Երևան +11°
copy image url
Ներքին Արտաքին 10 ամիս առաջ - 22:30 03-07-2023

Փաստաթղթի ստորագրումը չի զսպելու Ադրբեջանին. Բաքուն ձգտում է առավելագույնին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հետ սահմաններին իրականացված վերջին սադրանքներից հետո մի շարք փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր լայնամասշաբ ագրեսիայի, և տարածաշրջանում ռազմական բախման վտանգը չափազանց մեծ է։

Չափազանց մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն իր առաջիկա սադրանքը կիրականացնի Արցախի ուղղությամբ։ Մասնավորապես օրեր առաջ Ադրբեջանի պետական «Az Tv» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ ադրբեջանական ուժերը Արցախում պատրաստվում են իրականացնել «Վրեժ-3» անունը կրող ռազմական գործողությունը։ Բացի այդ, վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները և Պաշտպանության նախարարությունը հայտնում են, թե, իբր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները, որոնց այդ երկիրն անվանում է «իր տարածքում գործող անօրինական զինված խմբավորումներ», վերջին օրերին օկուպացված Շուշիի, Քարվաճառի և Աղդամի ուղղությամբ պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը։

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը մեջբերումներ է կատարել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ և սպառնալից ելույթներից, որոնցում վերջինս հայտարարում է, թե իբր Հայաստանը և Ռուսաստանը խախտում են 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իսկ ռուս խաղաղապահները զինում են Արցախի ՊԲ ստորաբաժանումներին։ Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե Բաքուն մինչև այժմ չի հասել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացմանը, որի ուղղությամբ նույնպես պետք է քայլեր ձեռնարկի։

Առհասարակ մշտապես, երբ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի, կամ Արցախի դեմ նոր ագրեսիա իրականացնել ադրբեջանական ԶԼՄ-ները մի քանի օր շարունակ տեղեկատվական արշավ են իրականացնում և փորձում են առաջիկա էսկալացիայի համար լեգիտիմ հող նախապատրստել՝ պնդելով, թե իբր հայկական կողմն է պարբերաբար խախտում հրադադարը, իսկ իրենք ստիպված են լինում պատասխան քայլեր ձեռնարկել։ Այլ կերպ ասած նման քայլերով Ադրբեջանը անոնսում է իր առաջիկա հարձակումը, որը Հայաստանի համար պետք է լուրջ ազդակ հանդիսանա՝ հնարավոր սադրանքը կանխելու համար, սակայն ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները մտադիր են խաղաղության դարաշրջան բացել և փորձում են որևէ կերպ չխոչընդոտել դրան։

Ադրբեջանը փորձում է ամեն գնով հասնել Արցախի պաշտպանության բանակի լուծարմանը, քանի որ մտավախություններ ունի, որ նպաստավոր իրավիճակում հայկական ուժերը կարող են վերականգնել իրենց մարտունակությունը և իր համար լուրջ խնդիր ստեղծել։ Բացի այդ, Արցախի ՊԲ-ի լուծարումից Ադրբեջանը ևս մեկ քայլով կմոտենա Արցախի այսպես կոչված Ադբեջանի հասարակության ինտեգրման գործընթացին, որի ուղղությամբ այդ երկիրը վերջին շրջանում հստակ քայլեր է ձեռնարկում։ Օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ իր հերթին հայտարարել էր, որ Արցախի ՊՆ-ն Ադրբեջանի համար խնդիր չի հանդիսանում, և ցանկության պարագայում ադրբեջանական բանակի մեկ ոչ ամբողջական կորպուսը կարող է զինաթափել Արցախի ՊԲ-ն։

Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, քանի որ ստեղծված իրավիճակից օգտվելով վերջինս նորանոր զիջումներ է կորզում Հայաստանից։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը, որի ամենատարբեր ներկայացուցիչներ մշտապես հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում նաև Արցախը Ադրբեջանի մաս, այս իրողությունը որևէ կերպ չեն ցանկանում գիտակցել, և վերջիններիս թվում է, որ Արցախից հրաժարվելով կարողանալու են փրկել Հայաստանը, սակայն այդ պարագայում Ադրբեջանի հավակնություններն ուղղվելու են Սյունիքին, Վայոց ձորին, Գեղարքունիքին և այլն, ինչի մասին արդեն հայտարարում են այդ երկրի ամենատարբեր պաշտոնյաները։

Այսպիսով կարող ենք փաստել, որ որևէ փաստաթղթի ստորագրումը, կկոչվի այդ խաղաղության պայմանագիր, թե եռակողմ հայտարարություն, որևէ կերպ չի զսպելու Ադրբեջանին։ Այս երկիրը իր ողջ պետական քաղաքականությունը կառուցել է հայատյացության ֆոնի վրա և որևէ պարագայում չի հրաժարվելու այդ քաղաքականությունից, քանի որ դա լավագույն կերպով միավորում է իր հասարակությանը, ինչպես նաև շեղում վերջինիս ուշադրությունը բոլոր ներքին խնդիրներից։

Միևնույն ժամանակ Ադրբեջանը ձգտում է Հայաստանից առավելագույնը կորզել և այս ճանապարհին որևէ կերպ չի ցանկանում կանգ առնել։ Իսկ Ադրբեջանի ախորժակը զսպելու միակ տարբերակը Հայաստանի զինված ուժերի մարտունակության և առհասարակ Ադրբեջանի հետ ուժային հավասարակշռության վերականգնումն է, որի արդյունքում քիչ թե շատ հնարավոր կլինի խաղաղության հասնել. նման խաղաղության ակնատես ենք եղել 1994-2020 թվականներին, երբ չնայած սահմանային որոշակի լարվածությանը, Բաքուն չէր համարձակվում լայնամասշտաբ պատերազմ կամ տեղային բախումներ հրահրել։

Ցավոք, պետք է արձանագրենք, որ Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո այս ուղղությամբ որևէ գործնական քայլ չի ձեռնարկվել, ինչն ավելի է մեծացրել թշնամու ախորժակը, մեր ուշադրությունը և բոլոր միջոցները 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո պետք է կենտրոնացված լիներ հենց այս ուղղությամբ։