Երևան +10°
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 14:23 26-05-2023

10 հազար եվրո արժողությամբ ժամացույց, 3 բնակարան Երևանում․ նորընտիր դատավորի ունեցվածքը

Ազգային ժողովը նախօրեին 67 կողմ ձայնով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր ընտրեց Սերգեյ Մեղրյանին։

Oragir.News-ը ներկայացնում է նորընտիր դատավորի կենսագրությունն ու ունեցվածքը։

Ով է Սերգեյ Մեղրյանը

Ծնվել է 1976 թվականին:
1992–1997թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1997–2000թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում` «Մասնավոր իրավունք» մասնագիտացմամբ։
1999, 2000թթ. վերապատրաստվել է Կենտրոնական եվրոպական համալսարանի Սահմանադրական և իրավական քաղաքականության ինստիտուտում (Հունգարիա, Բուդապեշտ)՝ «Միջազգային առևտրային իրավունք» և «Առևտրային վեճերի լուծումը Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում և միջազգային առևտրային արբիտրաժ» ուղղությամբ։
2000թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1998–2000թթ. աշխատել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս:
2000–2006թթ. աշխատել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ։
2006թ.-ին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ստացել է դոցենտի գիտական կոչում՝ իրավագիտություն մասնագիտությամբ։
2006–2007թթ. աշխատել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ։
2007–2018թթ. երկու անգամ ընտրվել է ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչի պաշտոնում։
2018 թ-ից առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ է։
1999-2004թթ. համատեղության կարգով ԵՊՀ-ում աշխատել է որպես ուսանողական իրավաբանական խորհրդատվության (իրավաբանական կլինիկայի) դասախոս-կոորդինատոր։
2003-2004թթ. համատեղության կարգով զբաղեցրել է «Գրիգոր Զոհրապ» համալսարանի ռեկտորի պաշտոնը։ 2002-2009թթ. համատեղության կարգով կատարել է «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ իրավաբանական բաժնի պետի պարտականությունները։
2015թ.-ից պարբերաբար դասավանդել և դասավանդում է «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» ՊՈԱԿ-ում, Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցում, Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում։
1998թ.-ից Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ է։
2005թ.-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է։
2015-2018թթ. ԵՊՀ գիտական խորհրդի անդամ։
2015թ.-ից Հայաստանի Հանրապետության փաստաբանական պալատի անդամ է (արտոնագիր թիվ 1957, գործողությունը կասեցված է 2018 թ-ից)։
2015-2018թթ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովի անդամ։
2016-2018թթ. մասնակցել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի հայեցակարգի, իսկ ապա նաև Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծի մշակմանը և համակարգել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբերի գործունեությունը։
2012-2018թթ. մասնակցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակմանը և համակարգել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբի գործունեությունը։
2013թ.-ին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»-ով՝ կրթության և գիտության ոլորտում ներդրված մեծագույն ավանդի համար։
2018թ. փետրվարի 28-ից մինչ 2019 թվականի հունիսի 14-ը հանդիսացել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
2019թ․ հունիսի 14-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։
2020 մարտի 14-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է ԴԱՀԿ պետ։
2023 թ-ի հունվարի 26-ին ազատվել է ԴԱՀԿ պետի պաշտոնից։

Ուսումնամանկավարժական և պրակտիկ գործունեությանը զուգընթաց զբաղվում է գիտահետազոտական աշխատանքով։ Համահեղինակ է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք» բուհական դասագրքի, հեղինակ է մեկ մենագրության և 50-ից ավելի ուսումնական ձեռնարկների և գիտական հոդվածների։ Որևէ կուսակցության անդամ չէ։ Ամուսնացած է։ Ունի երկու դուստր։

Ունեցվածքը (2021 թ-ի տարեկան հայտարարագիր) Մեղրյանը ներկայացրել է 2022 թ-ի մայիսի 25-ին։

Նա հայտարարագրել է 3 բնակարան Երևանումъ Արաբկիրում, Ավանում և Նոր Նորքում, ինչպես նաև մեկ ավտոտնակ։ Տարեսկզբին հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ 2001 թ-ի արտարդրության BMW մակնիշի ավտոմեքենա, որը տարվա ընթացքում օտարել է 2 մլն 700 հազար դրամով, ինչպես նաև 2014 թ-ի արդատրության MERCEDES-BENZ։ Տվյալ տարվա վերջում առկա փոխառություններից մեկը կազմել է 25 հազար դոլար և 1 մլն 653 հազար դրամ, ինչպես նաև 1 մլն 682 հազար դրամ։

Թանկարժեք գույքից նա հայտարարագրել է 10 հազար եվրո արժողությամբ ժամացույց, որը նա 2016 թ-ին ստացել է որպես նվիրատվություն։ Տարեվերջին հայտարարագրել է 5 հազար եվրո և 10 հազար դոլար կանխիկ գումար։ Տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 20 մլն 641 հազար դրամ և 3600 դոլար, որից 1 մլն 442 հազար դրամը ԵՊՀ-ից, իսկ 13 մլն 457 հազար դրամը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացած աշխատանքի դիմաց վարձատրությունն է, 635 հազար դրամը՝ IDLO X PROGRAMINTERNATIONAL DEVELOP-ի հետ քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտն է, 71 հազար դրամը՝ Արդարադատության ակադեմիա ՊՈԱԿ-ից ստացած եկումտն է, 70 հազար դրամը՝ ֆինանսների նախարարությունից ստացած եկամուտն է, 2 մլն 700 հազար դրամը՝ մեմքենայի օտարումից ստացված գումարն է, 3600 դոլարը՝ «Արարատբանկից», իսկ 217 հազար դրամը՝ ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ, 49 հազար դրամը՝ «ԷՅՉ ԷՍ ԲԻ ՍԻ բանկ Հայաստան» բանկերից ստացված վարկերն են, իսկ 2 մլն դրամը՝ Հովհաննես Նավասարդյանից ստացված փոխառությունն է։ Տարեվերջին նրա վերցրած վարկերի մայր գումարը կազմել է 4 մլն 387 հազար և 728 հազար դրամ։ Շահերի հայտարարագիր բաժնում հայտարարագրել է կնոջ բաժնեմասերը՝ «ՖՈՐԹԻՆ» և «Էվըլայն Հոլդինգ» ՍՊԸ-ներում։