի քարից, ամուր տան բնակելի քառակուսի մետրը գնահատվել է 380 դոլար։
«Այսօր մենք ունենք փորձագետներ, ովքեր Հանրապետության հրապարակի հարևանությամն ամուր տունը, որի վրա կարելի է ևս 2 հարկ կառուցել, գնահատել 1 քմ-ն 380 դոլար, այն դեպքում, երբ Երևանի ծայրամսում 1000 դոլարից պակաս արժեքով գույք գոյություն չունի։
Սա այն դեպքում, երբ գույքը ձեռք բերող ընկերության վրա արգելանք է դրված և կազմակերպությունն իրավունք չունի այդտեղ կառուցապատում իրականացնելու։
Այդ ԾԻԳ-ի ներկայացուցիչները այս պահին էլ դատարանում են, իրենք ընդունում են, որ իրենց իրավունքները դադարեցված են, բայց զորբայությամբ, բիրտ ուժով փորձում են դատական ակտ ստանալ։
Դատավորին մեր որևէ առարկություն կամ ներկայացրած ապացույց չի հետաքրքրում, դատավորը շտապում է դատական վճիռ կայացնել ու 15 պատասխանողների զրկել իրենց սեփականությունից, չգիտեմ՝ ինչ են դատավորին խոստացել ու ինչպես են խոստացել, բայց սա ակնհայտ է»։