Երևան +13°
copy image url
Արտաքին Ներքին 11 ամիս առաջ - 17:00 26-05-2023

Նիկոլ Փաշինյանը «նեղվել է» Պուտինի խոսքից. պաշտոնական տեքստում այն բացակայում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։ Այս ձևաչափով կողմերը վերջին անգամ հանդիպել էին նախորդ տարվա հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում։ Նախքան եռակողմ հանդիպումը Ռուսաստանի նախագահը երկկողմ հանդիպում էր ունեցել նախ Ադրբեջանի նախագահի, իսկ այնուհետև Հայաստանի վարչապետի հետ։

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հանդիպման վերաբերյալ տրամադրել է բավականին հակիրճ տեղեկատվություն՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Պաշտոնական Երևանը հայտնում է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում:

Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում ներկայացված է եռակողմ հանդիպման ընթացքում այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը, ով շնորակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին Ռուսաստանում հանդիպում անցկացնելու առաջարկին օպերատիվ արձագանքելու համար՝ հույս հայտնելով, որ սա լավ նախաբան կլինի որոշ հարցերի գործնական լուծման համար, որոնց մասին երկար ժամանակ խոսել են։ Պուտինն ուշադրություն է հրավերել այն բանին, որ կողմերին հենց այս ձևաչափով է հաջողվել շատ բաների հասնել և նշել, որ 2020 թվականի աշնանը ոչ միայն դադարեցվեցին ռազմական գործողությունները, այլև սկսվեցին տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման աշխատանքները։

Պուտինը հայտնել է, որ այս ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել։ Նրա խոսքով՝ չնայած առկա դժվարություններին ու խնդիրներին, իրավիճակը զարգանում է դեպի կարգավորում։ «Այդ ոլորտներից մեկը տրանսպորտային հաղորդակցության աշխատանքներն են։ Հենց հիմա մենք երեքով բավական մանրամասն, դեմ առ դեմ խոսել ենք այս մասին, և դեռևս կան չլուծված խնդիրներ։ Բայց, իմ կարծիքով, մենք այս մասին խոսել ենք ադրբեջանական կողմի մեր գործընկերների հետ, իսկ հայկական կողմի գործընկերների հետ, իմ կարծիքով, դրանք զուտ տեխնիկական բնույթ են կրում»,- ասել է նա։

Ռուսաստանի նախագահը նաև անդրադարձել է օգտագործվող տերմինների խնդրին՝ ենթադրաբար նկատի ունենալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման հիշատակումը։ Նրա խոսքով՝ տերմինների հետևում պետք է լինի ճշգրիտ պատկերացում այն ​​իրողությունների և իրադարձությունների մասին, որոնք կհետևեն համապատասխան փաստաթղթերի ստորագրմանը։ Նա նաև շեշտել է, որ երեք ղեկավարների կարծիքով դրանք հաղթահարելի խոչընդոտներ են։

Վերջինս նաև հայտնել է, որ մեծ հաշվով առկա են տեխնիկական խնդիրներ, որոնց համար Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առաջարկել է համաձայնեցնել հաջորդ հանդիպման օրը, որը կանցկացվի երեք երկրների փոխվարչապետների մակարդակով։ Հրապարակման համաձայն՝ Պուտինի առաջարկով Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը համաձայնել են փոխվարչապետների հաջորդ հանդիպումն անցկացնել մեկ շաբաթ անց։

Ադրբեջանի նախագահականի պաշտոնական կայքում նույնությամբ հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունը։ Պաշտոնական Բաքուն տեղեկացնում է, որ նախօրեին կայացել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը՝ մեջբերելով նաև Ռուսաստանի նախագահի ամբողջական ելույթը։

Այսպիսով համադրելով երեք կողմի պաշտոնական հաղորդագրությունները, կարող ենք փաստել, որ Հայաստանի վարչապետին դուր չէ եկել Ռուսաստանի նախագահի ելույթը, և ի տարբերություն ադրբեջանական կողմի, պաշտոնական Երևանը այն չի հրապարակել՝ բավարարվելով միայն պաշտոնական մասի հրապարակմամբ։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա կարելի է ենթադրել, որ Ադրբեջանին հաջողվել է մոսկովյան բանակցությունների համար կորզել իր համար ցանկալին, և որպես շնորհակալություն Ալիևի վարչակազմը հրապարակել է Ռուսաստանի նախագահի ամբողջական ելույթը։

Հատկանշական է, որ Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման վերաբերյալ Երևանն ու Մոսկվան հրապարակել են ամբողջությամբ նույն հաղորդագրությունը։ Այս պարագայում հայկական կողմը ամբողջովին ներկայացրել է նաև Ռուսաստանի նախագահի ելույթը, ով իր խոսքում նաև շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը չխոչընդոտելու համար։

Դավիթ Գույումջյան