«Որ ասում են ընկածին քացով են տալիս, հիմա ինձ ոն քացով տալիս․․․ Փայտ բռնելը հանցա՞նք է, որ ոտքերս ցավում են, որ վիրահատված է նրա ոտքը, բեռնախցիկից իր փայտը հանելն է հանցա՞նք։ Որևէ մեկը տեսե՞լ է, որ խփել է, ունե՞ն վիդեո, որ խփել է, ո՞ւմ է վնաս տվել, որ այդ ձևով, դաժան ձևով վերաբերվեցին։ Իմ երեխու հետ չթողեցին, անգամ մի հատ մոտենամ, տեսնեմ՝ սկոռի էր եկել, այդ օրը վատացել էր, բայց դատարանում ոչ մի օգնություն չէին ցույց տվել»,- այսօր դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Ղուկասյանի մայրը՝ Մարիամ Ղուկասյանը։ Նրա խոսքով՝ որդուն տեղափոխել են ամենախիստ պայմաններում գտնվող կալանավայր, կարծես թե նա վտանգավոր հանցագործ լինի։
«Բերդում, որը ամենախիստ տեղն է, այնտեղ են տարել։ Տենց խիստ, վտանգավոր հանցագործ էր, հա՞, իմ տղան»։
Նա արձագանքեց նաև պնդումներին, թե Արսեն Ղուկասյանի կալանավորումը կապված է նրա հասարակական ակտիվության հետ։
«Ծնողները բոլորն էլ ակտիվ են եղել, բոլորն էլ խոսել են։ Պարզապես նա ներկա է եղել, ինչպես մյուսները։ Մյուսների դեպքում իրենց անմիջական երեխաներն են, իսկ նրա դեպքում՝ եղբոր երեխան է, եղբայրը չկա, ինքն է զբաղվում անհետ կորած թոռանս հարցերով։ Ես էլ եմ տեսել տեսանյութերը, բայց ինձ չի ասում, ես չեմ գնացել այնտեղ։ Բայց ովքեր եղել են մեր ծնողներից՝ բոլորն էլ ակտիվ են եղել, բոլորն էլ խոսել են, պահանջել են։ Երբ ոստիկանները եկել են, քաշքշել են, իրենք են հրահրել»։
Նրա խոսքով՝ որդին պարզապես փորձել է պաշտպանել իրեն, երբ ոստիկանները բռնություն են կիրառել։
«Հիմա պիտի ես ձեռքերս դնեմ մեջքիս, կանգնեմ, ասեմ՝ խփեք, քցեք, տշեք, ինչ ուզում եք արեք, հա՞։ Էդպես պիտի լինի՞։ Մարդը չի՞ կարող, որ իրեն բրդում են, ինքն էլ բրդի, հա՞։ Ի՞նչ է արել»։
Արսեն Ղուկասյանը, ըստ մոր, կալանավորվել է այն բանից հետո, երբ մասնակցել է անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիաներին՝ փորձելով բարձրաձայնել արդարության պահանջը՝ կապված իրենց որդիների ճակատագրի հետ։