Երևան +11°
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 11 ամիս առաջ - 19:30 05-06-2023

Իրանի համար նախընտրելի է ունենալ ավելի վստահելի երթուղի, որը կարող է անցել Հայաստանի տարածքով

Վերջին շրջանում Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի միջև առկա լարվածությունը շարունակվում է։ Այս համատեքստում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 3-ին իր քաղաքացիներին կոչ արեց խուսափել Իրան այցելություններից՝ առանց հրատապ անհրաժեշտության։

Ավելի վաղ Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Իրանին՝ Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլիի ձերբակալության հետ կապված, ում իրանական իշխանությունները մեղադրում են լրտեսության մեջ։

Oragir.News-ի հետ զրույցում իրանագետ Ժաննա Վարդանյանը հիշեցրեց, որ վերջին երկու-երեք տարիների ընթացքում իրանա-ադրբեջանական հարաբերությունները բավականին լարված են։ Նա շեշտում է, որ այդ լարվածությունն ուղեկցվել է տարբեր փուլերով, որոնցից վերջինը սկիզբ է առել նախորդ տարի աշնանը և նոր փուլ է թևակոխել 2023 թվականի հունվարին՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումից հետո։

Նրա խոսքով՝ ամենամեծ սրացումը բաժին է հասնում հենց այդ փուլին։ Իրանագետը նշեց, որ այդ հարձակումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին իր քաղաքացիներին հորդորել էր չմեկնել Իրան։ Վարդանյանը շեշտեց, որ վերջին հայտարարությունը պայմանավորված է մասնավոր դեպքով՝ նշելով, որ Իրանում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, հենց դրանով պայմանավորված Բաքուն բնակչությանը հորդորել է առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Իրան։

Իրանագետը կարծում է, որ ընդհանուր առմամբ այս միջադեպը Ադրբեջանի համար առիթ և պատրվակ էր, որովհետև վերջին տարիներին Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտում է իր քաղաքացիների այցելությունները Իրան։ Նա այս համատեքստում հիշեցրեց, որ, օրինակ՝ կորոնավիրուսի պատրվակով Ադրբեջանը փակ է պահում Իրանի հետ ցամաքային սահմանները, ինչպես նաև քաղաքական լարված հարաբերությունների ֆոնին փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, որ Իրանում Ադրբեջանի քաղաքացիների համար անվտանգ չէ և փորձում է քաղաքական երանգ հաղորդել դրան, իսկ վերջին հայտարարությունը՝ կրկին այս տրամաբանության մեջ է։

Իրանագետը շեշտեց, որ իրանա-ադրբեջանական հարաբերություններում ընդհանուր լարվածությունը պահպանվում է, սակայն, եթե համեմատենք նախորդ ամիսների հետ, ապա առկա է որոշակի թուլացում, չնայած բուն լարվածությունը շարունակվում է, մամուլում երկկողմ մեղադրանքները պահպանվում են։

Վարդանյանը լարվածության թուլացման համատեքստում նշեց, որ Իրանից մշտապես Ադրբեջանին կոչ են անում պահպանել բարի-դրացիական հարաբերությունները, հարևանության սկզբունքի վրա լավ հարաբերությունները շարունակել, սակայն այդ կոչերը չեն ողջունվում Ադրբեջանի կողմից, վերջինս Իսրայելի հետ է իր հարաբերությունները խորացնում, ինչը զգայունությամբ է ընդունվում Իրանում։

«Նույն այս վերջին հայտարարությունը, որով Ադրբեջանն իր քաղաքացիներին կոչ էր արել չմեկնել Իրան, Իրանում միանգամից կապեցին Իսրայելի նախագահի՝ Բաքու կատարած այցի հետ։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ հիմնական խնդիրները շարունակում են պահպանվել, ու դրանք ժամանակ առ ժամանակ կա՛մ նորից գլուխ են բարձրացնում, կա՛մ որոշակորեն թուլանում են։ Այսինքն՝ բուն տրամաբանությունը շարունակում է մնալ նույնը»,- նշեց նա։

Մեր հարցին, թե Հայաստանը ինչպե՞ս և ի՞նչ տարբերակով կարող է օգտվել Թեհրանի և Բաքվի միջև առկա լարվածությունից՝ իրանագետը պատասխանեց, որ մեր համար պետք է սկզբունք լինի այն, որ անկախ նրանից, թե ինչ մակարդակում կգտնվեն իրանա-ադրբեջանական հարաբերությունները, հայ-իրանական հարաբերությունները պետք է գտնվեն բարձր մակարդակի վրա և պետք է զարգանան բոլոր ուղղություններով։

Նրա համոզմամբ՝ իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը Հայաստանին որոշ հնարավորություններ է ընձեռնում՝ տարբեր ոլորտներում Իրանի հետ հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար։ Վարդանյանն այս համտեքստում կարևորում է հատկապես քարոզչական դաշտում հայ-իրանական համատեղ պայքարը, քանի որ ադրբեջանական ողջ մամուլը և այդ երկրի վերնախավը Հայաստանից բացի այսօր ամենամեծ քարոզչությունը տանում են Իրանի դեմ։

Նրա դիտարկմամբ՝ այս հարցում Հայաստանը և Իրանը ունեն խնդիրը համատեղելու և ադրբեջանական քարոզչական թեզերի դեմ համատեղ օրակարգերով հանդես գալու կարիք, անհրաժեշտություն և հնարավորություն։

Իրանագետը կարծում է, որ այլ որոտներում նույնպես կան հնարավորություններ, և այստեղ շատ կարևոր է նաև Հյուսիս-հարավ միջանցքի զարգացումը, մասնավորապես, Հայաստանի տարածքում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը և դրանով նաև ապահովել այն, որ Հայաստանը դառնա Հյուսիս-հարավ միջազգային տարանցիկ միջանցքի երթուղիներից մեկը։

«Ե՛վ իրանական կողմը, և՛ հնդկական կողմը դրանում շահագրգռված են, Հայաստանն էլ իր հերթին, բայց հարցն այստեղ ենթակառուցվածքների առկայությունն է։ Քանի որ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները լարված վիճակում են և առհասարակ շատ խնդրահարույց են, քաղաքական առումով նույնպես Իրանի համար նախընտրելի է ունենալ ավելի վստահելի և այլընտրանքային երթուղի, որը կարող է լինել հայկական երթուղին։ Իսկ մինչ այդ, քանի որ հայկական երթուղին դեռևս պատրաստ չէ, բնականաբար, օգտվելու են այն երթուղիներից, որոնք առկա են, որոնցից մեկն էլ Ադրբեջանի տարածքով անցնող երթուղին է»,- ընդգծեց նա։

Մեր զրուցակիցը հավելեց՝ այլ ոլորտներ նույնպես կան, որտեղ Հայաստանը և Իրանը կարող են իրենց համագործակցությունը զարգացնել՝ ընդհուպ մինչև ռազմական ոլորտ, ռազմատեխնիկական, ռազմարդյունաբերական համագործակցություն և այլն։

Դավիթ Գույումջյան