Երևան +20°
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 21:55 31-05-2023

Մեր քննարկումներն աներևակայելի բուռն են լինում

ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խիստ քննադատել էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։

Oragir.News-ի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք թիմում տարաձայնություններ կան, պատասխանեց, որ այդ քննարկմանը չի մասնակցել և կարող է միայն իր անձնական կարծիքն ասել Ղազարյանի կոմպետենտության մասին։

«Ես շատ բարձր եմ գնահատում պարոն Ղազարյանի կոմպետենտության աստիճանը։ Ինչ վերաբերում է քննադարտություններին, թերություններ ունենում են նրանք, ովքեր ոչինչ չեն անում։ Որոշակի թերացումներ, եթե նկատում են, ապա պատգամավորների պարտականւթյունն է դրանք բարձրաձայնել»։

Քննարկման ընթացքում պարզվել էր նաև, որ Քոչարյանը հատուկ լիազորություններ է ստանձնել, ստուգում է պարեկների աշխատանքը։ Նա պատմել էր, որ ՔՊ-ականներով մեծ արագությամբ սլացել են Երեւանով, պարեկների 5 բրիգադ իրենց չի կանգնեցրել, 6-րդն է միայն կանգնեցրել։

Աղազարյանն ասաց, որ ինքը նման հանձնարարականներ չի ստացել․ «Բայց մի անգամ, երբ երթևեկում էի, մեքենան պարեկները կանգնեցրին, պարզվեց՝ իմ մեքենան «տեխասմոտր» անցած չի, տղաներս չէին արել։ Պարեկներն ինձ, իհարկե, ճանաչեցին, թեև մեքենան իմը չէր։ Պարեկները ինձ 20 000 դրամ տուգանեցին, ես խոլոք-խելոք գնացի, վճարեցի այդ տուգանքը, ու այն գանձեցի իմ տղաներից»։

Անդրադառնալով հատուկ հանձնարարականին և քաղաքում արագ երթեևեկելուն՝ նա նշեց, որ ընդունելի չէ մեծ արագությամբ սլանալը փողոցում։

«Կարող է պատահի՝ հանկարծ սլանաս, ու որևէ մեկը մեքենայի տակ ընկնի։ Դա կարող է իր մեջ որոշակի ռիսկեր պարունակել։ Ես չգիտեմ էլ, որ նման բան եղել է»։

Ինչ վերաբերում է թիմում տարաձայնություններին, Աղազարյանը նշեց, որ եթե ինչ-որ կերպ հաջողվի ականատես լինել իրենց խմբակցության նիստերին, ապա կտեսնենք, որ ընդդիմության ներկայությամբ նիստերից դրանք խիստ տարբեր են։

«Հարցեր են լինում, որ դրանց շուրջ տարաձայնություններն ու քննարկումներն այնքան բուռն են լինում, որ դժվար է երևակայել։ Բայց դա նորմալ է, որ այդ դեպքում է, որ կարողանում ենք գալ ցանկալի արդյունքի։ Եթե որևէ տեսակետ չունի օպոնենտ, ապա այդ տեսակետը կարող է լավ մշակված չլինել։ Հետևաբար, հավատացնում եմ, որ խմբակցության քննարկումները և ընդդիմության ներկայությամբ քննարկումները խիստ տարբեր են»։