copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:04 06-09-2022

Ի՞նչ է պետք անել օդի աղտոտվածության վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար. խորհուրդներ մասնագետից

Օրեր առաջ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Երևանում օդի աղտոտվածության պատճառների և հետևանքների մասին։ Ռեկտորը նշել էր, որ մթնոլորտային օդի աղտոտվածությունը մահացության առաջատար պատճառներից է:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպութան վերջին տվյալների՝ օդի աղտոտվածության խնդիրը բնորոշ է գործնականում աշխարհի գրեթե բոլոր պետություններին: Միջազգային տվյալները վկայում են, որ մեր մոլորակի 10 մարդուց 9-ը շնչում են աղտոտված օդ, և այն տարեկան 7 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում, ընդորում, վաղաժամ մահերի 91%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում:

Հրապարակված տվյալների, առողջապահական, բնապահպանական կարևոր հարցի շուրջ Oragir.news-ը զրուցեց բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանի հետ:

Մասնագետը նշում է, որ Երեւանում այսօր օդի աղտոտվածության խնդիրը խիստ արդիական է: Նրա խոսքով` «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պատահարի, պայթյունի հետևանքով առաջացած փոշին հագեցած է եղել քիմիական տարրերով:

Դոցենտ Վարդանյանը, հիմնվելով ԱՀԿ տվյալների վրա, փաստում է` օդի աղտոտվածությունն առողջության համար անհետևանք չի մնում:

«Օդի ավազանի աղտոտման խնդիրը մարտահրավեր է ամբողջ աշխարհի համար, սակայն պետական մակարդակով աշխարհում մշակվում են ծրագրեր օդի ավազանի աղտոտման դեմ պայքարի համար: Խնդրի հաղթահարմանը անհրաժեշտ է ավելացնել կանաչ տարածքները, ջրային մակերեսները, բարելավել հասարակական տրանսպորտի վիճակը, կանոնակարգել քաղաքում իրականացվող շինարարությունը, սանպաշտպան գոտիներ ստեղծել քաղաքում առկա հանքերի տարածքներում և այլն»,- հավելում է նա:

ԵՊԲՀ դոցենտը աղետների հետևանքով առաջացած հրդեհների պատճառով օդի աղտոտվածության վտանգները և վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով հանրությանը խորհուրդ է տալիս կատարել հետևյալ պարզ քայլերը․

1. Խուսափեք վաղ առավոտյան լինել դրսում։ Օրվա այդ ժամին օդում սմոգի առավելագույն քանակն է։
2. Հնարավորինս քիչ դրսում եղեք, հատկապես շոգ ժամերին։
3. Եթե պետք է դուրս գաք փողոց, ապա թոքային, սիրտ-անոթային, ալերգիկ հիվանդություններով տառապողները պետք է իրենց հետ վերցնեն անհրաժեշտ դեղամիջոցները։
4. Մի բացեք պատուհանները, հատկապես գիշերը և վաղ առավոտյան, հնարավորության դեպքում օգտագործեք օդորակման և օդի մաքրման համակարգեր:
5. Պատուհաններին կախեք խոնավ շորեր և պարբերաբար փոխեք։
6. Կատարեք բնակելի և աշխատատանքային տարածքներում խոնավ մաքրում։
7. Օգտակար է նաև ջրով տարաներ դնել՝ օդի խոնավությունը բարձրացնելու համար։
8. Ողողեք քիթը և կոկորդը:
9. Օրական մի քանի անգամ ցնցուղ ընդունեք։
10. Սահմանափակեք ֆիզիկական ակտիվությունը։
11. Եթե առկա է ծուխ՝ կրեք պաշտպանիչ դիմակներ, որոնք պետք է խոնավացնել, իսկ պատուհանների ու դռների բացվածքները խոնավ շորով մեկուսացնել։

Մասնագետը հիշեցնում է՝ եթե տեղեկացված ես, ուրեմն զինված ես, հետեւաբար՝ այս պարզ քայլերը իմանալու եւ անելու դեպքում հնարավոր է նվազեցնել օդի աղտոտվածության վնասակար ազդեցությունը: