copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 15:29 29-05-2023

Քանի դեռ քացով չեն բացում կառավարության դուռը, Նիկոլն ինչ անում է, լավ է անում. Զոհրաբյան

Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհն երեկ՝ մայիսի 28-ին, վաղ առավոտից մոտ 6 ժամով փակ էր։ Ոստիկանները թույլ չէին տալիս ոչ ոքի բարձրանալ համալիրի տարածք։ Քաղաքացիներին հաջողվեց մուտք գործել միայն այն բանից հետո, երբ Փաշինյանի ավտոշարասյունը հեռացավ։

Oragir.News-ի հետ զրույցում Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության էր եկել այլ լոզունգներով։ «Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հենց առաջին օրերին բացվեցին նախագահականի դռները և ասվեց, որ Հայաստանում այլևս որևէ փակ հանրային վայր չպետք է լինի, որ այս ամենը քաղաքացու սեփականությունն է, իսկ հպարտ քաղաքացիները դեմոստրատիվ Գավառից իրենց երեխային դնում էին սայլակի մեջ և գալիս ԱԺ այգի՝ ապացուցելու, որ մենք ենք տերը այս այգու, Գեղարքունիքի ամենահեռավոր գյուղից իրենց նորածնին տանջամահ անելով բերում էին և բացված նախագահականի այգում պտտվում էին՝ ասելով, որ հաղթել է հպարտ քաղաքացին։

Մենք տեսանք, թե այդ ամենը որքան տևեց և մի քանի անգամ ավելի մեծ զմուռսներով զմռսվեց ԱԺ-ն և նախագահականը։ Երբ որ նախկին իշխանությունների օրոք մենք ինքներս էլ օբյեկտիվորեն դժգոհում էինք, որ նույն Սարդարապատում, Ծիծեռնակաբերդում ստիպված էինք լինում 15 րոպե սպասել, դա մենք սարքում էինք դիկտատուրա, ժողովրդավարության դեմ ոտնձգություն, այսօր բոլոր այն վայրերում, որտեղով անցնում է Նիկոլ Փաշինյանը ժամերով զմռսվում է բոլոր ճանապարհները»,- ասաց Զորհաբյանը։

Նախկին պատգամավորը շեշտեց, որ մենք քաղում ենք այն, ինչ ցանել ենք։ «Հասարակությունը քաղում է այն, ինչ ցանել է, եթե հասարակությունը ընդվզում է, ապա այդ ընդվզումը մենք պետք է տեսնենք, եթե քաղաքական էլիտան ընդվզում է, ապա այդ ընդվզումը մենք պետք է տեսնենք»,- ասաց Զոհրաբյանը և ավելացրեց, որ մենք վերածվել ենք պասիվ դիտորդների և մեր ընդվզումը սահմանափակվում է բացառապես ստատուսներ գրելով։

Զոհրաբյանը նկատեց. «Քանի դեռ չկա ընդվզող, քանի դեռ մեր ընդվզումը ընդամենը ֆեյսբուքյան հերոսամարտի, Ավարայրի տիրույթում է, ապա Փաշինյանը ինչ անում է, լավ է անում, քիչ է անում և դեռ ավելին պետք է անի»։

Մեր զրուցակիցը հիշեց տարիներ առաջ Կառավարության շենքի դիմաց ֆերմերների անցկացրած բողոքի ակցիան. «Հիշո՞ւմ եք, երբ ֆերմերներից մեկը կրունկի հարվածով քնքշորեն հարվածել էր կառավարության դռանը, այդ ժամանակ, երբ նոր էր եղել հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ լավ են անում, ճիշտ են անում, կառավարության դուռը այլևս քաղաքացու դուռն է և նրանք իրավունք ունեն քացով բացելու և քանի որ ընդվզող որևէ քաղաքացի չի գնում և քացով չի բացում իր կառավարության դուռը, Նիկոլը ինչ անում է, լավ է անում։

Քանի դեռ քաղաքական էլիտան զբաղված է ինչ-որ պանելային քննարկմամբ, քանի դեռ ընդդիմադիր պատգամավորները զբաղված են ԱԺ-ում իշխանական դատավորի թեկնածուին իձյոտ հարցեր տալով, Փաշինյանը շարունակելու է այնքան, քանի դեռ հանդուրժում ենք»։

Խոսելով նման իրավիճակներում մեր համբերությունից՝ նախկին պատգամավորը նկատեց. «Մեր հանդուրժելու համբերությունը կարծես թե անսպառ է և հայ ժողովուրդը կարող է ռեկորդ սահմանել այդ ամենին հանդուրժելու և չըմբոստանալու»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ քանի դեռ քաղաքական էլիտան իրեն պահում է որպես պասիվ դիտորդի կարգավիճակում, մենք ավելի վատ իրավիճակներում ենք հայտնվելու։

Ամենից շատ դիտված