copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 16:19 25-05-2023

«Հայաստան» հիմնադրամն իր փողն ուղարկում է դուրս, իսկ տնօրենը շրջագայում է Կաննում


«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը երեկ հանդիպել է հայկական պատվիրակության հետ՝ Կաննի 76-րդ կինոփառատոնի Marche du Film կինոշուկայի Հայաստանի ազգային կինոկենտրոնի տաղավարում։

Կողմերը խոսել են Կաննի փառատոնում Հայաստանի ներգրավվածության և հայկական ֆիլմի ցուցադրության կարևորության մասին։ Այսօր Ֆրանսիայի ժամանակով ժամը 21։00-ին Կաննի կինոփառատոնում կցուցադրվի «Դասականներ» բաժնում ընդգրկված Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը։



Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում կինոռեժիսոր և պրոդյուսեր Հովհաննես Գալստյանն ասել է, որ գովազդային աղմուկը, որ ուղղեկցում է Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի Կաննի Դասականներ ծրագրում ցուցադրությանը, նման է անեկդոտի այն աշակերտի հրճվանքին, որի օրագրում բոլոր առարկաներից 2 գնահատական է դրված, միայն երգեցողությունից՝ 5:

Շնորհավորում են իրար, ներկայացնում որպես աննախադեպ հաջողություն, հայ կինոյի 100-ամյակին նվիրված պետական «միջոցառումների» զարդ։

«Չիմացողներին ասեմ, որ 2014 թ․-ին նույն Կաննի Դասականներում կայացել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունը, որի թվայնացումն ու վերականգնումը իրականացրել էր Մարտին Սկորսեզեի հիմնադրամը, առանց ՀՀ պետական բյուջեից մեկ լումա անգամ ստանալու։

Ես չեմ հիշում, որ իշխանությունը դա որպես հայկական կինոյի փառահեղ հաղթանակ ներկայացներ։ Կաննի Դասականներ բաժնում ֆիլմ ունենալը, իհարկե, պատիվ է, բայց այդ պատվի հասցեատերը Ֆրունզե Դովլաթյանն է, Խորհրդային Հայաստանը և ինքը Կաննը»,- ասել է կինոռեժիսորը։



Գալստյանը նշում է, որ ֆիլմը ստեղծվել է Խորհրդային Հայաստանում, Կաննում ներկայացվել է ԽՍՀՄ Պետկինոյի շնորհիվ ու կինոյի այսօրվա «կառավարիչները» ոչ մասնակցություն են ունեցել, ոչ էլ դափնիները վերցնելու իրավունք ունեն։

Ժամանակակից հայ խաղարկային կինոյի չգոյությունը արդարացնելու, սեփական կինոն ստեղծելու անկարողությունը կոծկելու չստացված փորձ է այս աղմուկը, վաթսուն տարի առաջ Դովլաթյանի փառահեղ հաղթանակին քսվելու անշնորհք գործողություն։

«Ամեն տարի ՀՀ ԿԳՄՍՆ ահռելի միջոցներ է վատնում պետական պատվիրակություններ Բեռլին, Կանն, հազար ու մի այլ շուկաներ ուղարկելու վրա։ Արդյունքը՝ դատարկություն, ոչ խոշոր փառատոնների մրցույթում, ոչ էլ շուկայում ժամանակակից հայկական խաղարկային կինոն չկա։ Սա է պատճառը, որ փորձում են վերցնել Դովլաթյանի դափնիները։ Հայաստան Համահայկական հիմնադրամը գումարներ է ներդրել հայկական կինոյի մեջ։ Սա ինքնին ուրախացնող փաստ է»,- ասաց Գալստյանը։



Կինոռեժիսորի խոսքով՝ մտահոգիչն այն է, որ այդ գումարները ամբողջությամբ, կամ դրանց մեծ մասը, դուրս են եկել Հայաստանից ու ծախսվել են արտերկրում։ Եթե նախկին իշխանությունների օրոք հայ դասական ֆիլմը թվայնացնում էին դրսի գումարներով, ապա հիմա արվում է հակառակը՝ հիմնադրամի գումարներն են վատնվում դրսում։

Ըստ պաշտոնական հրապարակումների՝ հիմնադրամը աջակցել է ֆիլմի թվայնացմանն ու վերականգնմանը, իսկ այդ աշխատանքները իրականացվել են Լիտվայում։ «Այստեղ պարզաբանումների խնդիր կա։ Արդյո՞ք հիմնադրամի դոնորները՝ մենք բոլորս, որ աջակցում ենք հիմնադրամին, համաձայն ենք, որ մեր գումարներն ուղղվեն Հայաստանից դուրս։ Այն դեպքում, երբ գոնե ես քաջ տեղյակ եմ, որ Հայաստանում կան ֆիլմերի թվայնացման և վերականգնման մասնագետներ։

Ինչո՞ւ հայ մասնագետները չեն վերականգնել հայ դասականի ֆիլմը։ Սա հարց է, որին պետք է հստակ պատասխան տրվի։ ՀՀ ԿԳՄՍՆ նաև պետք է պատասխանի այն հարցին, թե ինչո՞ւ են ՀՀ պետական բյուջեից տասնյակ միլիոնավոր դրամներ ուղղվում օտարերկրյա քաղաքացի ռեժիսորների, պրոդյուսերների ֆիլմերի ֆինանսավորմանը։



Ո՞վ է նրանց ասել, որ ՀՀ հարկատուն ցանկանում է իր գումարներով աջակցել օտարերկրյա մասնագետներին, երբ ՀՀ պետական բյուջեն նախատեսված է Հայաստանյան ժամանակակից կինոարվեստի զարգացման համար»,- ասել է Գալստյանը։

Գալստյանը զրույցը սահմանափակեց, ասելով, որ հայկական ժամանակակից խաղարկային կինոյի այս ողբերգական ամայության ֆոնին հպարտանալ լիտվացի մասնագետների կողմից թվայնացված Խորհրդային Հայստանում նկարած ֆիլմի Կաննում ցուցադրությամբ, սա հիրավի նեղմտության, ժամանակակից կինոյից անհուսալի հետամնացության արդյունք է։

Աննա Սրապիոնյան