Երևան +14°
copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 15:30 06-06-2023

Իշխանության մարտավարությունը մարդկանց դատական քաշքշուկների միջոցով չեզոքացնելն է․ Գևորգ Էմին-Տերյան

Արդեն շատ երկար ժամանակ է՝ ես թիրախավորված եմ իշխանությունների կողմից, թիրախավորված եմ դեռևս ԵՊՀ-ից։ Կարծում եմ՝ խնդիրն իմ անձը չէ, այստեղ տեսակների պայքարի հարց կա, քանի որ թիրախավորված եմ ոչ միայն ես, այլև ինձ նման մտածող իմ ընկերները, գործընկերները և այլն։ Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Oragir.News կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը։

Ամենազավեշտալի և առանցքային գործն, Էմին-Տերյանի խոսքով, տոնածառի գործն է, երբ Բերձորի միջանցքի շրջափակումից հետո գրառում էր կատարել, որ պետք է ի նշան բողոքի՝ վառել հրապարակի տոնածառը։ Գրառումից կես ժամ անց հարյուրավոր ոստիկաններ շրջապատել էին տոնածառը, իսկ իրեն առաջադրել էին մեղադրանք։

«Արդեն կես տարի է՝ ունեմ մեղադրյալի կարգավիճակ, ինձնից ստորագրություն է վերցված երկրից չբացակայելու։ Բայց ինձ դեռևս չեն պարզաբանել, թե ոնց է հասկացել դատախազությունը իմ գրառումը՝ ո՞ւմ նկատմամբ է հնչել բռնության կոչը։ Ես ինչ-որ ենթադրություններ ունեմ, օրինակ, գուցե Հայաստանում կա մարդկանց խումբ, որը համարում է, որ ինքն առաջացել է այդ հրապարակի տոնածառից, դա երևի թե ռասայակն խումբն է։ Գուցե ինչ-որ խումբ կա, որը մտածում է՝ այդ տոնածառից է Հայաստանը փրկվելու, դա երևի քաղաքական խումբն է։ Գուցե խումբ կա, որը տոնածառին նայելով, կներեք, գրգռվում է, դա երևի սեռական խումբն է, և իհարկե, պետք չէ բացառել, որ մեր երկրի ղեկավարն ասում է՝ տոնածառը ես եմ և իմ գրառումն ընկալվել է որպես բռնության կոչը վարչապետի նկատմամբ»,- ասաց Էմին-Տերյանը՝ հավելելով, որ այս ամբողջ ընթացքում 2 անգամ է հրավիրվել հարցաքննության, որոնց ժամանակ շատ զավեշտալի բաներ են տեղի ունեցել․ «Սա իրավական բեսպրիդելի շատ ցայտուն օրինակ է»։

Էմին-Տերյանը նշեց, որ ընդհանուր առմամբ 9 դատական գործ կա, որտեղ ներգրավված է․ «Դրանցից մեկն այն էր, երբ դատարանը հայցի ապահովում էր կիրառել, համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը չէր կատարել հայցի ապահովումը և իր նկատմամբ քրեական գործ չհարուցվեց։ Իմ տեղեկություններով՝ շատ բարձր մակարդակից միջնորդություններ են եղել, որպեսզի դա կանխվի։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը գիտի, որ քանի դեռ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, ինքն ինչ ուզի, կարող է անել։ Այս առումով համալսարանում ես շատ լավ թիրախ էի, որով վախեցրին մնացած համալսարանականներին։

Իմ ենթադրություններից մեկն էլ, օրինակ, տոնածառի գործով այն է, որ հրահանգը եղել է շատ բարձր մակարդակի և դա արել է անձամբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ում հետ ծանոթ եմ շատ վաղուց և ինքն անձնական բաներ ունի իմ դեմ, նաև որոշ իր նախաձեռնություններ ես ձախողել եմ»։

«Իշխանության մարտավարությունն այն է, որ մարդկանց ներգրավում են դատական անիմաստ քաշքշուկների մեջ և դրանով խլում են և՛ ժամանակ, և՛ ֆինանսական ռեսուրս, և՛ նյարդեր, և դա մարդկանց չեզոքացնելու ձև է»,- ընդգծեց Գևորգ Էմին-Տերյանը։