copy image url
Խոսք Ներքին Արտաքին 10 ամիս առաջ - 19:00 27-05-2023

ՀՀ նախագահն ուրանում է այն արժեքները, որն իր քաղաքական ուժը դավանում էր 1991-1994 թվականներին

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը նախօրեին Կատար կատարած այցելության շրջանակներում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ։ Խաչատուրյանը մասնավորապես նշել է, որ 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմը կանխատեսել էր դեռևս 1990-91 թվականներին, «երբ մենք սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ լուծել պատերազմի միջոցով»։ Փաստացի Հայաստանի նախագահի կողմից նման ձևակերպման հնչեցումը կարող է Ադրբեջանի համար լավ միջոց հանդիսանալ՝ միջազգային հարթակներում իր ագրեսիան արդարացնելու և դրա պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելու համար։

Հայաստանի նախագահը մասնավորապես հայտարարել էր. «Այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, հենց այդ պատերազմը, որը կանխատեսելի էր դեռևս 1990-91 թվականներին, երբ մենք սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ լուծել պատերազմի միջոցով, տեսանելի էր, որ այդպիսի մի իրավիճակ լինելու էր, բայց մենք չէինք ցանկանում առերեսվել այդ խնդրի հետ։ Ավելի հեշտ էր հանրությանը ներկայացնել, որ մենք հաղթել ենք 1994 թվականի պատերազմի ժամանակ, մայիսին կնքել էինք (չասեմ՝ խաղաղության, քանի որ դա խաղաղության չէր) պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիր»:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Թևան Պողոսյանը նշեց, որ Խաչատուրյանի խոսքի տրամաբանությունն այն էր, որ երբ 1991-1994 թվականներին մենք ազատագրեցինք մեր հայրենիքը, իր պատկերացմամբ՝ դա Ադրբեջանի համար կորուստ էր, և հավանաբար վերջինս դրա համար պատրաստվում էր պատերազմի։ Նրա խոսքով՝ ըստ այդ տրամաբանության ներկայումս Ադրբեջանը գրավել է մեր հայրենիքը, մենք էլ պետք է պատրատվենք պատերազմի և ազատագրենք այն։ «Ասված խոսքի տրամաբանությունը դա է, եթե դա չի ասել, ապա նշանակում է, որ պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու, նոր պարտության են պատրաստում հասարակությանը»,- կարծում է նա։

Քաղաքագետը նկատում է, որ նախքան որևէ պաշտոն զբաղեցնելն այդ պաշտոնը պետք է լեգիտիմ լինի։ Նա շեշտում է, որ Խաչատուրյանին այդ պաշտոնում ընտրել է մի կուսակցություն, որն ասել է, որ պետք է Շուշիի և Հադրութի դեօկուպացիան առաջ տանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունն ընտրվել է այս ծրագրով, և եթե այն չի իրագործում, ապա այլևս լեգիտիմ չէ։ «Հայաստանում կան սահմանադրություն, օրենքներ, Գերագույն խորհրդի որոշում, որտեղ գրված է՝ ցանկացած քաղաքական միավոր, որը կցանկանա ընդունել Արցախը Ադրբեջանի կազմում, դրա իրավունքը չունի»,- նշում է նա՝ խորհուրդ տալով հայ ազգին հետևել Ադրբեջանի փորձին, պատրաստվել նոր պատերազմի և հաղթանակ տանել։

Հարցին, թե արդոք Խաչատուրյանի հայտարարությունն առ այն, որ մենք սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ լուծել պատերազմի միջոցով, Պողոսյանը հիշեցրեց, որ Արցախյան ազատամարտի տարիներին Վահագն Խաչտուրյանը ոչ թե պատահական փողոցում քայլող մարդ էր, այլ գործող իշխանության ներկայացուցիչ, որն էլ Արցախի հարցում իր քաղաքականությունն էր իրականացնում։ Քաղաքագետն ընդգծեց, որ Խաչատուրյանն ուրանում է այն արժեքները, որը 1991-1994 թվականներին դավանել է իր քաղաքական ուժը։

Նա նաև նշեց, որ ավելի ճիշտ կլինի, եթե Խաչատուրյանի հայտարարությունը մեկնաբանեն այն կուսակցության ներկայացուցիչները, որի անդամ է հանդիսացել։ «Արդյոք 1991-1994 թվականներին, երբ հրաման էին տալիս մեր հողերն ազատագրել, հանրությանը ազատագրական պայքարին կոչ էին անում, ինքն այդ ժամանակ այդ քաղաքականությունը կիսո՞ւմ էր, իրականացնո՞ւմ էր այն։ Եթե այո, ապա ստացվում է, որ այժմ նա հրաժարվել է իր սեփական արժեքներից, եթե այն ժամանակ դա անում էր ձևական՝ հանուն պաշտոնի, ապա դա այլ գնահատական ունի»,- նշում է նա։

Թևան Պողոսյանը նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Ադրբեջանն իրականում թքած ունի Հայաստանի որևէ պաշտոնյայի հայտարարության վրա։ Նա այս համատեքստում հիշեցրեց Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հայտարարությունը , ով նշել էր, որ իրենք իրենց երազանքն ունեն, նախաձեռնում են այն և իրավունք ունեն ցանկացած նախաձեռնություն տանել առաջ։ Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանն ուրախությամբ լսում է Հայաստանից հնչող նման հայտարարությունները, սակայն անկախ դրանց առկայությունից իր նպատակները տանելու է առաջ։ «Ալիևը համարում է, որ մենք իր թշնամին ենք և պետք է մեր պետականությունը վերացնի։ Նա դրա համար էլ ասել է՝ Արցախն էլ եմ տանելու, Սյունիքն էլ եմ տանելու, Սևանն էլ, Երևանն էլ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
13:22 Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան
12:18 Իմ նշանակման և ԵՊՀ-ի փակման միջև կապ չեմ տեսնում. ԵՊՀ ռեկտոր