Երևան +18°
copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 11:07 06-06-2023

Վճարել, թե ոչ «պլյոնկաների» տուգանքները․ խորհուրդներ` վարորդներին

Ինչպես հայտնել ենք, հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները պետք է հայտնաբերեին ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության ենթարկեին վարորդներին նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Որոշումից հետո մի քանի օրվա ընթացքում գրեթե բոլոր վարորդները հեռացրին իրենց մեքենաների «պլյոնկաները», բայց շատերը մտածում էին, որ որոշումը չի գործելու։

«Վարորդի ընկեր» կազմակերպության իրավաբան Մհեր Հակոբյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ կարծես քաղաքացիների կողմից եղած այդ դժգոհությունները մի պահ ստիպել էին իշխանություններին մտափոխվել։

Հակոբյանը նշեց, որ նման կարծիք կազմելու համար կար մի քանի պատճառ. «Պատգամավոր Վահագն Ալեքսանյանի գրությունը ոստիկանապետ Վահե Ղազարյանին, թե արդյո՞ք լուսաթափանցելիության հետ կապված խախտումները վթարների պատճառ են, սա էր պատճառներից մեկը։

Երկրորդ իրադարձությունը այդ թեմայի շուրջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի քննարկումն էր։ Դրանից հետո ոչ միանշանակ հայտարարություն արվեց, իսկ երրորդ պատճառն այն էր, որ ՆԳՆ-ն ոչ միանշանակ հայտարարություն արեց, որից տպավորություն ստեղծվեց, որ չեն տուգանվելու»։

Իրավաբանը ցավով ընդգծեց, որ մեր երկրում ունենք մի իրավիճակ, երբ որ պրակտիկան առանց բավարար ուսումնասիրելու, ընդունվում է մի օրենսդրական կարգավորում, հետո հասկանում են, որ դա պրակտիկայում մեծ դժգոհություններ կամ նույնիսկ չնախատեսված բարդություններ կարող է առաջացնել և մի կողմ են դնում դա և այլևս չեն կիրառում. «Դասական օրինակ է քարսիթների խնդիրը։ Հիշում եք՝ ինչ մեծ քննարկում էր սկսվել, որ մեքենաները պետք է քարսիթ ունենան և այլն, բայց արդյունքում դա մոռացվեց։

Հիմա շատ վարորդներ հույս ունեին, որ այստեղ էլ այդպես կլինի, բայց վերջին օրերի մեր պրակտիկան բերեց նրան, որ մենք տեսանք, որ տուգանում են։ Եթե հունիսի 1-ին և 2-ին նախազգուշացում էին տալիս, ապա հիմա արդեն գնում է տուգանումների շարան»։

Հակոբյանը նկատեց. «Իրավական որոշակի անորոշություն կա այս գործերի օրինականության վերաբերյալ, քանի որ առանձին քննարկման հարց է, թե ինչով է կարգավորվում լուսաթափանցելիության չափը։

ՀՀ Կառավարության հանրահայտ որոշումը իր ուժը կորցրեց այս տարվա հունվարին և այս պահին կարծես թե Կառավարության որոշում դեռ չկա։ Ես կարծում եմ, որ կառավարությունը նման մի որոշում շուտով կընդունի և այս իրավական խնդիրը կփակի որոշման ընդունման պահի և ապագայի վերաբերյալ, բայց անցյալի վերաբերյալ այդ խնդիրը կմնա։

ՆԳՆ փոխնախարարը ասաց, որ ԵԱՏՄ-ի չափանիշների վրա են իրենք հիմնվելու, բայց վիճահարույց հարց է, թե ԵԱՏՄ չափանիշը որքանով է կիրառելի սույն իրավահարաբերությունը կարգավորելու վերաբերյալ»։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ տուգանքները չվճարելու դեպքում հետագայում դատարան դիմելիս վարորդը շահած դուրս գա, Հակոբյանը ասաց. «Տեսականորեն հնարավոր է և շատ հավանական, բայց գործնականում դա վարորդի համար դժվարություն է։ Մեր երկրում նմանատիպ ակտերի բողոքարկումը ամենահամեստ հաշվարկներով տևում է մոտավորապես կես տարուց մեկ տարի։

Հիմա ենթադրենք՝ հունիսի 10-ին մարդը տուգանվեց և հունիսի 13-ին սկսեց բողոքարկման գործընթացը, մինչ այդ կես կամ մեկ տարին կանցնի, այդ ընթացքում իրեն ամեն օր հնարավոր է տուգանեն, այսինքն՝ կոնկրետ ակտի բողոքարկումը չի կարող կասեցնել այն, որ հաջորդ օրը կամ նույն օրը իրեն նոր տուգանք չգրեն»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանը ավելացրեց, որ մեծ թիվ են կազմում այն վարորդները, ովքեր թաղանթները չեն հեռացրել։ Իրավաբանը մարդկանց խորհորդ տվեց ամեն դեպքում թաղանթը հեռացնել, չնայած նրան, որ որպես իրավաբան պատրաստ է բողոքարկել։

«Մեր իրավաբանների սկզբունքն է՝ ավելի լավ է կանխել տուգանքը, քան թե տուգանքը բողոքարկել»,- եզրափակեց Հակոբյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի