Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է
Oragir.News-ը, նախօրին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշիյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որին մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Սա նման հնգակողմ ձևաչափով առաջին բանակցություններ էին. եթե Շառլ Միշելը հայ-ադրբեջանական բանակցություները համակարգելու մեծ փորձ ունի, ապա Ֆրանսիայի նախագահը միայն մեկ անգամ՝ նախորդ տարի հոկտեմբերի 6-ին Պրահայում էր մասնակցել Փաշինյան-Ալիև-Միշել բանակցություններին, ինչից հետո իր հայտարարություններն առաջացրել էին ադրբեջանական կողմի դժգոհությունը, և Բաքուն փաստացի վիժեցրել էր այս ձևաչափով անցկացվող բանակցություններն, ապա Գերմանիայի կանցլերը երբևէ ընդգրկված չէր եղել այս հարցով ընթացող բանակցություններում։
Քիշնևյան բանակցություններն ակտիվորեն լուսաբանվել են նաև ադրբեջանական մամուլում, որոնցում մի շարք ուշագրավ տեսակետներ են հնչել։ Ադրբեջանում գործող Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը Minval.az լրատվականին տված հարցազրույցում ընդգծել է, որ տվյալ ձևաչափը դժվար թե որևէ դեր խաղա հայ-ադրբեջանական բանակցություններում, քանի որ Ֆրանսիան Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո բացասական դեր է խաղացել այս գործընթացում, իսկ նրա հայտարարությանը բավականին կոշտ արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նա նաև պնդել է, թե իբր Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ֆրանսիան և Գերմանիան բացահայտ կերպով աջակցել են Հայաստանին, ուստի չեն կարող միջնորդ համարվել։
Վերջինս կարևորել է կողմերը մի շարք հարցերում համաձայնության են եկել։ Նա այս համատեքստում կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատումն իրականացվելու է 1975 թվականի քարտեզներով, իսկ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 քառակուսի կիլոմետր տարածքով, որն ընդգրկում է Արցախի ողջ տարածքը և այսպես կոչված նախկին անկլավները։ Անդրադառնալով անկալվները փոխանակելու մասին Փաշինյանի հայտարարությանը՝ փորձագետն ընդգծել է, որ այդ հարցը կքննարկվի սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Նրա խոսքով՝ եթե կողմերը ճանաչում են 1991 թվականի սահմանները, ապա Ադրբեջանի տարածքում է գտնվում հայկական անկլավ Արծվաշենը։ «Այս գործընթացը նույնպես պետք է լուծվի։ Հնարավոր է՝ փոխանակման արդյունքում, սակայն նրանք ունեն մեկ անկլավ, մենք՝ ութ անկլավ»,- հայտարարել է նա։
Վերջինս նաև հպարտացել է, որ իրենք մերժել են խաղաղության պայմանագրի ռուսական առաջարկը, որով առաջարկվում էր Արցախի հարցն անորոշ ժամանակով հետաձգել։ Նրա խոսքով՝ դա չէր համապատասխանում Ադրբեջանի շահերին, և Բաքուն ավելի մեծ հաջողությունների է հասել արևմտյան հարթակում, որտեղ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանը չի կարող լիովին դուրս մնալ այս գործընթացից, քանի որ երկիրը դեռ շահեր ունի տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցում։ «Ռուսական հարթակում հաջողություններ կան, և ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի միջնորդությամբ քննարկումներ են ընթանում Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ։ Ուստի մենք կշարունակենք բանակցությունները արևմտյան հարթակում երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերի, իսկ ռուսական հարթակում՝ տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ,- ասել է նա։
Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Բահրուզ Մահարրամովն էլ հայտարարել է, որ Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումը պետք է դրական գնահատվի՝ երկխոսության միջավայրի շարունակականության և ադրբեջանական նոր իրողությունների տեսանկյունից։ Նրա խոսքով՝ դա պետք է անել նաև այն պատճառով, որ Ադրբեջանին հաջողվեց ապահովել բրյուսելյան գործընթացի շարունակականությունը, որն իր համար ընդունելի հարթակ է։
Մահարրամովն ընդգծել է, որ բրյուսելյան գործընթացը տապալվել էր Ֆրանսիայի ապակառուցողական գործունեության պատճառով և վերսկսվել է միայն յոթ ամիս անց՝ այս տարվա մայիսի 14-ին։ Նրա խոսքով՝ գործընթացի շարունակության համար կարևոր էր հաջորդ շփումը, և սկզբունքային նշանակություն ուներ, որ երկխոսությունը շարունակվի «Եվրոպական քաղաքական միության» գագաթնաժողովի շրջանակներում։
Ադրբեջանցի պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նախորդ յոթ ամսում ադրբեջանական կողմն ավելի է ամրապնդել իր դիրքերը, տեղակայվել է ռազմավարական լուրջ բարձունքներում, ինչպես նաև անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։ Նա նաև նշել է, որ միջազգային դերակատարներն ընդունել են Ադրբեջանի նախագահի այն պնդումը, թե 2023 թվականը խաղաղության պայմանագիր ստորագրելու համար վերջին հնարավորությունն է։
Այսպիսով կարող ենք փաստել, որ ադրբեջանական կողմը օգտվում է բոլոր հնարավորություններից՝ սեփական շահերն առաջ մղելու և Հայաստանից առավելագույն զիջումներ կորզելու նպատակով։
Դավիթ Գույումջյան