Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:35 09-07-2022

Ձրի խորհուրդներ հարուստներին, որ երբեք չեն ասի նրանց միլիոններ ստացող օգնականներն ու խորհրդականները

Հայտնի խոսք կա՝ հարուստները լինում են երկու տեսակ՝ նրանք, ովքեր ցուցադրում են իրենց ունեցվածքը, եւ նրանք, ովքեր վարպետորեն թաքցնում են։ Հիմա վերջին շրջանում մի քանի էպիզոդներ գրանցվեցին, թե ինչպես են մեր մեջի «հարուստները» ցուցադրում իրենց թանկարժեք կյանքը, սակայն առանձին-առանձին դրանց անդրադառնալու կարիք չկա, որովհետեւ կստացվեր՝ անձանց թիրախավորում ենք։ Վերջիվերջո, դա էլ այդ մարդկանց ընտրությունն է, էությունը բացահայտելու միջոց, հարց է առաջանում՝ մի՞թե ճիշտ է նրանց կեղծելը, հանրությանը խաբելը, թող հանրությունը տեսնի եւ ճանաչի իր ընտրյալին, գուցե հենց հարուստ լինելու համա՞ր է նրան հավանում։

Սակայն մեր պես աղքատ երկրում, որտեղ հասարակության բարոյահոգեբանական վիճակը, մեղմ ասած, առողջ չէ, մեզ հավատացրել են, որ տարիներ շարունակ մեր եւ մեր երեխայի բերանից օլիգարխները գողացել են օրվա ապրուստը, հարուստները այդքան էլ սիրված եւ ընդունված խավ չեն։ Հարց է առաջանում՝ ի՞նչ անել աղքատների անեծքին չարժանանալու կամ գոնե բացասական վերաբերմունքի չհանդիպելու համար։

1․ Այն, որ դուք հարուստ եք, շատ լավ է, բայց մեծամասամբ մենք՝ ձեզնից վատ ապրողներս, խոր կասկածներ ունենք, որ դուք ինչ-որ մի տեղ գցել եք մեկին, թալանել եք, յուրացրել եք, որովհետեւ չենք հավատում Հայաստանում արդար, ազնիվ քրտինքով հարստություն դիզելու հեքիաթներին։

2․ Այն, որ դուք հարուստ եք, հիանալի է, բայց խնդրում եմ՝ խնայեք մեզ, պիթոնի կաշվից 30 հազար դոլարանոց բաճկոնով մի՛ գնացեք սոցիալապես անապահով քաղաքացիների հետ հանդիպելու, նրանց թոշակները բարձրացնելու, գները իջեցնելու խոստումներ տալու, ախր հացի գինը կլինի 100, թե 150 դրամ, ձեզ համար աննկատ է, բայց շարքային սպառողի համար դա օրախնդիր է։ Հավատացեք՝ 50 հազար դոլարանոց պայուսակով դուք դժվար հասկանաք եւ ըմբռնեք, թե ինչ դժվար է շարքային երեւանցու համար ծանր-ծանր տոպրակներով մետրոյով երթևեկելը։

3․ Այն, որ դուք հարուստ եք, ուրախ ենք, բայց այդքան ի ցույց մի՛ դրեք ձեր հարստությունը։ Եթե դուք հանրային, քաղաքական դեմք եք, խոսում եք արդարությունից, ազնվությունից, հավասարությունից, պարտադիր չէ՝ դա անեք գերթանկարժեք հագուստով ու կոշիկով։ Դա հավատ չի ներշնչում։

4․ Այն, որ դուք հարուստ եք, դա ցուցադրում եք ու հետն էլ քննադատվում, բայց շարունակում ցուցադրել այդ հարստությունը՝ ամեն հաջորդ ակցիայի ժամանակ ավելի թանկ հագուստ կրելով, պայուսակ վերցնելով, դա անպատկառություն է։ Այսինքն՝ դա ցույց է տալիս, որ դուք թքած ունեք, որ մարդկանց կողմից լավ չի ընկալվում ձեր ցուցամոլությունը, դուք կշարունակեք նույն ձեւ ներկայանալ, հետեւաբար ի՞նչ տարբերություն ձեր եւ իշխանության մեջ, չէ՞ որ իշխանությունն էլ թքած ունի շարքայիններիս կարծիքի վրա։

5․ Այն, որ դուք հարուստ եք, դեռ չի նշանակում, որ այդ ճոխության ցուցադրություններում պետք է ներգրավեք նաեւ երեխաներին։ Խնայեք նրանց, նրանք նոր-նոր են ձեւավորվում, կյանք մտնում, հավատացեք, որ մի քանի հազար դոլարանոց թանկարժեք բրենդային հագուստներով ձեր երեխաներին հանրության մեջ ներկայացնելը որքան էլ սրտիկներ եւ գեղեցիկ խոսքեր է ստանում, նույնքան էլ վատ հայացքների, ծուռ մտքերի է արժանանում։

Դուք կարող եք գերթանկարժեք հագնվել, ձեր երեխաներին էլ հագցնել գերթանկարժեք եւ այցելել որևէ միջոցառման, որտեղ բոլորն են այդպես հագնված։ Բայց հանրությանը ներկայանալիս մի քիչ ծանր ու թեթեւ արեք, վերջիվերջո ի՞նչ պարտադիր է՝ մարդիկ իմանան, թե ինչքան հարուստ եք դուք, չարախոսեն, անիծեն։ Կարելի է լինել գեղեցիկ, խնամված, բայց ոչ քաղքենի, ոչ ցուցամոլ, հավատացեք՝ դա վանում է։

Նկատենք, որ այս հրապարակումը հարուստներին ձրի խորհուրդների շարքից է, որը երբեք իրենց միլիոններ ստացող օգնական, խորհրդական, խոսնակները չեն ասի, գուցե չեն ֆայմում կամ համարձակություն չունեն։ Ու թեև վստահ ենք, որ «ձրի» բանը չի գնահատվում, բայց նաեւ գիտենք, որ իրեն քննադատելու համար ոչ մի մեծահարուստ չի վճարի ինչ-որ մեկին, այդ իսկ պատճառով մեր հոգու պարտքն ենք համարում մեկ անգամ ևս տարրական «նյուանսներ» հուշել (հետո չասեք, թե չգիտեիք), գուցե ինչ-որ մեկը եզրակացություններ անի այս հրապարակումից և փոխի իր կենսակերպը։