Երևան +9°
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 16:12 23-05-2023

Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Երեկ՝ մայիսի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որում վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում։ ՀՀ վարչապետի հայտարարությունը խիստ վրդովմունք է առաջ բերել հանրության շրջանում, և զայրույթ է առաջացրել հատկապես Արցախում։

Նույն օրը երեկոյան ԱՀ Խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ և ընդունել հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում էր․ «Նիկոլ Փաշինյանն իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին․ առանձնապես՝ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ․ հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ ՀՀ համար անընդունելի պետք է համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ․ դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։

Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։

Արցախը երբեք չի հրաժարվելու պայքարի իր անշեղ ուղուց»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեռևս չի արձագանքել Փաշինյանի հայտարարություններին, բայց նրա խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, որ Արայիկ Հարությունյանն այսօր հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով:

Սակայն Փաշինյանի ելույթին արդեն արձագանքել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը՝ հանդես գալով համատեղ հայտարարությամբ․ «Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ են եղել Արցախի պետականությունը կասկածի տակ դնելու ՀՀ իշխանությունների անհասկանալի քայլերը: Մեզ հասանելի խողովակներով փորձել ենք զգուշացնել նման վարքագծի կործանարար հետևանքների մասին: Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան: Արցախը չի ընդունել և չի ընդունելու այն մոտեցումները, որոնք այսօր ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից և, ինչպես նախկինում է պայքարել, այնպես էլ հիմա, բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է իր հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի համար»։

Հայտարարություն է տարածել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. «Եղել և հաստատապես շարունակում եմ լինել Արցախի իմ քույրերի ու եղբայրների կողքին՝ հավատարիմ իմ մարտական ընկերների շիրիմների առջև տված երդմանս՝ կիսատ չթողնել համատեղ սկսած գործը: Խոսքերից զատ, այսօր, առավել քան երբևէ, կարևոր են քայլերը, գործերը և համախմբվածությունը՝ անկախ ամենատարբեր տարաձայնություններից ու ամբիցիաներից, որոնք ոչինչ են մեր ժողովրդի գլխին կախված արհավիրքի կողքին»,- նշել է իր խոսքում։

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ բայց պատասխանելով ոչ թե Փաշինյանին, այլ Արցախի ԱԺ պատգամավորներին․ «Արցախի ԱԺ խորհրդարանական մեծամասնությանը.

Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով:

Արցախի ԱԺ-ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին: Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը: Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության:

Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»,-գրել է Քոչարյանը:

Նշենք, որ Փաշինյանի հայտարարություններին դեռևս չի արձագանքել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն դատելով նախորդ օրը նրա տարածած հողորդագրությունից՝ զոհված զինծառայողի մոր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին, կարելի է ենթադրել, որ նա հետևում է իրադարձությունների ընթացքին և տեղյակ է նաև Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններին։

Հիշեցնենք, որ երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս՝ ավելի հստակեցնելով, թե ինչ նկատի ունի Երևանը, երբ խոսում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի մետր տարածքային ամբողջականության մասին։ Միաժամանակ, սակայն, ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջոցով։