copy image url
Արտաքին Ներքին Ավելին 11 ամիս առաջ - 18:30 25-05-2023

Արցախյան հակամարտության առաջացումը և Արցախի բռնակցումն Ադրբեջանին

Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում արձանագրած հաջողություններից այնքան է ոգևորվել, որ այլևս չի ընդունում Արցախյան հակամարտության առկայությունը՝ պնդելով, որ իրեն հաջողվել է այն լուծել ռազմի դաշտում, իսկ Հայաստանի իշխանություններն էլ իրենց գործողություններով փաստացի աջակցում են այս մոտեցմանը, այնուամենայնիվ կարող ենք պնդել, որ քանի դեռ Արցախի բնակչությունը ապրում է իր պատմական հայրենիքում և չի ցանկանում ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը, հակամարտությունը դեռևս առկա է, որի համար անհրաժեշտ է լուծումներ գտնվել։ Միևնույն ժամանակ Արցախյան հակամարտության ներկայիս առանձնահատկությունները, կարգավորման հնարավոր տարբերակները պատկերացնելու համար չափազանց կարևոր նշանակություն ունի հասկանալ, թե ինչպես է ծագել այն, երբ, և ինչ պայմաններում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախյան հակամարտության ներկայիս փուլը մեկնարկել է 1988 թվականին ծավալված Ղարաբաղյան շարժմամբ սխալմամբ ընդունված է կարծել, որ հակամարտությունն առաջացել է հենց այդ ժամանակ, որի արդյունքում էլ 1991-1994 թվականին ծավալվել է Արցախյան ազատամարտը։ Սակայն իրականում Արցախյան հակամարտության ակունքները գնում են դեռևս մեկ դար առաջ և համընկնում Ռուսական կայսրության փլուզման և այս տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետությունների ձևավորման ժամանակահատվածի հետ։ Արցախյան հակամարտության առաջացման հիմքում ընկած էր ֆիզիկակական բնաջնջման մշտական վտանգից ազատվելու նպատակով ինքնորոշվելու և միասնական հայկական պետության մեջ վերամիավորվելու ձգտումը։

Արցախի, ինչպես նաև Սյունիքի նկատմամբ ադրբեջանական հավակնությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ Ցարական Ռուսաստանի իշխանությունները հիշյալ հայկական բնակավայրերն ընդգրկել էին Ելիզավետպոլի նահանգի կազմում, իսկ Ադրբեջան պետության ձևավորումից հետո այդ երկիրն իրեն համարում էր նահանգի ողջ տարածքի՝ այդ թվում նաև հայկական բնակավայրերի իրավահաջորդը։ Ցարական իշխանությունները հաճախ էին նմա վարչական բաժանումներ կատարում, որպեսզի դրանց միջոցով կարողանային վերահսկել այնտեղ բնակվող ժողովուրդներին։

1917 թվականի աշնանը՝ Ռուսաստանում բոլշևիկների իշխանության գալուց և քաղաքացիական պատերազմի մեկնարկից հետո, Անդրկովկասը փաստորեն հայտնվեց ռուսական պետության այլ տարածքներից կտրված վիճակում: Այդ պայմաններում Անդրկովկասում ողջ իշխանությունը ստանձնեց Անդրկովկասյան կոմիսարիատը, որը 1918 թ. փետրվարի 10-ին (նոր տոմարով 23-ին-խմբ) գումարեց Անդրկովկասյան Սեյմը՝ խորհրդարան, որը կոչված էր սահմանել երկրամասի կառավարման կարգը և ձևավորել իշխանության մարմինները:

1918 թ. ապրիլի 9-ին Սեյմը Թուրքիայի ճնշման ներքո հայտարարեց Անդրկովկասի՝ Ռուսաստանից անջատման մասին և հռչակեց Անդրկովկասյան Դեմոկրատական Դաշնային Հանրապետությունը: Սակայն միացյալ դաշնությունը երկար չգոյատևեց․ անկախության առաջին իսկ օրերից հիմնական կուսակցությունների միջև ծագեցին սուր հակասություններ, որոնք հիմնականում վերաբերում էին թուրքերի ներխուժմանը: Մուսուլմանական կուսակցությունների դիրքորոշումը թույլ չտվեց կազմակերպված հակահարված տալ թուրքական զորքերին, ինչը վերջնական արդյունքում կանխորոշեց դաշնության փլուզումը:

1918 թ. մայիսի 26-ին Սեյմը՝ «հաշվի առնելով, որ Անդրկովկասյան անկախ հանրապետությունը ստեղծած ժողովուրդների միջև պատերազմի և խաղաղության հարցում ի հայտ են եկել արմատական տարաձայնություններ», փաստեց Անդրկովկասյան Դեմոկրատական Դաշնային Հանրապետության փլուզումը և վայր դրեց իր լիազորությունները: Նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը: Մայիսի 28-ին հռչակվեցին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը:

Միևնույն ժամանակ նախքան Անդրկովկասյան Սեյմի փլուզումը ադրբեջանական կուսակցությունների ներկայացուցիչները գաղտնի պատվիրակություն ուղարկեցին Ստամբուլ՝ «երկրորդ թուրքական պետության» հռչակման հարցում աջակցություն ստանալու հարցում երիտթուրքերի հետ բանակցելու համար: Երիտթուրքերի առաջնորդների հետ հանդիպման ընթացքում երկու կողմերը պայմանավորվեցին համագործակցության հետագա ծրագրերի մասին, մասնավորապես, թուրքական զինվորականների կողմից ապագա Ադրբեջանի զինված ուժերի ստեղծմանն օժանդակելու, նրանց ֆինանսավորելու և տեղացի թյուրքական բնակչության կողմից թուրքական զորքերին աջակցելու վերաբերյալ:

Արդեն 1918 թ. մայիսի վերջին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության առաջին մայրաքաղաք դարձած Գյանջա (Գանձակ) քաղաք մտան թուրքական 5-րդ դիվիզիայի առաջապահ զորամասերը, իսկ մյուս օրը Թավրիզից այնտեղ տեղափոխվեց թուրքական գեներալ Նուրի Փաշան, ով անհապաղ ձեռնամուխ եղավ Կովկասյան իսլամական բանակի կազմավորմանը: Նրա կազմի մեջ մտան թուրքական բանակի Կովկասյան 5-րդ և Չանաքկալեի 15-րդ դիվիզիաները, ինչպես նաև այն ժամանակ արդեն Ադրբեջանական վերանվանված նախկին ցարական բանակի մուսուլմանական կորպուսի զորամասերը։ Նուրի Փաշայի հրամանատարությամբ Կովկասյան իսլամական բանակը ձեռնամուխ եղավ ադրբեջանական իշխանության հաստատմանն այն վայրերում, որոնց հավակնում էր Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը:

Նորաստեղծ Ադրբեջանը, որն ի տարբերություն իր երկու հարևանների՝ Հայաստանի և Վրաստանի երբևէ պետականություն չէր ունեցել, հավակնություններ ներկայացրեց ոչ միայն մուսուլմանական բնակչություն ունեցող տարածքների, այլև բացառապես հայերով բնակեցված շրջանների նկատմամբ: Դրանց մեջ Արցախը հատուկ նշանակություն ուներ, քանի որ տարածաշրջանում ռազմավարական դիրք էր զբաղեցնում և Արցախի նկատմամբ վերահսկողությունը այն դարձնում էր միջանցք, կամ պատնեշ՝ Արևելյան Անդրկովկասի մուսուլմանների և Թուրքիայի միջև
1918 թվականի հունիսի 4-ին Բաթումի պայմանագրի ստորագրումից հետո, որի հետևանքով Հայաստանը կախյալ վիճակի մեջ դրեց իրեն դեռևս գոյություն ունեցող Օսմանյան կայսրությունից, Արցախը կարող էր ապավինել միայն սեփական ուժերին: 1918 թ. հուլիսի 22-ին գումարվեց Ղարաբաղի հայերի առաջին համագումարը, որը Ղարաբաղը հռչակեց ինքնուրույն վարչական ու քաղաքական միավոր և կազմեց կառավարություն: 1918 թ. հուլիսի 24-ին ընդունվեց կառավարության հռչակագիրը, որտեղ ներկայացվում էին նոր կազմավորված պետական իշխանության նպատակներն ու խնդիրները: Հռչակագրում ընդգծվում էր բարեկամական վերաբերմունքն այլ ժողովուրդների դեմոկրատական ուժերի նկատմամբ և հռչակվում ազգերի ինքնորոշման իրավունքը՝ որպես Ղարաբաղի կառավարության գործունեության մեկնակետ։ Բնակչությանն արտաքին վտանգից պաշտպանելու համար ստեղծվեցին ինքնապաշտպանական ուժեր:

1918 թ. սեպտեմբերի 15-ին Կովկասյան իսլամական բանակի կողմից Բաքվի գրավումից անմիջապես հետո, որին հետևեց հայկական բնակչության կոտորածը, ադրբեջանական կառավարությունը թուրքական զորքերի օգնությամբ փորձեց իրեն ենթարկել նաև Արցախը և այն ընդգրկել իր կազմում։ Այդ նպատակով թուրք գնդապետ Ջամիլ Ջավիդ Բեյի գլխավորությամբ թուրքական զորամասերից ձևավորվեց Ադրբեջանական առաջին դիվիզիան, որը սեպտեմբերի վերջին գրավեց Շուշին: Սակայն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի խորքերը` Վարանդա և Խաչեն, դեպի Ջրաբերդ և Մարտակերտ տեղափոխելու թուրքական զորքերի փորձերը կասեցվեցին տեղի հայկական ինքնապաշտպանական ջոկատների կողմից և ավարտվեցին լիակատար ձախողմամբ:

Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրելուց հետո Օսմանյան կայսրությունը շուտով հարկադրված էր ստորագրել Մուդրոսի հաշտության պայմանագիրը և իր զորքերը դուրս բերել Հարավային Կովկասից: Նրանց տեղը զբաղեցրեցին բրիտանական զորքերը: Սկզբնական շրջանում բրիտանական հրամանատարությունը՝ ի դեմս բրիտանական զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնի, հրաժարվում էր ճանաչել ադրբեջանական կառավարությունը, որը, հրամանատարի կարծիքով, ստեղծվել էր օսմանյան խարդավանքների արդյունքում և չէր կարող հավակնել ներկայացնելու ժողովրդի կամքը: Այնուամենայնիվ, ցանկանալով ամրապնդել իր դիրքերը Ադրբեջանում, բրիտանական հրամանատարությունը 1919 թ. հունվարի 15-ին Զանգեզուրի և Արցախ բնակիչներին հայտնեց նախկին ռուսական Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր, Շուշի, Ջևանշիր, Ջեբրաիլ գավառներում ադրբեջանական կառավարության կողմից բժիշկ Սուլթանովին ժամանակավոր գեներալ-նահանգապետ նշանակելու մասին՝ նշելով, որ նա վայելում է բրիտանական հրամանատարության աջակցությունը: Միաժամանակ բրիտանական ռազմական առաքելությունը պահանջեց ամբողջապես զինաթափել Ղարաբաղի հայ բնակչությունը: Սակայն Արցախի հայերը հրաժարվում էին ճանաչել Սուլթանովին, ուստի նրա իշխանությունը փաստացի տարածվում էր միայն մուսուլմանական բնակչության վրա, մինչդեռ հայերը շարունակում էին կառավարվել իրենց Ազգային խորհրդի կողմից:

1919 թ. փետրվարի 19-ին Ղարաբաղի հայերի չորրորդ համագումարը, որի աշխատանքներին մասնակցում էին Վարանդայի, Դիզակի, Խաչենի, Ջրաբերդի և Շուշիի ներկայացուցիչները, հեռագրեր հղեց Ադրբեջանի կառավարությանը, դաշնակիցների ներկայացուցիչ գեներալ Թոմսոնին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Փարիզի խաղաղության կոնֆերանսում հայկական ներկայացուցիչներին: Հեռագրում ասվում էր, որ համագումարն իր վճռական բողոքն է հայտնում Սուլթանովի նշանակման և հայկական Ղարաբաղն իրեն ենթարկելու Ադրբեջանի կառավարության մտադրության դեմ։ «Հիմնվելով ժողովուրդների ինքնորոշման տեսակետի վրա՝ Ղարաբաղի հայ բնակչությունը հարգանքով է վերաբերվում հարևան ժողովրդի ինքնորոշման իրավունքին, միաժամանակ վճռական բողոքն է հայտնում հայկական Ղարաբաղի հարցում այդ սկզբունքը ոտնահարելու ադրբեջանական կառավարության փորձերի դեմ. հայկական Ղարաբաղը երբեք չի ճանաչել և չի ճանաչելու Ադրբեջանի իշխանությունն իր նկատմամբ»,- ասվում էր հեռագրում:

Միաժամանակ, հայկական Ղարաբաղի համար համագումարը մշակեց Ժամանակավոր կանոնադրության նախագիծ, «որը մինչ Փարիզի խաղաղության կոնֆերանսի որոշումը նրա համար սահմանում էր մարզային խորհուրդ՝ նստավայրը Շուշի, որը կազմված էր 7 հայերից և 3 մուսուլմաններից՝ բնակչության թվի համամասնությամբ»: Հատուկ համաձայնությամբ խորհրդի կազմում կարող էր ընդգրկվել մեկական ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հանրապետություններից: Ժամանակավոր կանոնադրության նախագիծը նախատեսում էր Շուշիում գտնվող բրիտանական առաքելության ղեկավարի իրավունքը իրականացնելու վերահսկողություն խորհրդի աշխատանքի նկատմամբ:

Այս նախագիծը ներկայացնում էր զիջումների առավելագույն չափը, որոնք համագումարը կարող էր անել բրիտանական հրամանատարությանը։ Վերջինս, այնուամենայնիվ, մերժեց ղարաբաղյան կողմի առաջարկը և շարունակում էր պնդել ադրբեջանական գեներալ-նահանգապետության սկզբունքի վրա, թեպետ խաղաղության կոնֆերանսի ապագա որոշման մասին վերապահումով: Հարցի լուծումն արագացնելու նպատակով Ադրբեջանը կրկին դիմում է ուժի: Բրիտանական հրամանատարության թողտվությամբ ադրբեջանական զորքերը մտնում են զինաթափված Ղարաբաղ և 1919 թ. հունիսի սկզբներին կոտորած իրականացնում երկրամասի մայրաքաղաք Շուշիում և հարակից գյուղերում:

Նման պայմաններում հետագա արյունահեղության վտանգի և անգլիացիների ճնշման ներքո 1919 թ. օգոստոսի 22-ին գումարված Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարը հարկադրված էր համաձայնվել ժամանակավոր՝ մինչև խաղաղության կոնֆերանսի որոշումը, համարել իրեն Ադրբեջանի կազմում: Դրա դիմաց երաշխավորվում էին՝ ինքնակառավարում, զինաթափման դադարեցում, խաղաղ ժամանակաշրջանում զորքի ներկայություն և Հայկական խորհրդի կողմից զորքերի տեղաշարժի նկատմամբ վերահսկողություն:

Այդ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, իր առջև դրված խնդիրն իրականացրած համարելով, բրիտանական կայազորն օգոստոսի 22-ին լքում է Ղարաբաղը: Սակայն Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում իր պարտավորությունները՝ ռազմական և պատժիչ գործողությունները շարունակվեցին ավելի մեծ չափերով: 1920 թ. փետրվարի 19-ին Ադրբեջանի կառավարությունը վերջնագրի ձևով Ղարաբաղի Ազգային խորհրդին առաջարկում է վերանայել Ժամանակավոր համաձայնությունը, չկապել նրա գործողության ժամկետը խաղաղության կոնֆերանսի հետ և քննարկման դնել «Ղարաբաղի վերջնական միացման հարցն Ադրբեջանին՝ որպես վերջինիս անքակտելի տնտեսական մաս»:

Ադրբեջանի կառավարության և բանակի այս գործողությունները հարուցում են 1920 թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ը գումարված Ղարաբաղի հայերի VIII Համագումարի դժգոհությունը, որը զգուշացնում է, որ «նմանատիպ գործողությունների կրկնության դեպքում արցախահայերը ստիպված կլինեն դիմել համապատասխան միջոցների իրենց կյանքն և պատիվը պաշտպանելու համար»:

Այնուամենայնիվ, համագումարի ավարտից հետո ադրբեջանական իշխանությունները շարունակեցին ռազմական պատրաստությունները: 1920 թ. գարնանը Ղարաբաղ և Զանգեզուր են հասնում լրացուցիչ ադրբեջանական զորքեր՝ 5000 մարդ թվաքանակով, 6 դաշտային և 8 լեռնային թնդանոթներով:

Ակնկալվող ադրբեջանական ներխուժման պայմաններում Ղարաբաղում զինված ապստամբություն է բռնկվում: Այն ճնշելու և Ղարաբաղը գրավելու նպատակով ներգրավվում են Ադրբեջանի տրամադրության տակ գտվող զորքերի կեսը և տեղացի քրդերից կազմված ոչ կանոնավոր ջոկատները: 1920 թ. մարտին Շուշին երրորդ անգամ ենթարկվեց ջարդերի՝ այս անգամ ավելի անխնա կերպով: Ադրբեջանական զորքերն ու զինված կազմավորումները թալանեցին ու հրկիզեցին քաղաքի հայկական հատվածը՝ կազմակերպելով զանգվածային կոտորած և վտարելով հայ բնակչությանը: Ադրբեջանական ուժերը հրետանու կիրառմամբ գրավեցին ու ավերեցին Ասկերան ավանը, բազմաթիվ գյուղեր՝ հատկապես Ղարաբաղի հյուսիսում: Հայկական կառավարության պնդմամբ դաշնակիցները որոշում են հատուկ հանձնաժողով ուղարկել Ղարաբաղ, տեղում իրադարձություններին ծանոթանալու և արյունահեղությունը դադարեցնելու համար, ինչի մասին նրանք 1920 թ. ապրիլի 5-ին համատեղ նոտայով տեղեկացնում են Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին: Սակայն ադրբեջանական կառավարությունը հրաժարվում է ընդունել հանձնաժողովին:

Ապրիլի սկզբներին Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերին հաջողվում է պաշտպանությունից անցնել հարձակման և ոչ միայն վռնդել ադրբեջանական զորքերը, այլև ճեղքելով երեքամյա շրջափակումը՝ վերամիավորվել Զանգեզուրի հետ:

1920 թ. ապրիլի 23-29 կայացած Ղարաբաղի հայերի IX Համագումարը որոշում է կայացնում ժամանակավոր համաձայնությունը համարել խախտված՝ «հաշվի առնելով ադրբեջանական զորքերի կազմակերպված հարձակումը Ղարաբաղի հայ խաղաղ բնակչության վրա» և հայտարարում «Լեռնային Ղարաբաղի միավորման մասին Հայաստանի հետ՝ որպես նրա անքակտելի մաս»:

Անհերքելի փաստերը միանշանակ ապացուցում են, որ 1918-1920 թթ. Ղարաբաղի բնակչությունը չէր ճանաչում ադրբեջանական պետության իշխանությունը: Ղարաբաղի հայերի ազատ ինքնորոշման ձգտումը և հայկական պետության սահմաններում վերամիավորվելու նրանց կամքը դրսևորվեցին անձնազոհ ազգային-ազատագրական պայքարում և իրավաբանորեն հաստատված են նրա ներկայացուցչական մարմինների որոշումներում:

Ադրբեջանի նկրտումները Ղարաբաղի նկատմամբ չեն ճանաչվել նաև միջազգային մակարդակով: Ազգերի լիգայի հինգերորդ կոմիտեն 1920 թ. դեկտեմբերի 1-ին իր երրորդ ենթակոմիտեի զեկույցի հիման վրա մերժեց Ազգերի լիգա ընդունվելու վերաբերյալ Ադրբեջանի խնդրանքը՝ հիմնավորելով իր որոշումը նրանով, որ Ադրբեջանը չունի հստակ սահմանված պետական սահմաններ:

Ապրիլին Հարավային Կովկաս է մտնում Կարմիր բանակը, և սկսվում է Արցախյան հիմնահարցի նոր փուլը: 1920 թ. ապրիլի 28-ին Ադրբեջանում սովետական իշխանության հաստատումից հետո Կարմիր բանակը գրավում է Ղարաբաղը՝ հայտարարելով այն վիճելի տարածք:

Հայաստանում սովետական իշխանության հռչակումից հետո Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը նոյեմբերի 30-ին հանդես եկավ «Բոլորի՛ն, բոլորի՛ն, բոլորի՛ն» կոչով, որում Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովը հայտարարեցին Հայաստանի հետ տարածքային վեճերը դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Սովետական Հայաստանի բաղկացուցիչ մաս ճանաչելու մասին:

1921 թ. հունիսի 3-ին ՌԿ(բ)Կ Կովբյուրոն Նարիմանովի մասնակցությամբ միաձայն որոշեց. «Հայկական կառավարության հռչակագրում նշել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին»: Համաձայն այս որոշման՝ Խորհրդային Հայաստանի կառավարությունը 1921 թ. հունիսի 12-ին ընդունեց դեկրետ, որում վերջնականապես ձևակերպվում էր այդ տարածքների իրավաբանական պատկանելությունը Խորհրդային Հայաստանին: Լեռնային Ղարաբաղն իր հետ վերամիավորելու մասին Հայաստանի կառավարության դեկրետի տեքստը հրապարակվեց նաև Բաքվում («Бакинский рабочий», 1921 թ. հունիսի 22) և չհարուցեց որևէ բողոք:

Ադրբեջանի 1920 թ. նոյեմբերի 30-ի հռչակագիրը սկզբունքորեն կարևոր կետ է ղարաբաղյան հարցի զարգացման մեջ: Երկու սովետական հանրապետությունների միջև լիարժեք միջազգային համաձայնություն է կայացել՝ նրանց պատկան պետական մարմինների կողմից կամավոր պատրաստված հռչակագրերի տեսքով: Միջազգային-իրավական տեսակետից տեղի է ունեցել կամավոր ցեսիա՝ մի պետության (տվյալ դեպքում՝ Ադրբեջան) կողմից վիճելի տարածքի նկատմամբ հավակնություններից հրաժարում՝ հօգուտ մյուս պետության (տվյալ դեպքում՝ Հայաստան): Դա նշանակում էր, որ վիճելի տարածքներն այսուհետ իրավաբանորեն մտնում են հայկական պետության տարածքի մեջ, իսկ բուն տարածքային վեճն ավարտված է:

Արցախի և հայկական մյուս տարածքների նկատմամբ հավակնություններից Ադրբեջանի իրավաբանական հրաժարումը պաշտոնապես հաստատվել է ՌՍՖՍՀ կառավարության կողմից. «Հունիսին (1921 թ.) համաձայնագիր է կնքվում (Հայաստանի կողմից) Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը ներառվում է Սովետական Հայաստանի կազմի մեջ», - նշվում էր իշխանության բարձրագույն մարմնին՝ Սովետների XI Համագումարին ուղղված ՌՍՖՍՀ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի 1920-1921 թթ. տարեկան հաշվետվության մեջ:
Ղարաբաղի ընդգրկմամբ՝ Հայաստանի տարածքային կազմը հաստատված էր նաև Ազգերի լիգայի մի շարք պաշտոնական և ծառայողական փաստաթղթերում:

Սակայն ադրբեջանական ղեկավարությունը Ազգությունների գործերով ժողովրդական կոմիսար Իոսիֆ Ստալինի աջակցությամբ կրկին բարձրացնում է Ղարաբաղի պատկանելության հարցը՝ Անդրկովկասի հանրապետությունների ներքին սահմանների որոշման շուրջ քննարկումների շրջանակներում:
1921 թ. հուլիսի 4-ին տեղի է ունենում ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի նիստը, որը կրկին որոշում է կայացնում Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի կազմում ներառելու մասին: ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի նիստը որոշում է կայացնում. «Լեռնային Ղարաբաղը ներառել Հայաստանի ԽՍՀ կազմում, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում»: Սակայն Նարիման Նարիմանովի պնդմամբ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոն համաձայնում է Ղարաբաղի հարցը վերջնական որոշման համար տեղափոխել ՌԿ(բ)Կ ԿԿ:

Այնուհանդերձ, Ղարաբաղի հարցը չփոխանցվեց ՌԿ(բ)Կ ԿԿ դիտարկմանը: 1921 թ. հուլիսի 5-ին տեղի ունեցավ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի պլենումի ևս մեկ նիստ, որին որպես ՌԿ(բ)Կ ԿԿ անդամ մասնակցում էր Իոսիֆ Ստալինը: ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոն չեղյալ է համարում նախորդ բոլոր որոշումները և կայացնում հետևյալ որոշումը. «Ելնելով մուսուլմանների ու հայերի միջև ազգային խաղաղության անհրաժեշտությունից և վերին ու ստորին Ղարաբաղի տնտեսական կապից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապից` Լեռնային Ղարաբաղը թողնել ԱԽՍՀ կազմում՝ տրամադրելով նրան լայն մարզային ինքնավարություն՝ Շուշի վարչական կենտրոնով, որը մտնում է ինքնավար մարզի կազմի մեջ»:

/*Հրապարակման մեջ հիշատակված տվյալները վերցված են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից/

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
09:00 Փողոցային ցույցերը կարո՞ղ են հեղափոխության վերաճել