copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 15:02 06-06-2023

10 մլն հայ կարծես ֆիլմ է նայում, թե ինչպես են 120 հազարը մի կերպ գոյատևում

Արցախում նույն իրավիճակն է, մի օր խանութներում սնունդ կա, մի օր չկա, խանութներում ամեն բանի դեֆիցիտ էլ կա, բանջերեղենի խնդիր կա, վառելիք չկա, օրվա մեջ մի քանի անգամ լույսերն են անջատում։

Բայց մեր իրական խնդիրը սա չէ, մի մակարոն կլինի՝ դա կուտենք, մի օր գրեչկա կլինի՝ դա։ Իրական մտահոգությունն այն է, թե ինչ է լինելու սրա վերջը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակիչ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամ Արթուր Հայրապետյանը։

«Միակ ելքն այն է, որ մարդիկ թմրածությունից արթնանան, հատկապես Երևանի հայերը, ելքը Նիկոլին հեռացնելն է։ Եթե նա մնա, մեզ լավ բա չի սպասվելու։ Ես դեռ Աղավնոն հանձնելուց եմ ասել, որ եթե այսօր Աղավնոն ենք հանձնում, վաղն էլ Ստեփանակերտն ենք հանձնելու, մյուս օրն էլ՝ Երևանը։ Պատմության վերջին էջն հենց այսպես են թերթում։

Աշխարհում 10 մլն հայ կա, եթե 10 մլն հայից 10 տոկոսը դուրս գա, Նիկոլի հրաժարականը պահանջի ու սրանց իշխանությունից հանենն, միայն այդ ժամանակ մենք փրկվելու շանս կունենանք, իսկ այսպես մի օր էլ նույն բլոկադան Երևանում է լինելու։ Ժամանակի հարց է։

Պետք է դուրս գալ՝ իրական իշխանափոխություն անելու, պետք է ինքնության հեղափոխություն անել։ Ամեն օր մի գյուղ հանձնում են, հայտարարում են դրա մասին ու մարդիկ դա նորմալ են ընդունում։ Հիմա արդեն Երևանի մոտերքից են ուզում հանձնել ու մարդիկ էլի լռում են, միայն թե Հյուսիսային պողոտային մի բան չլինի, Եվրոպայի, Լոս-Անջելեսի հայերին չլինի։ Կարծես, 10 մլն հայ կինո է նայում, թե 120 հազար մարդ ինչպես է գոյատևում»։

Անդրադառնալով մի քանի օր շարունակ ադրբեջանական անցակետի մոտ հերթերին՝ նա ընդգծեց, որ բոլորին չի ճանաչում ու կդժվարանա ասել, թե արդյոք բոլորն են խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալիս։

Հարցին, թե արդյոք Արցախից արտահոսք կա՝ նա պատասխանեց, երբ այդ հարցը տալիս եք՝ իրականությո՞ւնն եք ուզում իմանալ։ «Իրականությունն այն է, որ երբ մարդկանց այսքան նեղված են պահում, անհնարին է, որ հեռանալու ցանկություն ունեցողներ չլինեն։ Բնականաբար, որքան էլ ուզենք մեզ խաբենք՝ իրականությունն այն է, որ չեն կարող ցանկություն ունեցողներ չլինեն։

Այնպես չէ, որ հեռացողներն իրերն հավաքում ու հեռանում են մի հատ էլ աչք են ծակում, թե գնում են։ Այո, ես գիտեմ մարդկանց, ովքեր հեռացել են։ Մինչդեռ ամեն մեկը մյուսին մեղադրում է, ու ոչ մեկ տեղից չի շարժվում։ Երկիր ենք կորցրել ու շարունակաբար կորցնում ենք։ Բայց շատերն էլ ամուր կանգնած են իրենց հողին։ Ես վստահ եմ, որ ամենամութ գիշերը լուսաբացից առաջ է լինում»։